Իմ օրինակը

Սյուզաննա Թեյմուրազյանի օրինակը

Սյուզաննան Թեյմուրազյանը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով մեկուկես տարի առաջ է Երևանից գործուղվել։ Հիշում է, երբ առաջին անգամ մտավ դպրոց, թե ուսուցչական անձնակազմը,  թե աշակերտները զարմանքով էին նայում ֆիզկուլտուրայի աղջիկ ուսուցչին։ Ինքն էլ սկզբում մտավախություն ուներ, որ գուցե դժվար լինի ինտեգրվել միջավայրին կամ չհասկանա բարբառը, բայց դրանք փոքրիկ դժվարություններ էին, որոնք փուլ առ փուլ հաղթահարեց։ Պատմում է՝ երբ ինքն էր դպրոցում սովորում, այդքան էլ չէր սիրում ֆիզկուլտուրան։  Հիմա, երբ ինքն է դասավանդում, փորձում է տարբեր հնարքներով հետաքրքիր անցկացնել դասերը։

Ակնաղբյուրի փոքրիկ դպրոցն ունի 30 աշակերտ, յուրաքանչյուր դասարնում 4-8 երեխա է սովորում։

Ակնաղբյուրում խմբակները գրեթե չկան,– ասում է Սյուզաննան և հավելում՝ այդ էր պատճառը, որ անցած տարվա մարտից որոշեց սպորտային պարերի խմբակ ստեղծել։ Ամռան ամիսներին շատերն էին գալիս, բայց, ցավոք, հիմա դահլիճը չի ջեռուցվում, և ստիպված են դադարեցնել պարի դասերը։ Ինքը սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ է և ուրախությամբ է նկատում՝ երեխաները ոգևորությամբ են այցելում դասերին, մեծ պոտենցիալ ունեն։ Մինչև եղանակները կտաքանան, Սյուզաննան ձեռքերը ծալած չի նստի, հիմա էլ  թատերական խմբակ է բացել երեխաների համար։

Մասնագիտությամբ կինեզիստ Սյուզաննան Ֆիզիզկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է ավարտել, այժմ դասավանդմանը զուգահեռ մագիստրատուրայում է շարունակում ուսումը։ Մանակավարժական առաջին փորձը նոր հնարավորությունների ու ինքնաբացահայտման շրջան է դարձել։  Աշխատում է չթերանալ ո՛չ դասավանդման, և ո՛չ էլ  ուսման մեջ։

«Արտադրական մարմնամարզությունը որպես աշխատակիցների աշխատունակության բարձրացման միջոց» զեկույցով Սյուզաննան հաջողությամբ հանդես է եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ 2021» համաժողովում։

Ակնաղբյուր համայնքի բնակիչներից մեկի տանն է ապրում, ասում է՝ հարազատ թոռնիկի պես են վերաբերվում իրեն և ընդհանրապես՝ գյուղում և դպրոցում ջերմության պակաս չի զգում․ բոլորը սիրալիր ու հոգատար են։ Սյուզաննան մայիսին կավարտի դասավանդումը։ Վստահ է՝ որևէ բան փոխելու համար պետք է սկսել կրթությունից, սիրելով ու աջակցելով միմյանց կարող ենք օգնել, որ յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողության հասնի։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button