Ստարտափ Հայաստան

TMM-ում ընդգրկված են աուտիզմ ունեցող երեխաներ, ովքեր ստանում են իրենց թերապիան, հետո մեծանում և հենց այդտեղ էլ աշխատում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Այս էպիզոդում պատմելու ենք մի սոցիալական ձեռնարկատիրության մասին, որի հեղինակները Նարեկի մայրն ու հայրն են՝ Լենա Հարությունյանն ու Լևոն Թոփալյանը։ 2016 թվականին հիմնադրվում է վերականգնողական TMM կենտրոնը, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող 150-200 երեխա է հաճախում, 15 և ավել աշխատակից ունեն, ովքեր թիմային աշխատանքով զարգացնում են երեխաների հմտություններն ու լուծում խնդիրները։

2020 թվականին ամուսինները որոշեցին նոր քայլ անել և լուծել իրենց որդու ու նրա նման երիտասարդների զբաղվածության հարցը։ Լևոնն սկսում է ուսումնասիրել շուկան, հետո պայմանավորվածություն է ձեռք բերում հայկական խոշոր արտադրողներից մեկի հետ, որից վերցնում են պատրաստի անձեռոցիկներ, որոնք երիտասարդները տեղավորում են այնպիսի տուփերում, որ կարիք չկա սոսնձելու, դրանք կտրված են այնպիսի տեխնիկայով, որ կարելի է ձեռքով հավաքել։ Սա լավ առիթ էր նաև տեղեկատվական արշավի տեսանկյունից։ Լենան փաստում է, որ աուտիզմ ունեցողներն այսօր չեն կարողանում աշխատանք գտնել, այն գործարանները, որտեղ մտածել են տղայի համար աշխատանք գտնել, նույնպես խնդիր են ունեցել հարմարվելու և վստահելու։ Իրականում երիտասարդների զբաղվածությունն ապահովելու միտքն ավելի հասունացավ, երբ համավարակ էր։ Լենան հասկացավ, որ Նարեկի համար պետք է ստեղծել զբաղվածությունն ապահովելու մի հետաքրիր միջավայր, որը նաև աշխատանք կդառնա նրա և մյուս երիտասարդների համար։

Այս բիզնեսը նաև համագործակցային է, օրինակ՝ այդ անձեռոցիկներից օգտվում է Փիթսարտը, տարբեր վերականգնողական կենտրոններ, բարեգործական հիմնադրամներ։ Երիտասարդները գիտեն, որ ամեն ամիս իրենք հստակ քանակով անձեռոցիկ պետք է հավաքեն, ոգևորվածությունը մեծ է, ասում է Լենան, որքան շատ պատվեր լինի, այդքան կկարողանան ընդլայնվել և աշխատանքով ապահովել նոր երիտասարդների։ Երիտասարդները վարձատրվում են այնպես, ինչպես մյուս գործարանների աշխատակիցները։ Դա նրանց ոգևորում է ու պատասխանատվություն առաջացնում, թե իրենց, թե իրենց կատարած աշխատանքի հանդեպ։ Լևոնը հաստատում է Լենայի ասածներն ու ավելացնում, որ հնարավոր է մի քանի խնդիր միանգամից լուծել, եթե բավարար քանակությամբ ֆինանսական միջոցներ ունենան, այս պահին աշխատում են այդ ուղղությամբ։ Հայաստանում հնարավոր է ստեղծել ամեն ինչ, միայն թե քաղաքացին պետք է մի քիչ ցանկություն ունենա, մի քիչ էլ պետությունը, ասում է Լևոնը։

Ցուցադրել ավելի
Back to top button