ԹատրON | «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում. Արմեն Քուշկյան
2003 թվականից ի վեր Երևանում անցկացվում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը։ Այն դարձել է ստեղծագործական նորարարությունների, միջազգային կապերի զարգացման և թատերական նոր ձևաչափերի ստեղծման հարթակ։ Շատ մոնոներկայացումներ փառատոնից հետո շարունակում են իրենց թատերական ուղին. օրինակ՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումն արդեն տասը տարի բեմում է և արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ միջազգային փառատոներում։
2017 թվականից փառատոնին կից անցկացվում է «Արմմոնո Plus»-ը, որն իր մեջ ներառում է երիտասարդ թատերական գործիչների ստեղծագործական փորձարկումները։ Լավագույն ներկայացումներն ընդգրկվում են «Արմմոնո»-ի հիմնական ծրագրում։ 2024 թվականին «Արմմոնո Plus»-ը մեկնարկեց նոյեմբերի 29-ին՝ Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ։

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը հայ ժողովրդի հերոսական պայքարի և ազգային ինքնության խորհրդանիշն է։ Այն վիպասացների միջոցով փոխանցվել է սերունդներին՝ տարբեր անուններով, բայց միշտ պահպանել է իր էությունն ու գաղափարական հենքը։
Անդրադառնալ ազգային էպոսին՝ հատկապես «Սասունցի Դավիթ» ճյուղին, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի գաղափարն էր։ Նա հստակ պատկերացնում էր՝ ում է ցանկանում տեսնել Դավթի դերում, ինչպես նաև, թե ով պետք է բեմադրի այն։

Արմեն Քուշկյանը սկզբում տարակուսանքով ընդունեց Դավթի կերպարը մարմնավորելու առաջարկը, սակայն հրաժարվել չէր կարող։ Ռեժիսոր Նարինե Գրիգորյանի մտահղացումն այստեղ էլ փայլուն էր․ նա բեմում ստեղծել էր միջավայր, որտեղ դերասանը կարող էր ամբողջությամբ բացահայտել իր ներուժը։
Երրորդ զանգը հնչում է, վարագույրը բաց է։ Դերասանը դանդաղ քայլերով մտնում է բեմ, ներկայացումը սկսվել է, բայց խոսք չեն լսում։ Այդ լռությունն անմիջապես ներգործում է հանդիսատեսի վրա։ Մի քանի վայրկյան տևող դադարը լարվածություն չի ստեղծում, այլ՝ խորհրդավորություն։ Ինչպիսի՞ Դավիթ ենք տեսնելու, ինչպիսի՞ մեկնաբանություն է ստանալու նրա կերպարը։

Բեմից ուղերձներ տալու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ գրականության ու պատմության էջերում ամեն ինչ արդեն ասվել է։ Պետք է պարզապես ուշադիր ուսումնասիրել, վերաիմաստավորել ու ստեղծագործել։ Իսկ եթե բեմական աշխատանքն անկեղծ է, ապա ներկայացումն իր անելիքը կանի։
«Սասունցի Դավիթ» մոնոներկայացումից դուրս եկա մեծ հպարտությամբ։ Հիացմունքի էր արժանի այն, թե ինչպիսի մանրակրկիտ աշխատանք էր տարվել բեմում։
Հուսով եմ, որ այս ներկայացումը դեռ երկար կլինի հայ բեմում ու շատ հանդիսատես կունենա։




