Իմ օրինակը

Միրաբ Բաբայանի օրինակը

Արցախյան 44–օրյա պատերազմի 2–րդ օրը Ուկրաինայից  Հայաստան եկած Միրաբ Բաբայանը մի քանի ամիս է, ինչ ընկերների հետ ստեղծել է «Մշակութամետ»  նախաձեռնությունը։ Ամեն շաբաթ այցելում են սահմանամերձ համայնքներ, ազգային երգ ու պարի, դաշնամուրի, կիթառի, դհոլի և 16 այլ ուղղություններով դասընթացներ անցկացնում։ Ասում է՝ գյուղերում կյանքն այնպես չի զարգանում, ինչպես քաղաքում, բայց չէ որ այնտեղ ապրող երեխաների համար ևս պետք է հնարավորություններ ստեղծել իրենց հմտություններն արվեստի, արհեստի տարբեր ճյուղերում զարգացնելու, կատարելագործելու համար։

Լուսանկարը՝ «Մշակութամետ»–ի ֆեյսբուքյան էջից

Մասնագիտությամբ ալտահեր է Միրաբը, ծնվել, մեծացել է Ոկրաինայում։ Պատմում է, որ Հայաստանում ապրելու ցանկություն միշտ է ունեցել, բայց մտածել է, երբ հայտնի երաժիշտ դառնա նոր կվերադառնա։ Սակայն ամեն ինչ պլանավորածից արագ է ստացվել։ 2020թվականի սեպտեմբերի 28–ին արդեն Հայաստանում էր: ՈՄԱ–ի գումարտակի հետ գնում է ռազմաճակատ։ Հենց այդ օրերին էլ մարտական ընկերները սովորեցրել են ազգային երգ ու պար։
Պատերազմից հետո պետք էր շուտ ոտքի կանգնել, մի քանի գաղափարակիցներով հավաքվեցին ու որոշեցին անել ամեն բան սահմանապահ գյուղերում ապրող մարդկանց կյանքի որակը փոխելու համար։  «Մշակութամետ»–ի խմբով առաջինն այցելել են Տավուշի մարզի Այգեձոր ու Չինարի գյուղեր, իրենց ծրագրերը ներկայացրել ծնողներին ու երեխաներին։

Միրաբը պատում է, որ սկզբից մտածում էին ամիսը 1–2 անգամ այցելել գյուղեր, բայց հետո հասկացան, որ ամեն շաբաթ պետք է գնան։ Այսօր արդեն 50–ից ավելի կամավոր ունեն, որոնք ամեն շաբաթ գյուղերում դասեր են անցկացնում։ «Մշակութամետ»–ին միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, բարեգործական ներկայացումներ ունեցել Տավուշի մարզի ութ գյուղերում ու Դիլիջանում։ Հիմա մտածում են Սյունիք ու Գեղարքունիք էլ գնալ։

Վարդան Պետրոսյան

Միրաբի երազանքներից մեկը սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելն է, որի մեջ կլինեն մարզերի երաժիշտները, չէ, ամենևին չի ցանկանում նեղացնել երևանցի երաժիշտներին, պարզապես կարծում է, որ նրանք աճելու շատ հնարավորություններ ունեն։

Բոլորիս ուշադրության կենտրունում պետք է լինեն մարզերը, –ասում է Միրաբն ու հավելում, որ շատերը մտածում են, թե ամեն հարց փողով կարելի է լուծել, բայց օրինակ, եթե մեկն առաջին բուժօգնության մասնագետ է, ապա կարող է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել մյուսներին։ Պետք է օգնենք մեր հայրենակիցներին՝ առանց սպասելու, որ նրանք մեզնից օգնություն խնդրեն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button