Ստարտափ Հայաստան

Մեղրից ալերգիա ունեցող լեզվաբանն այսօր մեղվաբուծությամբ է զբաղվում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լեզվաբան Գայանե Սիմոնյանը մի օր արթնանում է ու որոշում, որ պետք է մեղվաբուծությամբ զբաղվի։ Քաղաքից տեղափոխվի մարզ, մեղվաընտանիքներ գնի, սկսի մեղուների լեզուն սովորել և այդպիսով բիզնես հիմնել։

Գայանեն մեղուների հետ հաղորդակցվում է առանց որևէ պաշտպանիչ իրերի՝ ձեռքերը միշտ բաց են, իհարկե, մեղուների խայթոցից չի խուսափել, բայց ասում է, որ դրանք իր բժշկուհիներն են, որ գալիս են ու ժամանակ առ ժամանակ ներարկումներ անում, այդպես բուժում մի շարք առողջական խնդիրներ։ Գայանեն մեղուների հետ հաղորդակցման ժամանակ կարծես դառնում է նրանց մեղվաընտանիքի մի մասնիկը, այդպես է երիտասարդ լեզվաբանն աշխարհից կտրվում։

Քիչ-քիչ, քայլ առ քայլ է Գայանեն թիմի հետ միասին փորձ ձեռք բերել, թվում է մտնում ես ոլորտ, մի քանի բան ուսումնասիրում և վերջ, մեղվաբույծ ես, բայց Գայանեի համար դժվարությունները շատ են եղել, ամեն ինչ սկսել է զրոյից, թե՛ ֆինանսական ներդրումների մասով, թե՛ մարդկանց տեղեկացնելու, սովորեցնելու, որ երիտասարդ աղջիկ լինելը խոչընդոտ չէ մեղվապահությամբ զբաղվելու համար։

BEELIFE ընկերությունը զբաղվում է նաև մեղվազբոսաշրջությամբ՝ ք. Սպիտակում։ Բացի այդ արտադրում են մեղվամթերքներ ` մեղր, ակնամոմ, ծաղկախյուս, մայրակաթ, մեղրամոմից մոմեր, մատուցում են ապիթերապիայի ծառայություն` փեթակի օդով բնական ինհալացիաներ անմիջապես մեղվանոցում, սա նորություն է Հայաստանում։

Բիզնես ներդրումների մասին խոսող ամենացայտուն օրինակը Գայանեի սրճեփն է, որը տեղադրված է արտադրամասի ամենաերևացող տեղում։ Գայանեն միշտ հպարտությամբ է ներկայացնում սրճեփը, այն պատմություն ունի, ճանապարհ է անցել ամբողջ թիմի հետ։

Գայանեն հաճախ է համեմատականներ տանում մեղուների ու մարդկանց միջև, փաստում է, որ մեղուներից շատ բան կա սովորելու, նրանց պետք է լավ պահենք, որ մենք էլ լավ ապրենք, ասում է Գայանեն ու բոլորին հրավիրում Սպիտակում գտնվող իր մեղվանոց՝  ծանոթանալու ու մոտիկից շփվելու մեղվաընտանիքների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button