Երիտասարդ համալրում

Ցմահ դատապարտյալների «ազատությունը»

Լյուսի Հարությունյան

Ցմահ դատապարտյալների խցի երկարությունը հինգ մետր է: Իգորն այդ խցում անցկացրել է 27 տարի, ու եթե գումարենք նրա քայլերը, կստացվի շուրջ 40 հազար կիլոմետր, մի ամբողջ շուրջերկրյա ճանապարհորդություն՝ մոտ 25 քմ խցում, որտեղ նրանից բացի «ճանապարհորդում» էր ևս երկու դատապարտյալ:


— Բնությունը, առաջինը բնությունը աչքի ընկավ: Բնությունը չէ… ծառերը սկսել են նոր ծաղկել. այ, դա շատ սիրուն է ու դա չենք տեսել: Մենք 26 տարի զրկված ենք եղել նման բաներից: Հասարակ բան է՝ ծառը ծաղկում է, չէ՞: Ձեզ համար դա սովորական բան է, չէ՞, բայց ցմահ կալանավորի համար մեծ բան է: Մենք ծառ չենք տեսել. այդ հոտը, այդ սիրունությունը, այդ ամեն ինչը, մենք զրկված ենք եղել այդպիսի բաներից: Ու երբ ոտքդ դնում ես խոտի վրա, դա անսովոր բան է, մենք միշտ բետոն կամ ասֆալտ ենք տեսել, ուրիշ բան չենք տեսել:

Իմ սենյակի լուսամուտը, օրինակ, նայում է եկեղեցուն: Հենց որ առավոտյան զարթնում եմ, չէ, նայում եմ եկեղեցուն: Դա արդեն ես չգիտեմ ինչպես բացատրեմ: Իսկ մյուս կողմը Սիսն ու Մասիսն է, ու շատ սիրուն է, շատ սիրուն: …Ցոգոլ էինք ուտում: Ծառից ցոգոլը պոկել-կերել եմ: Քսանյոթ տարի այդպիսի բան ե՞րբ եմ տեսել, ե՞րբ եմ զգացել այդ հաճույքը: Կարծես թե սովորական բան է, չէ՞, բայց դա ցմահ կալանավորի համար մեծ հաճույք է:

Ահագին բան է փոխվել, ահագին: Կյանքը 180 աստիճանով շրջվեց, ահագին բան է փոխվել: Ու կարևորը՝ արդեն հույս կա: Առաջ հույս չունեինք, առաջ մեռած կյանք է եղել, չորս պատ՝ ուրիշ ոչ մի բան,  նստած ես ու նստած ես, ու չգիտես՝ ինչ է քեզ սպասվում վաղը: Անկապ կյանք, մի խոսքով, անկապ ապրել ենք: Այստեղ արդեն հույս ունենք, այստեղ արդեն ոնց որ իմաստ էլ կա կյանքի մեջ:


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյան



— Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը կիսափակից դեպի կիսաբաց ուղղիչ հիմնարկներ սկսվել է 2019 թ.-ից: Պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է մարդասիրական ուղղությամբ, որի հիմքում ընկած է հնարավորությունը, ներողամտությունը, իհարկե նաև հաշվի առնելով բոլոր շահերը և բոլոր հնարավոր դրսևորումները: Այս ամբողջ խնդրի իրականացնողը և գնահատողը, հետևությունների հանգողն ու որոշում կայացնողը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովն է, որի գերխնդիրն է ընդհանրական և անհատական մոտեցումներով, բոլոր շահերի պաշտպանումով կայացնել հնարավորինս օբյեկտիվ որոշում:

Կամո Շալունցը նույնպես մեկն է այն ցմահ դատապարտյալներից, որոնց պատժի կրման ռեժիմը փոխվել է: Ասում է՝ խցից հետո կիսաբաց ռեժիմը գրեթե լիարժեք ազատություն է:


— Առաջին օրը ես որ մտա այստեղ, ճիշտն ասած, մի քանի օր չէի կարողանում քնեի: Զարմացել էի՝ այս որտե՞ղ եմ ընկել: Այսինքն՝ ոնց նայում ես, սա մի փոքր գյուղ է, մի ընտանիք է: Ճիշտ է, մի քիչ քանակությունը շատ, բայց մի ընտանիք է: Որ մտա արդեն «զոն», տեսա սիրամարգներ և կատուներ, միանգամից ապշեցի՝ այս որտե՞ղ եմ եկել: Որովհետև նման բան ես չէի տեսել. այս ձևի գեղեցկություն, այս ձևի մաքրություն, այս ձևի հարգանք: Ամենից կարևորը այստեղ հարգանքն է:

Ճիշտն ասած, այդ չորս պատերից հետո այստեղ արդեն կարելի է ասել ազատություն է ինձ համար: Որովհետև 25 տարի լինել խցում ու միանգամից բաց տեղ, ինձ համար ազատություն է, շոկ էր:

Բոլոր ցմահ դատապարտյալների պատմությունները տարբեր են, բայց նրանց միավորում է մի բան. առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություն: Հայաստանում 88 ցմահ դատապարտյալ շարունակում է իր փակ, կիսափակ, կիսաբաց եւ բաց «ճանապարհորդությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button