Այսօրը

Այսօր | Քանյե Ուեսթ՝ 21-րդ դարի ամենախելահեղ հիփ-հոփ արտիստը

Գրեմմիի 57 անվանակարգում նոմինացվելով՝ Ուեսթը հաղթել է 21-ում։ Նա բոլոր ժամանակների ամենաշատ անվանակարգերում հաղթողն է, և իր տարիքի հիփ-հոփ արտիստների շրջանում բոլոր ժամանակների ռեկորդակիրը:

Արտիստ, որը հեղափոխեց ոչ միայն երաժշտական ինդուստրիան, այլև՝ նորաձևության։ Քանյեի համար չկան սահմաններ։ Նա պատրաստ է ամեն ինչի՝ իր խելահեղ մտքերն իրագործելու համար. հենց սա է նրա յուրահատկությունը։ Նա է ստեղծում, գծագրում  ու հաշվարկում ամեն դետալ, Քանյեն հավաքել է թիմ, որն իրագործում է նրա մտքերը, այլ ոչ թե ստեղծում արտիստի փոխարեն։

Նրա ամեն ալբոմ պատմում է իր կյանքի որևէ էտապի մասին։ Ու ասում են, եթե որևէ կերպ ջղայնացրել ես Ուեսթին, ուրեմն քո մասին ուղերձ կգտնես իր երգերում։

Քանյե Ուեսթը ծնվել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Ռեյ Ուեսթը՝ հայրը, եղել է Ամերիկայի առաջին աֆրոամերիկացի ֆոտոլրագրողներից մեկը, մայրը՝  անգլերենի ուսուցչուհի։

5 տարեկանից Ուեսթը սկսել է ստեղծագործել, իսկ 13 տարեկանում արդեն իր  երաժշտությունը վաճառել է։

Սկզբում նա կենտրոնացավ այլ արտիստների համար ստեղծագործելու վրա։ Նրա երգերը կատարել են Բեյոնսեն, Թալիբ Քվելին, Ջանեթ Ջեքսոնը, Ալիշա Քեյսը և շատ այլ հայտնի արտիստեր։

Հաջողված պրոդյուսերի և ռեժիսորի համար կարծես խնդիր չպետք է լիներ սեփական երաժշտական կարիերայի սկիզբը, բայց արի ու տես՝ ինչպես բոլոր հանճարները, այնպես էլ Ուեսթը, սկզբից անտեված էր։

Ամեն ինչ փոխեց ողբերգական դեպքը։ 2003 թվականին Ուեսթը ավտովթարի ենթարկվեց, որի ժամանակ նա լրջորեն վնասեց ծնոտը։ Երկու շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Այս միջադեպը ոգեշնչեց Քանյեին գրել «Through the Wire» երգը, որը դարձավ նրա դեբյուտային «The College Dropout» ալբոմի հիմքը։

Հավաքածուն անմիջապես զբաղեցրեց երկրորդ տեղը Billboard 200-ում և մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց կես միլիոն օրինակով։ Սառույցը կոտրվեց, և այդ պահից սկսած Քանյեի բոլոր հետագա ալբոմները դարձան անմրցելի։ Նրա օրիգինալ լուծումները, ոճերի ու ժանրերի անսպասելի խառնուրդները բարձր գնահատվեցին հեղինակավոր երաժշտական ​​քննադատների կողմից:

Ուեսթը ոգեշնչված էր Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Դեյվիդ Բոուիի և համաշխարհային երաժշտության այլ լեգենդների գործերով։ Նրա ալբոմները ներառվել են բոլոր ժամանակների ոսկե ցուցակում՝ ըստ Rolling Stone ամսագրի։ Քանյեն Forbes-ի կողմից մի քանի անգամ դասվել է ամենահարուստների և ամենահայտնիների շարքերում և երկու անգամ դարձել մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

Բացի իր երաժշտական ​​գործունեությունից, Քանյեն հայտնի է որպես դիզայներ։ Նա համագործակցել է այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Nike-ը, Louis Vuitton-ը և Adidas-ը: 2012 թվականին ստեղծեց հագուստի և կոշիկի սեփական ապրանքնիշը։ Ուեսթը նաև DONDA ստեղծագործական գործակալության սեփականատերն է, որն անվանվել է իր մահացած մոր անունով նաև GOOD Music ձայնագրման լեյբլի հիմնադիրը։

2002 թվականին նա սկսեց հանդիպել նորաձևության դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։ Ուեսթը երկու տարի հարաբերությունների մեջ է եղել մոդել Էմբեր Ռոուզի հետ։

2012թվակաինից սկսեց հանրության առաջ հայտնվել հանրահայտ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Մինչ այդ նրանք միմյանց ճանաչում էին մոտ հինգ տարի։ Իրենց կապը հանրայնացնելուց հետո, մեկ տարի էլ չանցած Քանյեն Քիմին ամուսնության առաջարկ արեց։ Քանյեն և Քիմը ունեցան չորս երեխա։ Անցյալ տարի Քիմը ամուսնալուծվելու համար դիմեց դատարան։ 2022թ-ի մարտին զույգն արդեն օրենքով ամուսնալուծվեց։

Թե հետագայում ինչպես կզարմացնի Քանյեն իր երկրպագուներին, ոչ ոք չգիտի։ Բոլորը սիրում են նրան հենց իր անկանխատեսելիության համար։

Մելանյա Համբարձումյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button