ԹատրON

ԹատրON | «Ռատատույ». «Բեբուկ» շարժական թատրոն

Շարժական թատրոնը թատերարվեստի յուրահատուկ ձև է, որտեղ դերասանները և թատերական խմբերը շրջում են տեղից տեղ՝ իրենց ներկայացումները տանելով տարբեր համայնքներ, մարզեր, գյուղեր։ Օրինակ, միջնադարում շարժական թատերական խմբերը տարածում էին մշակույթը գյուղերի և քաղաքների միջև, իսկ 16-17-րդ դարերում Եվրոպայում դրանք դարձան մշակույթի տարածման հիմնական միջոցներից մեկը։ Հայաստանում շրջիկ թատերական խմբերը վերջին տարիներին ակտիվ ստեղծագործում են։ Կարևորն այն է, որ անկախ դժվարություններից նրանցից շատերը տարեցտարի ընդլայնում են գործունեության շրջանակը։ 
ԹատրON-ում պատմել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, երբ նրանք դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը։ Այսօր նրանք ունեն սեփական շրջիկ ավտոբուսը, հստակ խաղացանկը, ստեղծագործական կազմը։ Անի Երեմյանը պատմում է՝ այսօր ունեն այն ինչի մասին տարիներ առաջ երազում էին։

Բացօթյա ներկայացումները յուրահատուկ ազդեցություն են թողնում հանդիսատեսի վրա․ բնության ներկայությունը փոխում է թատերախաղի ընկալումը, ավելացնում նոր շերտեր հույզերին։ Պատկերացրեք՝ ինչ են զգում երեխաները, երբ իրենց խաղն ու երևակայությունը միահյուսվում են սիրելի հերոսների, մուլտֆիլմերից ծանոթ երգերի ու գունեղ դրվագների հետ։ «Բեբուկ» շարժական թատրոնի գունավոր ու երաժշտական ավտոբուսը հենց այդպիսի փորձառություն է պարգևում փոքրերին՝ ամառվա ընթացքում շրջելով և ուրախություն տարածելով։ 
Երևանի Անգլիական այգում նրանք ներկայացրին «Ռատատույ» ինտերակտիվ բեմադրությունը, որը դիտում էի երեխաների հետ միասին․ նստած գունավոր գորգերի վրա, մենք բոլորս էլ ներգրավված էինք խաղի ու հեքիաթի աշխարհում։

«Ռատատույը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որի գլխավոր հերոսը փոքրիկ մուկ Ռեմին է։ Նա ապրում է Ֆրանսիայում և ի տարբերություն մյուս մկների՝ ունի նուրբ ճաշակ, շատ սիրում է խոհանոցն ու երազում է խոհարար դառնալ։ Մարդկանց աշխարհում դա գրեթե անհնար է, որովհետև մկներին բոլորը համարում են կեղտոտ ու անպետք։ Ռեմին հայտնվում է Փարիզում և պատահաբար ծանոթանում է երիտասարդ ու անփորձ խոհարարի՝ Լինգվինիի հետ։ Նրանք միասին սկսում են ստեղծել հիանալի ուտեստներ․ Ռեմին թաքուն օգնում է Լինգվինիին խոհանոցում, իսկ վերջինս միայն ձևացնում է, թե ինքն է պատրաստում։ Խոհարարի կերպարը խաղում է երիտասարդ դերասան Արթուր Վարդանյանը։ 

Լիլի Գալստյանին տեսել էի թատերականի ուսանողական թատրոնի «Մարդիկ» ներկայացման ժամանակ։ Պետք է ասել, որ առաջին կուրսի ուսանողի համար տպավորիչ խաղ ցույց տվեց։ Այստեղ, «Ռատատույ» ներկայացման ընթացքում, խաղում է խիստ խոհարարի կերպարը, որտեղ նույնպես փորձում է իրեն ու դերասանական հմտությունները։

«Բեբուկ»-ի ներկայացումների երաժշտությունը հատուկ ձայնագրվում է, իսկ «Ռատատույ» ինտերակտիվ ներկայացման սկզբում մոտ երեսուն րոպե երեխաները լսում էին տարբեր մուլտֆիլմերի երգեր՝ կենդանի կատարմամբ։
Ներկայացման տիկնիկավարները երիտասարդ ուսանողներ են՝ ապագա դերասաններ։ Շրջիկ թատրոնի առավելություններից մեկն այն է, որ այստեղ միասին կարող են աշխատել թատերականի տարբեր կուրսերի ուսանողներ և առաջին իսկ քայլերից ձեռք բերել բեմական փորձ։ Անի Առաքելյանի խոսքով՝ սա «Բեբուկի» կարևոր նպատակներից մեկն է։
Պատմության ավարտին Ռեմին ցույց է տալիս, որ տաղանդը սահմաններ չի ճանաչում․ անկախ նրանից՝ մուկ ես, թե մարդ, եթե հավատում ես քո երազանքին և ջանք ես ներդնում դրա համար, հաջողությունը կգա։ Թող այս միտքը միշտ մեզ հետ լինի։





Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button