Երիտասարդ համալրում

Փափուկ յաթաղան. թուրքական սերիալների հայ սիրահարները

Անի Նահապետյան

Աննան բնակվում  է  Յուժնո-Սախալինսկում: Վերջին անգամ Հայաստանում տարիներ առաջ է եղել:  Ծանոթացել ենք պատահական: Նա թուրքերեն սովորել է թուրքական սերիալներ դիտելով: Աննան, իմանալով, որ թուրքերենի մասնագետ եմ, խնդրեց հետը մի քիչ թուրքերեն խոսել, ասաց՝ շատ է կարոտել լեզուն. սկսեցինք խոսել թուրքերեն: Աննան պատմեց նաև, թե ինչու է սովորել թուրքերեն. « Սերիալները սկզբում թարգմանված ենք նայում, հետո, երբ արդեն նորերն են դուրս գալիս, էլ չենք կարողանում սպասել, սկսում ենք նայել ենթագրերով. դա շատ հեշտ միջոց է լեզուն սովորելու համար»,- ասում է Աննան:

«Ցավոք, թուրքական սերիալներ դիտելուց հետո, շատերը ցանկանում են սովորել նրանց լեզուն, այցելել նրանց երկիր», — պատմում է Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Գայանե Մարգարյանը: Նրան սերիալներով թուրքերեն սովորած Աննայի պատմությունը ամենևին չի զարմացնում: Ասում է. «Երնեկ չէր բոլորն այդպես սովորեին, թե չէ ինձ են խնդրում թարգմանել»:

 «Ես գիտեմ մարդկանց, որոնք չեն տիրապետում լեզվին, բայց սերիալները դիտում են թուրքերենով, միայն թե լսեն այդ լեզուն ու ինքնուրույն սովորեն»,- ավելացրեց Գայանե Մարգարյանը:

Եթե ցեղասպանություն վերապրած մարդկանց ասեին, որ կգա մի օր, որ իրենց հեռավոր ժառանգները թուրքական որևէ բանի, թեկուզ և կինոյի երկրպագու են դառնալու, հաստատ չէին հավատա: Չէին հավատա նաև Եղեռնից հետո լույս աշխարհ եկած առաջին սերնդի մարդիկ: Հետեղեռնյան երկրորդ ու երրորդ սերունդները, որոնք ազգային վերքերն ամոքած վերսկսեցին պայքար առավել ևս չէին հավատա: Թուրքականի նկատմամբ հոգեբանական արգելակները անջատվեցին, մեր՝ չորրորդ սերնդի  վրա:

«Առաջին հայացքից սրանք պարզունակ սերիալներ են թվում, որոնց մեծ մասը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են խիստ ռոմանտիկ զրույցներով, բայց Թուրքիան հետին պլանում ասում է այն, ինչ ուզում է ասել»,- պատմում է Լուսինե Հայրապետյանը, որը համալսարանի արևելագիտականն այս տարի է ավարտել՝ դիպլոմային աշխատանքի թեման. «Թուրքական պատմական սերիալները, որպես պետական  քարոզչության միջոց:»

«Այդ մեծ լսարանը չի ուսումնասիրել Թուրքիայի պատմությունը և չի էլ պատրաստվում ուսումնասիրել գրքերի միջոցով, բայց, դիտելով հեռուստասերիալը, պատկերացնում է, որ Թուրքիան տարածաշրջանում ամենահզոր պետությունն է: Թուրքական հեռուստասերիալը ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն Google-ի օգնությամբ պարզել,  թե ով է Էմիլ Զոլլան: Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու, գրեթե բոլոր առիթների ժամանակ ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր նշելով իրենց ազգային ավանդականը լինելու հանգամանքը: Թուրքիան իր պարզունակ սերիալերի միջոցով 150մլն մարդու սովորեցնում է, որ տոլման և լավաշը և այլ հայկական ուտեստներ թուրքական են», -հավելեց արևելագետ Լուսինե Հայրապետյանը:

Էրդողանը նկարահանման հրապարակ հաճախ է այցելում:  Թուրքիան, ինչպես ասում են, անսպասելի անցյալով երկիր է: Թուրքական պատմությունը, ըստ քաղաքական անհրաժեշտության, վերջին հարյուր տարվա մեջ արդեն երրորդ անգամ է վերանայվում՝ երկրին Աբդուլհամիդից երիտթուրքերին փոխանցվելիս, ապա երիտթուրքերից՝ Մուսթաֆա Քեմալին… և ահա  ընթացքում է Էրդողանյան փոփոխությունը:

Հատված ԵՊՀ Արևագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի՝ համալսանի կայքին տված հարցազրույցից. «Մեծ դեր ունի թշնամու կերպարը, հայի կերպարը, քրիստոնյայի կերպարը: Նմանատիպ ֆիլմերի միջոցով ներկայացնելով իրենց «փառահեղ» անցյալը՝ նրանք տարբեր հասարակական շերտեր ու տարիքային խմբեր պահում են ազգայնական քարոզի ազդեցության ներքո: մենք շարունակում ենք գործ ունենալ մի երկրի հետ, որի հասարակության գերակշիռ մեծամասնությունը ծայրահեղական տրամադրություններ ունի։ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով արտաքին լսարանի վրա ֆիլմերի ազդեցությանը, նշեց, որ այդ պարագայում մի փոքր այլ են շեշտադրումները։ Պատմական դեմքերն արտաքին լսարանի համար ներկայացվում են որպես աշխարհաքաղաքական մտածողություն ունեցող հզոր տիրակալներ:Անդրադառնալով ֆիլմերում հայի ու Հայաստանի պատկերմանը՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Հայաստանը ներկայացված չէ, իսկ հայերը հանդես են գալիս որպես երախտամոռ, դավաճան քաղաքացիներ, ովքեր լավ են ապրել կայսրության մեջ, բայց ուրացել են սուլթանի լավ վերաբերմունքը և դավաճանել են նրան՝ ծառայելով օտար պետությունների շահերին։

Ռեպորտաժում հանդես եկած մասնագետների ընդհանուր գնահատմամբ հայկական կանացի լսարանի առնվազն մեկ երրորդը այս կամ այն չափով սպառում է թուրքական սերիալներ: Թուրքերենը սերիալների միջոցով սովորած մեր հերոսը՝ Աննա Ղազարյանը կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է:

Հատված թուրքագետ Տաթևիկ Հակոբյանի հոդվածից. «Թուրքական սերիալների արտահանման մասնագետ Իզեթ Պինթոն նշում է՝ ամեն երեկո աշխարհում Թուրքիայով հիանում 400 միլիոն մարդ: Սա հիանալի գովազդ է»:

21-րդ դարում Օսմանյան կայսրություն վերականգնելու համար յաթաղան այլևս պետք չէ: Տեսախցիկ ու լավ դերասանական խաղ: Թուրքական փափուկ ուժն ազդում է անգամ մեր՝ իսկական յաթաղանը հիշողներիս վրա: Մնացել է վերջին արգելակը:

«Պատմական սերիալեր չեմ նայում, ինձ թվում է՝ դրանով ես հանցանք եմ գործում»,- եզրափակեց թուրքական սերիալների սիրահար Աննան:

Ցուցադրել ավելի
Back to top button