Երիտասարդ համալրում

ԱֆրոՀայաստան․ Յոնջլախից Յոհանեսբուրգ

Էլիզա Մխիթարյան

Միախառնվել են սևամորթիս արյունը կարմիր
և սպիտակամորթիդ կարմիր արյունը,
մենք ընկերացանք․
ամենալավ ընկերն է սևը։

Յոնջլախից Յոզի՝ տեղացիները այդպես են անվանում Յոհանեսբուրգը: Հարավ Աֆրիկյան հանրապետությունում ապրող Արթուր Խաչատրյանը պատմում է իր և շուրջ 200 մեր հայրենակիցների աֆրիկյան կյանքի մասին:

-Հարավ Աֆրիկյան Հանրապետություն տեղափոխվել եմ կնոջս հետ 2007 թվականին։ Այստեղ ունենք մոտ 250 հայեր, ովքեր աշխատում են տարբեր բնագավառներում՝ ադամանդի և ոսկու առևտրի մեջ,  զբաղվում են կահույքագործությամբ և այլն։ Իհարկե շատերս ուզում ենք վերադառնալ Հայաստան և մեր ապագան պատկերացնում ենք մեր երկրում։

7 տարի առաջ Իզաբելա Խանզրատյանը, որոշեց, որ մեր երկրի առաջին աֆրիկագետն է լինելու: Հիմա գիտական թեզի վրա է աշխատում, համաձայն որի Արթուր Խաչատրյանն ու աֆրիկայում վաստակող մեր հայրենակիցները իրենց կահույքի, ադամանդի, ոսկու և այլ բիզնեսներով աշխարհաքաղաքական գերհզորների մրցակցության կիզակետում են հայտնվել: Աֆրիկյան ռեսուրսը կա, հայկական տեխնոմիտքը նույնպես, պետական հստակ մոտեցման արդյունքում մեր երկիրը աֆրիկայի համար ընթացող մրցավազքում կարող է շատ ավելի մեծ օգուտներ քաղել:  

-Աֆրիկյան միություն – Հայաստան կապը տեսնում եմ շատ խոստումնալից, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամն ինժեներական քաղաքի կոնցեպտը ներդնելու է Եթովպիայում, արդեն իսկ համաձայնագիրը ստորագրված է։ Իրականում 7 տարի առաջ մարդիկ տարօրինակ էին վերաբերվում մասնագիտությանս ընտրությանը, բայց հիմա տեսնում եմ, որ որ աճել է հետաքրքրությունը աֆրիկյան երկրների նկատմամբ։ Ինքս շատ ուզում եմ լինել աֆրիկյան տարբեր երկրներում, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ինձ տալու ինչ-որ բան ունի, առհասարակ ինքս ուզում եմ հիմնել աֆրիկյան մշակութային կենտրոն Հայաստանում ՝ էլ ավելի ամրապնդելու երկու մշակույթների միջև առկա կապը,- պատմում է Իզաբելլան։

Ես գնում եմ կանանց,
ես վաճառում եմ դուստրերին,
ապրում եմ թշվառ հյուղակում,
կրակ եմ ստանում քարերից,
ես ճաշ եմ եփում կոշտ կավե սափորում,
անհաղորդ եմ քաղաքավարությանը
և դա ամենևինչ էլ իմ մեղքը չէ։

Վանիկ Իսսիբոր Մինասի հայրը հայ է, մայրը Նիգերիայից: Վանիկն իրեն բնիկ երևանցի է համարում, բայց աֆիրկայում էլ օտար չէ: Նա այն մարդն է, ով հսկայական մայրացամաքը բացեց ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի առաջ: Վանիկը աֆրիկյան յանդեքսի հայրն է:

-Հայաստանն իմ տունն է, Երևանն իմ օջախն է։ Իմ անունը ի պատիվ պապիս է դրվել՝ Վանիկի, հայրս հայ է, մայրս՝ Նիգերիայից։ Ես աշխատում եմ Յանդեքս ընկերությունում և մենք մեկնում ենք տարբեր երկրներ՝ յանդեքս տաքսիների համակարգը այնտեղ ներդնելու համար։ Աֆրիկական 3 պետություններում ունենք արդեն Յանդեքս տաքսիներ և դա ի շնորհիվ այն բանի, որ պայմանագիրը կնքելիս հակառակ կողմում մի հավատացյալ կին էր, ում ես պատմեցի Հայաստանի, հայական եկեղեցիների, հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգի և նույնիսկ Ավարայրի ճակատամարտի մասին, որ մենք զոհվել ենք հանուն հավատի և նա առանց որևէ բանակցության միանգամից ստորագրեց պայմանագիրը և ցանկություն հայտնեց Հայաստան գալու։ Առհասարակ ես կարծում եմ, որ այն աֆրիկական երկրների հետ հարկավոր է հաստատել դիվանագիտական հարաբերություններ և սերտ կերպով  ամրապնդել կապը երկու մշակույթների միջև։

Գուրգեն Մուրադյանը Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ է: Չնայաց Աֆրիկյան մայրցամաքը նրա ակադեմիական հետաքրքրություններից է, նա էլ հստակ չի կարողանում գնահատական տալ, թե որտեղ է կորել   գաղութային և նեոգաղութային քաղաքականությունների միջև ընկած սահմանը։

-Այսօր ընթացող նեոգաղութացման գործընթացներում գերտերություններ ԱՄՆ և Չինաստանը վարում են տարբեր քաղաքականություններ։ Ֆրանսիան իր հերթին նախկին աֆրիկական 14 գաղութների հետ վարում է առանձնահատուկ քաղաքականություն նրանցից յուրաքանչյուրի համար։ Աֆրիկական պետություններում վերջերս հարցում է անցկացվել և բնակչության 70 % -ից ավելին դրական է գնահատել գերտերությունների, մասնավորապես Չինաստանի ունեցած ազդեցությունն իրենց երկրների, սոցիալական վիճակի բարելավման վրա,- նշում է Գուրգենը։

Մարդը թռիչքն է գիտակցության
Մարդն արիություն է և պատիվ,
ես սև եմ ու շատերից ավելի ազնիվ,
և մնացածից անխելք չեմ
և մարքրամաքուր է սևմորթ հոգիս։

Աֆրիկա մայրցամաքի երկրների համախառ արտաքին պարքը շուրջ 300 միլարդ դոլար է, Աֆրիկայում գործող օտարերկրյա ընկերությունները տարեկան ահռելի շահույթ են ունենում։ Մայրցամաքի բնական պաշարների 60-100 %` ըստ տվյալ երկրի վիճակագրության, աֆրիկացիներին չի պատկանում և Աֆրիկան շարունակում է մնալ աշխարհի ամենաէժան աշխատուժով տարածաշրջանը: 

Աշխարհում էժան ու արտագաղթող աշխատուժով մի երկիր էլ կա, որտեղ ընդերքը կրկին հիմնականում օտարներն են շահագործում: Երկրինը չէ նաև ենթակառուցքվածը՝ ջրագծերը, էլեկտրակայանները, կապը, գազատարները: Այդ երկրրի մեկ շնչին ընկնող համախառան ներքին արդյունքը համադրելի է Սվազիլենդի, Անգոլայի, Նաբիբիայի և այլ աֆրիկյան երկրների հետ:  կռահենք երկիրը․․․․

կիսի’ր ազատությունը իմ ու քո միջև,
ինձ բավական է կեսը։

Հետգրություն․ Օգտագործված բանաստեղծությունը՝ Մալիացի բանաստեղծ Մամադու տրաուրե Ռեյ Օտրայի
Գեղարվեստական թարգմանությունը ՝ Մարգարետ Ասլանյանի:
Բնօրինակում Սև բառի փոխարեն կիրառված է Նեգր բառը,որից մենք եթերում խուսափել ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button