Ստարտափ Հայաստան

Ձեռագործ աքսեսուարներ՝ հայկական ավանդական զարդանախշերով։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երևանցիներն ասում են, որ քաղաքի ցուրտ հատվածը Մասիվն է։ Ես այլևս այդպես չեմ կարծում, քանի որ հենց այնտեղ է մի հայ ընտանիքի բնակարան, ուր ոտք դնելու առաջին րոպեից անսպասելի ջերմանում ես ու սիրով լցվում։

Անահիտ Հարությունյանը «Ծիրանէ» ապրանքանիշի համահիմնադիրներից է։ Մեր զրույցի ընթացքում Անահիտը որոշեց՝ պետք է ինչ-որ զարդ պատրաստել ու հընթացս պատմել, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։

Մենք տեղավորվել էինք տան մի հատվածում, որտեղ ամուսինները փոքրիկ արտադրամաս են պատրաստել։ Աշխատանքային սեղանը ժամերով կարելի էր ուսումնասիրել։ Կոմիտասի, Դուշման Վարդանի նկարների կողքին Գահերի խաղը սերիալից նկար էր, իսկ պահարանում Նժդեհի լուսանկարներն էին, որոնցից շատերը ես առաջին անգամ էի տեսնում։ Զարմանալի չէր․ Անահիտը Նժդեհի հանդեպ հատուկ վերաբերմունք ու սեր ունի։  Տեղ-տեղ ծեփոնից պատրաստած գունավոր կերպարները կոտրում էին լրջությունը, Էդմոնի ձեռքի գործն է, ասում է Անահիտն ու ջերմորեն ժպտում, սիրում է ծեփոնից տարբեր բաներ պատրաստել։

Սեղանի վրա՝ բաժակների մեջ, դրված են բազմաթիվ անհասկանալի գործիքներ, առաջին հայացքից դու գիտես, թե մոտավորապես դրանով ինչ կարելի է անել, հետո Անահիտն սկսում է աշխատել, պարզվում է, որ վերջիվերջո պետք է ուսումնասիրել, հարցնել, սովորել, թե ինչը ինչի համար է նախատեսված, հենց այդպես է արել Անահիտը։

Անահիտի պատրաստած աքսեսուարների տեսքը տարբերվում է իր հայկականությամբ։ Դրանց վրա չկա նուռ, եռագույն, ծիրան կամ էլ դուդուկ։ Փոխարենը իրերի վրա նկարում է հայկական զարդանախշերն ու ժայռապատկերներ, որոնք յուրահատուկ տեսք ու իմաստ են տալիս զարդերին։ Առաջին հայացքից  ոչ մասնագետը դժվար թե հասկանա, որ դրանք հայկական են, բայց այս միջոցով Անահիտը փորձում է ծանոթացնել հայակականի ու հայի այդ կողմին։

Գունազարդման ընթացքը աշխատանքում Անահիտի սիրելի հատվածն է։ Վերջերս սկսել է վառ գույներ օգտագործել, իսկ սովորաբար սիրում է արծաթագույնը։ Աշխատանքը բաժանված է ամուսինների մեջ։ Մեկը կոշտ ախատանքն է կատարում, մյուսը Անահիտն է։ Գունազարդում է։ Հագուստի, պայուսակների, անձնագրի պատյանների վրա Անահիտն է գործում։ Ինքնուս է։ Սեղանի վրայի գրքերից մեկում բազմաթիվ գեղեցիկ զարդանախշեր էին, որոնք հերթով հայտնվելու էին իրերի վրա։ Մինչ ներկերի բույրը կտարածվեր սենյակում, Անահիտն ընտրում է ներկի գույնը, վերցնում ամենաբարակ վրձինն ու սկսում գունազարդել թևնոցը, ընթացքում էլ պատմում, թե ինչպես են կարողանում բիզնեսում ֆինանսական հարցերը խելամիտ կարգավորել։

Անահիտն ու ես զգուշությամբ ենք խոսում։ Փորձում ենք ավելորդ ձայներ չհանել, որ նրա փոքր զավակը՝ Արեգը, հանկարծ չաթնանա։ Ընթացքում գրեթե մոռացել էինք դրա մասին ու ոգևորված բարձրաձայն ենք խոսում։ Արեգն արթնացավ, բայց հարիկը տանն էր, հանգիստ շարունակեցինք մեր զրույցը։

Ամուսինները գոհ են իրենց բիզնեսից։ Ֆինանսական հանգստություն ունեն։ Անահիտը փաստում է, որ ցակության դեպքում էլ դժվար կստացվի այլ գորոծվ զբաղվելը, սա արդեն իրենց առօրյայի մի մասն է դարձել։ Երևանի՝ ժողովրդի ասած «ամենացուրտ» թաղամասերից մեկում է ապրում Անահիտի ընտանիքը։ Զանգվածն այլևս ջերմ թաղամաս է։ «Ծիրանէն» յուրահատուկ ջերմությամբ է համագործակցում Հայաստանի հետ, Հայաստանն էլ իր հերթին գրկաբաց է ընդունել նրան։

Ցուցադրել ավելի
Back to top button