Այլ

Մի օր իմ անիվներով

Ես մի ամբողջ օր անցկացրել եմ Երևանի պետական համալսարանի ուսանող Սեյրան Սողոյանի հետ ու գրի առել նրա մտքերը՝ բացահայտելու, թե ինչ դժվարությունների են հանդիպում հաշմանդամություն ունեցողներն իրենց առօրյայում:

***

Բոլորս էլ մի օր քնած ենք մնում, վերջին ավտոբուսը բաց ենք թողնում, ինչ-որ տեղից ուշանում ենք ու խառնում ենք օրվա պլանները: Սակայն, սա ոչ բոլորի համար է հերթական օրվա սցենար:

Ողջու՜յն, ես Սեյրանն եմ: Մեր առավոտները նման են. սկսվում են զարթուցիչով, բայց շարունակվում շատ տարբեր: Ֆիզիկական ակտիվությունը յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունն է, բայց իմ դեպքում` անհրաժեշտություն: Արդեն մոտ երեք տարի է, ինչ իմ օրվա երթուղին սկսվում և ավարտվում է մարզումներով, վերջնակետը` կյանք` առանց անվասայլակի: 

Լուսանկարը՝ Սեյրանի անձնական արխիվից

***
Սեյրանի մանկության ամենասիրած խաղերից մեկը հավալան էր, որովհետև իրենց բակում ամենաբարձրահասակն էր ու երբեք չէր պարտվում, բայց բոլոր պահմտոցիներին առաջին «զոհն» էր, որովհետև գլուխը միշտ դրսում էր մնում։ Բարձրահասակ լինելն իրեն հեղինակություն էր դարձնում, երբ ծառերից միրգ հավաքելու կարիք կար, իսկ դասարանի վերջին նստարանը շատ անկարգություններ աննկատ էր թողնում: Բարձրահասակ լինելը նրան չխանգարեց նույնիսկ «տանկիստ» դառնալ՝ չնայած խցիկի փոքր ու անհարմար լինելուն։ 44-օրյա պատերազմը ստիպեց բարձրահասակ Սեյրանին որոշ ժամանակով «իջնել մի հարկ ներքև»: Տարբեր բժիշկների անհույս ու ցավալի դատավճիռներից հետո, իր համար նպատակ է դրել. այցելել նրանց առանց անվասայլակի: 

***

Քանի որ ես միշտ «ղեկին» եմ, սովորաբար տրանսպորտային միջադեպերն ինձ չեն շրջանցում: Հասարակական տրանսպորտի վարորդների մեծամասնության հետ խնդիրներ չեմ ունենում, հատուկենտ դեպքերում են միայն անտեսում ու նույնիսկ չեն կանգնում: Խնդիրը սովորաբար ոչ թե ավտոբուս նստելն է, այլ այնտեղ լինելը. անվասայլակների համար նախատեսված տեղերում կանգնած կամ նստած մարդիկ, որոնք չեն նկատում կամ չեն ուզում նկատել ինձ: Չեմ կարծում, որ պատճառը չարությունն է, երևի, պարզապես, չգիտեն կանոնները կամ չեն հետևում դրանց: 

Առաջին հերթին սովորական նկար, ուղղակի ջերմ նստած ենք նստարանին։ Իրականում այդքան էլ սովորական նկար չէ, նկարում բոլորս սայլակի «վարորդներ» ենք։

Լուսանկարը և մակագրությունը՝ Սեյրանի սոցիալական էջից

Վերադառնանք սկզբին: Ես քնած էի մնացել ու ավտոբուսից ուշացել: Ստիպված ենք դիմել տաքսիներին: «Չէ´», «Սայլակը տեղ չի անի», «Կկեղտոտես» կամ պարզապես պատվերի չեղարկում. այսպես են սկսվում տաքսի կանչելու իմ անհույս փորձերը: Չնայած, որ ժամանակ առ ժամանակ հանդիպում են «Դե մի բան կանենք»-ներ, միևնույն է, տխրում ես մարդկանց անտարբերությունից ու մնում փողոցում` առանց տաքսի:

Պատկերացնենք, որ ինչ-որ հաջողությամբ հասնում եմ համալսարան: Այնտեղ բոլոր խնդիրներս դառնում են հեշտ ու լուծելի: Վերելակները սարքին են, ընկերներս` տեղում: Վերելակը քեզ կհասցնի ցանկացած հարկ, բայց լսարան տանող ճանապարհը կհիշեցնի «Կասկադը»: Երբ պատերազմից հետո եկա ուսումս շարունակելու, համալսարանի ներսում թեքահարթակներ դեռևս չկային: «Զինվորի տան», իմ ու ընկերներիս ջանքերով այդ խնդիրն էլ լուծվեց, սակայն ոչ ամբողջությամբ:

***

Վերելակում Սեյրանը քմծիծաղով վերհիշում է «նախկին» կյանքը, ասում է` տանել չէր կարողանում վերելակները, միշտ աստիճաններից էր օգտվում ու մտքով էլ չէր անցնի, որ մի օր ստիպված կլինի դիմել վերելակի օգնությանը: «Երկրորդ» կյանքի մասին շատ ուրախ է խոսում, ասում է՝ հոկտեմբերի 5-ին դարձավ 3 տարեկան ու 3 տարեկանի համար շատ լավ խոսում է, փորձում է քայլել, աշխատել ու սիրել կյանքը։ Վերակենդանացման բաժանմունքի առաստաղին տեսել է այն նույն երկինքը, որը վերջին անգամ «նախկին» կյանքում էր տեսել, ու իսկույն հասկացել է, որ ուզում է շուտ ապաքինվել։ Անձրևների հանդեպ ևս վերաբերմունքը կտրուկ փոխվել է. վիրավորվելուց հետո դարձել է տան եղանակի տեսությունը։ Չնայած այլևս բանակային կյանքով չապրելուն՝ հոգ է տանում մյուս զինվորների մասին։ Ընկերոջ հետ գրքահավաքներ են կազմակերպում զորամասերում ընթերցանությունը զարգացնելու համար։ Ասում է՝ բանակում չկա ավելի վատ բան, քան պարապ զինվորը։

***

«Գրքերը հասան տղերքին»

Լուսանկարը և մակագրությունը՝ Սեյրանի սոցիալական էջից

Ես ուսանող եմ, հասարակության լիիրավ անդամ, բայց ինչ-որ բան միշտ պակասում է: Ինձ ուղղված հայացքները բաժանվում են երկու խմբի` խղճահարության ու պահանջատիրության. կա´մ ես եմ իրենց պարտք, կա´մ իրենք` ինձ: Դասը սկսված է. ես նայում եմ դասախոսին, դասախոսը` ոտքերիս. իմ «աթոռը» սեղան չունի: Չնայած մի շարք շոշափելի խնդիրներին` ամենացավալին նման ուշադրությանը համակերպվելն է: 

Քանի դեռ եղանակը բարենպաստ է, վայելում եմ սրճարաններից օգտվելու վերջին շանսերս: Բացատրեմ` ինչ կապ կա արևի ու մի բաժակ թեյի միջև: Երևանի սրճարանների ճնշող մեծամասնությունից ես կարող եմ օգտվել միայն այն ժամանակ, երբ դրսում տաք է, քանի որ ներս մտնել սովորաբար չի ստացվում: Ինձ համար խաղի նման մի բան եմ դարձրել. բողոքների ու կարծիքների բոլոր գրքերում կգտնեք իմ ձեռագիրը: Չկարծեք, թե միայն վատաբանում եմ, հանդիպածս յուրաքանչյուր թեքահարթակի համար շնորհակալություն եմ հայտնում ու ուզում եմ ինձնից հետո Հայաստանն ավելի հարմարավետ դառնա բոլորիս համար: 

Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

***

Խնդիրների ու անհարմարությունների մասին խոսելիս Սեյրանն ինքն իրեն անընդհատ ուղղում է: Ասում է` պիտի դադարենք բողոքել, որ բոլորը վատն են, լավերն էլ կան, ուղղակի պիտի նկատենք նրանց: Մի անգամ, երբ համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել, արկղերով խնձորներ են ստացել ու սկսել են դասավորել: Ցավոք, գործը ստիպված են եղել կիսատ թողնել. հերթական հարձակումն էր: Պաշտպանվելու փոխարեն Սեյրանը արագ որոշում է կայացրել` ամեն ինչ հանուն խնձորների, ու արկղերից մեկը դրել իր տանկի վրա: Հիմա հիշում ու հասկանում է, որ ժամանակ չի ունեցել մտածելու համար, պարզապես փրկել է իր սիրելի խնձորները, բայց կյանքի գնով:

***

Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

Սա միջին վիճակագրական աշխատանքային օր էր, բայց հանգստյան օրերն ունեն իրենց խնդիրները: Հայաստանը բացահայտելիս հաճախ ստիպված եմ լինում մնալ մեքենայի մեջ ու ամեն ինչ տեսնել միայն հեռվից: Մեկ կամ երկու տարում նման խնդիրները չեն լուծվում, բայց հույս ունեմ, որ վաղ թե ուշ այս մշակույթը կհասնի Հայաստան ու բոլորիս համար կլինեն հավասար պայմաններ: Չէ՞ որ, չի կարելի ապրել Հայաստանի նման չքնաղ երկրում ու չտեսնել այն մոտիկից:

Ցուցադրել ավելի

Եվա Մինասյան

Ես Եվան եմ, իսկական Եվա` կյանք տվող, ու կյանք եմ տալիս իմ և ձեր բոլոր գաղափարներին: Արևային մի աղջիկ եմ, ով ճամփորդում է ժամանակների ու քաղաքների միջև` բացահայտելով մարդկանց ու կյանքը բոլորովին այլ տեսանկյունից:
Back to top button