ԹատրON

ԹատրON | «Ցանկապատ». Վանաձորի «Բոհեմ» Կամերային թատրոն

Վերջին տարիներին մարզային թատրոններում մշակութային կյանքն ակտիվացել է։ Տարվա ընթացքում մի քանի անգամ համագործակցում են հրավիրյալ ռեժիսորների հետ, մասնակցում են տարբեր փառատոնների և համագործակցում մշակութային կենտրոնների հետ։ Կարևոր է, որ մարզերում՝ մեծ ու դասական թատրոններից բացի, գործեն նաև կամերային ոճի բեմեր, որոնք թատերարվեստին կտան նոր մոտեցումներ։ Ցավոք, սա դեռ հնարավոր չէ տեսնել բոլոր մարզերում։ Թերևս միակ օրինակնները Գյումրին և Վանաձորն են։ 

«Ցանկապատ» ներկայացում

1993 թվականին Վանաձորում Արամայիս Սարգսյանի, Վրույր Հարությունյանի և Գրետա Մեջլումյանի ջանքերով հիմնադրվեց «Բոհեմ» կամերային թատրոնը։ Հիմնադրման առաջին իսկ տարիներից այնտեղ բեմադրված ներկայացումներն աչքի էին ընկում ինքնատիպ ոճով։ Բեմադրություններում խաղացել են դերասաններ Շահեն Ոսկանյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Լալա Մնացականյանը, Ռազմիկ Խոսրոևը և ուրիշներ: Տարիների ընթացքում թատրոնի խաղացանկը համալրվել է մանկական և երաժշտական ներկայացումներով։ Եղել են տարիներ, երբ շեշտը դրվել է բացառապես մանկական ներկայացումներ բեմադրելու վրա։ Սակայն, այսօր թատրոնը նոր փուլ է սկսում՝ ձգտելով ընդլայնել իր լսարանը։ Թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանը նշում  է՝ այժմ փորձում են ներկայացումներ բեմադրել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար՝ ստեղծելով խաղացանկային թատրոն։

«Ցանկապատ» ներկայացում

2024 թվականին Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հրավերով, մասնակցեց «Թանգարանային գիշերներ» միջոցառմանը՝ բեմադրելով գրողի «Ցանկապատ» պատմվածքը։  Ընտրությունը պատահական չէր․ այդ տարում լրանում էր Զորյանի համանուն ժողովածուի տպագրման 100-ամյակը։

Ստեփան Զորյանն իր գրականությամբ բերեց նոր հերոսներ՝ համեստ, աշխատասեր, իրենց գործին նվիրված մարդիկ, որոնք երբեմն ընդվզում էին, երբեմն՝ հուսահատվում, բայց միշտ մնում էին մարդկային ու ազնիվ։ Նրա կերպարները դուրս էին հուզական չափազանցությունից ու հերոսացումից․ դրանք կյանքին հարազատ, իրական դեմքեր էին։ Զորյանը սիրել է գրականության բոլոր ժանրերը, սակայն նախաընտրում էր արձակը։ Արձակը նրա համար գրականության ամենաբնական ձևն էր, քանի որ այնտեղ մարդիկ խոսում են այնպես, ինչպես իրական կյանքում՝ առանց չափի ու հանգի, առանց «սարքած» տեսարանների. «արձակի մեջ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու հեգեբանությունը տրվում են ոչ արհեստականորեն, առանց շատախոսության», – գրել է նա։ 

Թեև Ստեփան Զորյանի գրական ժառանգությանը հաճախ չեն անդրադարձել թատերական ձևով, նրա «Ցանկապատ» պատմվածքը բացառություններից է։ Այս ստեղծագործությունը բեմադրվել է երկու տարբեր ռեժիսորների կողմից։ Առաջինը՝ Տիգրան Գյուլումյանը, իսկ երկրորդը՝ «Բոհեմ» թատրոնի բեմադրիչ Հերիքնազ Բաղդասարյանը, ով պատմվածքը վերածել է պիեսի՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային խնդիրները և դրանց արդիական շերտերը։

«Ցանկապատ» ներկայացում

Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքը կառուցված է կենցաղային մի, կարծես թե, աննշան հակամարտության շուրջ։ Դեպքերը ծավալվում են փոքրիկ գյուղական միջավայրում, որտեղ հարևանները վիճում են՝ ցանկապատի սահմանազատման պատճառով։  Ցանկապատը  ֆիզիկական սահման չէ՝ այն խորհրդանշում է մարդկանց հոգեբանական պատնեշները, համառությունն ու չհասկացված լինելու վախը։ Զորյանը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր խնդիրները մեծացնել մարդկանց միջև հեռավորությունը, այնքան, որ փոխադարձ հարգանքը խամրի ու փոխարինվի նախանձով։  Պատմվածքում շեշտադրվում է աղքատ գյուղացիական շերտի առօրյան, նրանց մտածողության ձևերը, հոգեբանությունը։ Թեև դեպքը տեղայնացված է, դրա իմաստը ընդհանրական է՝ Զորյանը բարձրացնում է համերաշխության և փոխադարձ ըմբռնման հարցերը։ 

Ներկայացման դերասանական կազմում են՝ Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Արգիշտի Մարտիրոսյանը, Անահիտ Առաքելյանը և Երանուհի Առաքելյանը։ Վերջինս մարմնավորում է կերպարներից՝ Փառանձեմին։

Ներկայացումը բեմադրվում է բացօթյա տարածքում, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել բնական լույսն ու շրջապատող միջավայրը՝ ծառերը, բնության ձայները։ Այս ամենը ստեղծում է պատմվածքում նկարագրված գյուղական պարզ ու իրական մթնոլորտը։ Բացօթյա ձևաչափն օգնում է հանդիսատեսին ավելի խորությամբ ընկալել կերպարները, զգալ ներկայացման թեմատիկ լարվածությունը և ստեղծել կենդանի ու անմիջական կապ դերասանների հետ։ Թեև բացօթյա ներկայացումներն ունեն իրենց առանձնահատուկ մարտահրավերները՝ սկսած եղանակային պայմաններից մինչև արտաքին աղմուկը, այնուամենայնիվ, այս ձևաչափը յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում։

Դերասան Վահե Եղշատյանը, ով տարիներ շարունակ հանդես է եկել «Բոհեմ» թատրոնում, հատկապես մանկական բեմադրություններում, «Ցանկապատ» ներկայացման մեջ մարմնավորում է գյուղացի Թևոսին։ 

«Ցանկապատ» ներկայացում

 

«Ցանկապատը» միայն պատմվածք չէ հարևանների կենցաղային վեճի մասին։ Այն սուր դիտարկում է՝ ինչպես մարդկային խեղկատակությունները, չզիջելու մոլուցքը կարող են վերածվել հասարակության մեջ արմատացած խնդիրների։ Եվ որքան էլ այս պատմությունը գրվել է շուրջ մեկ դար առաջ, այն այսօր էլ արդիական է՝ մեզ հիշեցնելով, թե որքան կարևոր է փոխադարձ ըմբռնումը, զիջելու կարողությունը և հանրային համերաշխությունը։

Վանաձորի համայնքապետարանի ֆինանսավորմամբ, «Բոհեմ» կամերային թատրոնը, «Ցանկապատ» ներկայացմամբ մայիսի 22-25-ը հյուրախաղերով մեկնել է Անապա։ Սա կարևոր է նոր խաղացանկ ձևավորող թատրոնի համար։ Եթե գնանք Վանաձոր անպայման տոմս գնեք, ու դիտեք այս և մյուս ներկայացումները, որոնք կան խաղացանկում։ 



Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button