Ճամփորդությունը ոչ միայն հորիզոններ ընդլայնելու միջոց է, այլ նաև ինքնաճանաչման ուղի։ Արսեն Գասպարյանի մանկության տարիների ամենամեծ երազանքն օդաչու դառնալն էր: Թեև կյանքը նրան այլ ճանապարհով տարավ, բայց նա գտավ երկնքին ու օդանավերին մոտ լինելու իր տարբերակը՝ սկսեց ճամփորդել։ Օդանավերը դարձան ոչ թե նպատակ, այլ ճանապարհ դեպի նոր երկրներ, մշակույթներ և բացահայտումներ։

Արսենը սովորել է ԵՊՏՀ համալասարանի ֆինանսների ֆակուլտետում, բայց դեռ չի աշխատել իր մասնագիտությամբ։ Նրա խոսքով՝ ճանապարհին հանդիպող դժվարությունները սովորեցնում են լինել ավելի ինքնուրույն, ճկուն և համարձակ։ Ճամփորդությունները նաև օգնել են նրան վերաիմաստավորել իր նպատակներն ու կյանքի առաջնահերթությունները։ Այսօր նա փորձում է ոգեշնչել նաև ուրիշներին՝ ցույց տալով, որ աշխարհը բացահայտելու համար երբեմն պետք է պարզապես հաղթահարել սեփական վախերը և առաջին քայլն անել։



