Այլ

Ապրեցնողը ժպիտդ է

Ով կմտածեր, որ կծնվեի պատերազմից երեք րոպե շուտ, իսկ կար մեկը, որ կմտածեր մեր մասին. իհարկե` ոչ:

Բոլորս էլ կորցրեցինք ընկերներ, որոնց բացը միշտ կմնա: Ծնողները կորցրին իրենց տան լույսերը։ Մնացին սերեր անավարտ և ընտանիքներ՝ առանց հենարան։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից կյանքս բաժանվեց երկու մասի։ 20-ի կեսում մնաց ուրախ անհոգ կյանքս։ Մյուս կեսում ապրելու ցանկությունը խլեցին անժամկետ։ Կորցրեցի կարևոր մարդկանց։ Հարազատների, մանկության ընկերների, որոնց հետ ամուր կապված էի։ Անգամ անծանոթ մարդիկ հարազատ դարձան:

Կորցրեցի քեզ՝ կարևորներիս կարևոր։ Մեր շփումը եղավ պատահական։ Կիսեցինք մեծ պատմություն փոքր տարիների մեջ և մեծ ուրախություն՝ սկսած ձմռան առաջին ձյունից։ Դիմավորեցինք ձմեռը։ Բայց ամռանն էինք սպասում։ Մեր ամառը, երբ սկսեց, դու ծառայում էիր։ Ամենահարմար պահին զանգելը միշտ կար: Ասում էիր՝ լսի, գիտես, որ տեսնես չես ճանաչի ինձ։ Շատ եմ փոխվել։ Հնից բան չի մնացել… Բայց չէր վերացել քո տեսակը։ Ցուրտ ձմռանը մեջքդ ուղիղ ձիգ կանգնած սահմանին ասացիր՝ գնա քնի ես ստեղ եմ, որ դու հանգիստ քնես։ Ուրախ էի, որ հանգիստ էր ամեն ինչ, բայց տխուր, որ դեռ տարի կար քեզ:

Բաց տեղերը երբեք չեն լրացվում: Ախր դու դա ինձնից լավ էիր զգում: Համակերպվելու պատճառ չի լինի: Իմ սենյակի մի փոքր անկյունում քո ամենասիրելի նկարներն են աչքիս առաջ։ Միշտ սենյակ գալիս առաջինը ինձ դիմավորողը ժպիտդ է։ Քեզ երբեք բաց չեմ թողել ու չեմ թողնի 2020ում: Միշտ կաս դու ամեն տեղ իմ լուսավոր Ընկեր: Գալիս եմ մոտդ, կողքիդ նստում՝ հայացքս դեպի քեզ պատմում եմ քեզ երկրից, ամեն ինչ՝ էն, թե ինչը բաց թողեցիր․.. ոնց ա ստեղի  «կյանքն» առանց ձեզ։ Բայց դու լուռ էիր… գուցե քո պատասխանը երազներն են:

Ծնունդիդ ուզում էի նվիրել նենց բան, որը կպահեիր երկար որպես հուշ (ես գիտեի, որ մանր իրն էլ դու պահում էիր երկար): Բայց նվերներին փոխարինեցին ծաղիկները: Մեր չկայացած զրույցները մնացին վերևում: Քո ամենասիրելի նկարը, որը դարձավ բոլորի սիրելին, դարձավ մեզ հուշ քեզնից: Նկարիդ կից գրվեց՝ անմահ Հերոս Տիգրան Տոնականի Շահբարյան: Կյանքդ բոլորին բաշխեցիր: Անգամ այն մարդկանց, որոնք արժանի չէին: Հանուն էն հողի, որին կանգնած ենք:

Շնորհակալ եմ քեզ իմ լուսավոր պատկեր: Ծնունդիս նվերը էդպես էլ չստացա քեզնից, բայց, հերթը իմնա իմ ծնունդին բոլորի համար երազանք պահելու: Քո նվերը ամենամեծն էր: Թող լույսդ երբեք չմարի կողքիցս: Քո Արցախի սրտում մենք կհանդիպենք անպայման:

Ես կպատմեմ քեզ երկրում ապրած ամեն պահի մասին…

Ջոաննա Եղիկյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button