ԹատրON

ԹատրON | «Կամելիազարդ Տիկինը». Թատրոն Տանիքում

Երևանում տարիներ առաջ նորարարություն էին բացօթյա բեմադրությունները, թատերական շենքերից դուրս ներկայացումները։ Ընկալումները, կարծիքները տարբեր էին՝ հավանելուց մինչև քննադատություն։ Ժամանակի փորձությանը դիմացան քչերը. անկախ դժվարություններից նրանք շարունակեցին ստեղծագործել։ 

Թատերական ինստիտուտում սովորելիս Մխիթար Դանիելյանը և Շողեր Խաչատրյանը որոշեցին իրենց դիպլոմային աշխատանքը խաղալ երևանյան շենքերից մեկի տանիքում։ Առաջին փորձից հետո հասկացան՝ դա այն է, ինչ իրենք փնտրում են, լինել ազատ, բեմադրել այն ինչ ցանկանում են, անել այն ինչն իրենց դուր է գալիս։ Նման տեսակի, այլընտրանքային թատրոն ստեղծելու պատճառը միայն էնտուզիազմը  չէր, երիտասարդ էին ու չունեին թատերական տարածք աշխատելու համար։ Տարբեր տանիքներում լինելով՝ այսօր նրանք ստեղծագործում են Հալաբյան 22/5 հասցեում։

«Կամելիազարդ Տիկինը» ներկայացում

Երևանյան տանիքները «գրավելուց» հետո, Թատրոն Տանիքը հասավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թատրոնի հիմնադիրներից Շողեր Խաչատրյանն աշխատում է այստեղ, ամուսինը՝ Մխիթար Դանիելյանն այնտեղ։

Թատրոնի խաղացանկը բազմաժանր է, նրանք անդրադառնում են և’ դասական ստեղծագործողներին՝ Շեքսպիր, Ալեքսանդր Դյումա-որդի, և’ ժամանակից հեղինակներին։ Հունվարի 31-ին Տանիքում խաղում էին «Կամելիազարդ տիկինը» ներկայացումը։ Ալեքսանդր Դյումա-որդու ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որը պատմում է Փարիզյան կուրտիզանուհու՝ Մարգարիտ Գոթիեի և երիտասարդ ու ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմության մասին։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը, ապրում էր հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։ Արման Դյուվալը թատրոնում առաջին անգամ հանդիպում է նրան, սիրահարվում ու սկսվում է նրանց բուռն սիրո պատմությունը։

«Կամելիազարդ Տիկինը» ներկայացում

Դյումա որդին գրում է. «Իմ կարծիքով հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով՝ առանց լրջորեն սովորած լինելով այն: Չունենալով դեռևս ստեղծագործելու տարիքը, բավականանում եմ պատմելով: Ուստի և սպասում եմ, որ ընթերցողը համոզված լինի այս պատմության իսկությանը, որի բոլոր անձերը, բացի հերոսուհուց, ապրում են դեռևս»: 
Դասական ստեղծագործություն է, որի բեմականացումն այս հարթակում դժվար էր պատկերացնել։ Բայց, ինչպես ասում են, ստեղծագործող մարդկանց համար անհնարին ոչինչ չկա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Մհեր Զաքարյանն է։  Ռեժիսորի մոտեցումը տարբերվում է՝ սիրային համարձակ տեսարաններով, լուսաձայնային էֆեկտներով, բեմական հագուստով։ Երաժշտական ձևավորումն էր հետաքրքիր՝ դասականից մինչև ռոք, Էլվինա Մակարյանից մինչև խոռային հատվածներ։

Մհեր Զաքարյանը  կարողացել է բեմադրել «Թատրոն Տանիքի» ոճին և բովանդակությանը համապատասխանող ներկայացում։

«Կամելիազարդ Տիկինը» ներկայացում

Գլխավոր հերոսուհին՝ Մարգարիտան, թեթևաբարո կին է, վայելում էր կյանքն ու սիրեկանների թանկարժեք նվերները, գումարը։ Կարևորը՝ նա փորձում էր չտրվել զգացմունքներին ու չսիրահարվել, բայց հայտնվեց Արման Դյուվալն ու փոխեց ամեն ինչ:

Մարգարիտ Գոթիե խաղացել են համաշխարհային աստղեր Սառա Բեռնարը, Իզաբել Յուպերը, Լիլիան Գիշը, Գրետա Գարբոն։ Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի մեծ ցանկությունն էր մարմնավորել այդ կերպարին, դրա համար նա հիմնավոր պատճառ ուներ։ 

Ներկայացման մեջ խաղալու համար դերասանները մասնակցել են հեռավար քաստինգի, քանի որ ռեժիսորը Հայաստանում չի ապրում։ Վեպի գլխավոր հերոսին՝ Արման Դյուվալին, մարմնավորում է երիտասարդ դերասան Անդրանիկ Աբրահամյանը։ «Տարօրինակ մի գիշեր եղավ դա: Մարգարիտի ամբողջ կյանքը, ասես, խտացել էր այն համբույրների մեջ, որոնցով ծածկում էր ինձ, և ես այնքան սիրում էի նրան, որ իր տենդոտ սիրո բորբոքման մեջ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք չպե՞տք է սպանեի նրան, որպեսզի որևէ մեկին չպատկաներ: Եվ եթե մարդ մի ամիս այդպես սիրեր, սրտով ու մարմնով դիակ կդառնար»-, ասում էր Արման Դյուվալը։ 

«Կամելիազարդ Տիկինը» ներկայացում

Եթե այլ թատրոններում ներկայացումները երբեք չեն սկսվում նշված ժամին, ապա այստեղ դրա մասին մտահոգվելու կարիք չկա։ Չգիտեմ հատուկ մտածված է, թե ոչ, բայց նրանք այլընտրանքային տարբերակ են գտել։    

«Թատրոն Տանիք» մուտքը 20.00-ին է։ Շենքի մուտքի մոտ ձեզ դիմավորում են, ուղեկցում մինչև տանիք։ Վերելակի դուռը բացվում է ու դուք հայտնվում եք այլ իրականությունում. լսում եք կենդանի երաժշտություն, կարմիր գինի եք խմում, հիանում եք գիշերային Երևանով։ Այդ ընթացքում, գալիս է մինչև վերջին հանդիսատեսը, միայն դրանից հետո եք դուք զբաղեցնում ձեր տեղերը։ Գրեթե ամեն օր Տանիքում ներկայացում են խաղում, տոմս գնեք, դիտեք  որևէ ներկայացում ու մտածեք՝ դուք որ տեսակի թատրոնն ենք սիրում։ 

«Կամելիազարդ Տիկինը» ներկայացում


Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button