Իմ օրինակը

Միքայել Նազարենկոյի օրինակը

Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն պատերազմական յուրաքանչյուր օրվա մասին խոսում է մեկ լուսանկարով։ «1080 ժամ» է անվանել նախագիծը, որով երիտասարդ լուսանկարիչը պատմում է կռվի ոչ թե կատաղի, այլ խաղաղ պահերի մասին։
«Չհանձնվող զինվորը՝ ռմբակոծված հարթավայրում կապերը սպասարկելիս», «Ճանապարհի դեպի․․․․», «Պահմտոցի»․ ահա նման վերնագրերով է Միքայելը նկարագրել յուրքանչյուր լուսանկար։ Ասում է՝ դրանցից և ոչ մեկը չի կարող առաձնացնել, քանի որ ամեն մի կադրի հետեվում մի ամբողջ պատմություն է խտացված։

Լուսանկարը՝ «Ալամեզոն»–ի ֆեյսբուքյան էջից

«1080 ժամ» ֆոտոնախագիծը սեպտեմբերի 27–ին ցուցադրվեց Նկարինչների միությունում։ Միքայելը պատմում է, որ սկզբում մտածում էր` դեռ պատրաստ չէ լուսանկարներն ու 6 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանել էր պատերազմի ընթացքում և դրանից հետո, ներկայացնել հանդիսատեսին, բայց հասկացավ՝ ժամանակն է խոսել այն խաղաղ ակնթարթների մասին, որոնք մեկ լուսանկարով պատմության են վերածվել։ 1080 ժամը ոչ թե 44, այլ 45 օր է։ Միքայելն ասում է՝ պատերազմի 44–րդ օրը ոչ բոլորն են անմիջապես իմացել, որ կռիվն ավատվել է, այդ իսկ պատճառով ֆոտոնախագիծը պայմանականորեն այդպես է անվանել։

Միքայելը՝ «1080 ժամ» ցուցահանդեսի բացմանը

Հայ–ռուսական համալսարանում է սովորում Միքայելը, բայց շուտով ուսումը կշարունակի Ռուսաստանի համալսարաններից մեկի կինոռեժիսուրայի բաժնում։ Նպատակը մեկն է՝ զարգացնել մասնագիտական հմտություններն ու նոր գաղափարներով, գիտելիքներով զինված աշխարհին պատմել հայկական հարուստ մշակույթի մասին։ «1080 ժամ»–ը նրա 3–րդ ցուցահանդեսն էր։ Անկեղծանում է՝ լուսանկարչությունն իր կյանքում մեծ տեղ ունի, ֆոտոխցիկը դեռ մանկուց ձեռքից չի գցել։

Լուսանկարը՝ Միքայելի ֆեյսբուքյան էջից

Միքայելը համոզված է՝ ցանկացած երևույթ, անգամ պատերազմը կարող է ունենալ լուռ ու խաղաղ կողմեր։ Եթե շատ ժամանակ ունենար ավելի շատ կնկարեր, քանի որ իր տեսածն ու զգացածն ավելին էին, քան մեկ լուսանկարը։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button