ԹատրON | «Արևի մարդիկ». Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Մարդն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստ պետք է լինի անընդհատ փոփոխությունների։ Օր օրի զարգացող աշխարհում՝ ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ երբեմն չենք հասցնում դադար վերցնել, հասկանալու համար՝ ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք շտապում։ Իսկ գուցե, պետք էլ չէ՞ մտածել. կյանքն անցնում է. ապրել է պետք։
Հունվարի 30-ին և 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արևի մարդիկ» իրապատման առաջնախաղը։ Այն ներկայացում է, որի հերոսները մենք ենք՝ մեր առօրյայով, նիստուկացով, դրական ու բացասական բնավորության գծերով։ Գյուղացի մարդիկ են, ովքեր իրենց առօրյայում փոքրիկ ուրախություններ են գտնում ու ապրում են իրենց կյանքը՝ հեռու զարգացած աշխարհի մի մասնիկը լինելու անհագ ցանկությունից։

«Արևի մարդիկ» ներկայացումն Արցախի հեռավոր ու գողտրիկ գյուղում ապրող մարդկանց մասին է պատմում։ Նրանց համար կյանքը հեշտ չէ, բայց նրանք դժգոհ չեն՝ իրենց տրված տարիներն են ապրում, ընդունելով՝ ցավը, կորուստները, ուրախությունները, հպարտանալու առիթները։ Ներկայացման հիմքում Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր» գրքից ընտրված պատմվածքներն են։ Հեղինակն անձամբ է ընտրել պատմությունները, մշակել ու վերածել պիեսի։ Սա Հերմինե Ավագյանի և ներկայացման ռեժիսորի՝ Ռուզաննա Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է թատրոնում։ Առաջինը եղել է Արցախի պետական դրամատիկական թատրոնում։
Ռուզաննա Խաչատրյանի երկրորդ բեմադրությունն է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նոր ներկայացում բեմադրելու առաջարկը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանինն էր։ Ռեժիսորը նշում է՝ նպատակը մեկն էր՝ բեմից պատմել, որ թե Արցախում, թե Հայաստանում մարդիկ նույն կենցաղն ունեին, նույն խնդիրները, մտահոգություններն ու ուրախությունները։

Շողեր Սարգսյանի առաջին քայլերն են մեծ բեմում, ներկայացման մեջ խաղալու առաջարկն էլ պատահաբար է ստացել։ Բեմում Պարոնյան թատրոնի հնաբնակներն են՝ Զարուհի Խաչատրյանը, Ռուզան Գասպարյանը, Սաթիկ Հախնազարյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Արթուր Կարապետյանը և ուրիշներ, նրանց կողքին ստեղծագործում են նաև երիտասարդներ դերասանները։ Մասշտաբային ներկայացում է ու կարևոր է նշել՝ չկան գլխավոր և երկրորդական կերպարներ։ Արթուր Կարապետյանը մարմնավորում է գյուղացի մարդու, ում կյանքը ստիպում է լքել հայրենի գյուղը, բայց կարճ ժամանակով։
Եթե ամառային մի տաք օր, երեկոյան շրջեք մեր գյուղերով, կտեսնեք՝ կանանց, ովքեր միշտ նստած են քարի վրա և լուրջ դեմքերով քննարկում են գյուղի կյանքը։ Հավաքված տղամարդկանց, որոնք աշխարհաքաղաքական հարցերն փորձում հականալ, լուծել, սիրահարների, ուրախ, զվարթ խաղացող երեխաների։ «Արևի մարդիկ» ներկայացման ամբողջ ընթացքում մտովի կտեղափոխվեք գյուղ ու մտովի կասեք՝ մեր գյուղում էլ է այդպես։ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը մարմնավորում գյուղի տարեց կանանցից մեկին։

Ներկայացումը մեր մասին է՝ բառի ուղիղ իմաստով։ Կարծում եմ՝ նման ներկայացումներն այսօր պետք են, ինքներս մեզ կողքից դիտելու, հասկանալու՝ ով ենք մենք, և արդյոք ուզում ենք կամ պետք է այսպիսին լինել։
Հաջորդ ներկայացումը մարտի 19-ին են խաղալու։ Տոմսեր կան, գնեք ու վայելեք երեկոն Պարոնյան թատրոնում։




