Ստարտափ Հայաստան

Մասնագիտությամբ հաշվապահն այսօր էկոլոգիապես մաքուր խաղալիքներ է արտադրում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արմինե Մելիքյանը մասնագիտությամբ հաշվապահ է։ Մասնագիտական հմտություններն այսօր օգտագործում է սեփական փոքրիկ բիզնեսում։

Արմինեն մանկական ձեռագործ խաղալիքներ է պատրաստում։ Կարել, ձևել և մնացած այլ հմտություններն ինքնուրույն է ձեռք բերել՝ հարց ու փորձ անելով ու համացանցը քրքրելով։ Դեռևս 14 տարեկանից է պատրաստել տարբեր խաղալիքներ և նվիրել ընկերներին։ Արմինեի հոբբին բիզնեսի վերածվեց համավարակի օրերին։ Պատահական չէր, որ Արմինեն սկսեց հենց փոքրերի համար ստեղծագործել։ Տանը փոքր երեխաներ կան։ Հաճախ էր տեսնում, թե ինչ որակ ունեն նրանց խաղալիքները, այդպես որոշեց, որ պետք է հնարավորինս անվնաս խաղալիքներ պատրաստի։

Արմինեի ստեղծած խաղալիքները սովորական չեն։ Դրանք այնպես են ստեղծվում, որ հարմար լինեն երեխաների օգտագործման համար։ Ամեն բան Հատուկ արվում է, որ երեխան պարզապես չշեղվի գույներով միայն, այլ կարողանա հեշտությամբ շոշափել դրանք, զարգացնել մանր մոտորիկան։ Արմինեն ինքն է ընտրում խաղալիքների գույնը, դիզայնը և հեշտությամբ է համագործակցում հաճախորդների հետ։ Խաղալիքները նախ փորձարկվում են ծանոթ երեխաների շրջանում, հետո նոր դուրս են գալիս վաճառքի։ Արմինեն երկար ժամանակ է տրամադրում նոր խաղալիք ստեղծելու համար, քանի որ հաճախորդները փոքրերն են, ուստի և ամենապահանջկոտները։

Արմինեի թիմն ամենալավն է, որ կարող էր նրան բաժին հասնել։ Ընտանիքի անդամներն ու ընկերները ամեն ինչով են աջակցում նրան։ Դա հեշտացնում է և կյանքը, և բիզնեսը։ Արտադրամաս դեռևս չկա, դա մեծ գումարների հարց է, բայց տանն էլ է ստացվում աշխատել, Արմինեն վստահ է, որ ցանկության դեպքում մարդը կարող է ստեղծել ու արարել յուրաքանչյուր տեղ ։

Արմինեի գործունեության նպատակը խաղալիքների միջոցով երեխաներին և կրթելն է, և ժամանցն ապահովելը։ Չնայած այսօր շուկան լի է նմանատիպ խաղալիքներով, բայց կարծում է, որ տեղական արտադրանքի պակաս կա, պետք է կարողանալ բավարարել թե մարդկանց պահանջմունքները, թե շուկայում տարբերվել ու առաջարկել այնպիսի արտադրանք, որ կամաց-կամաց առողջ մրցակցություն ձևավորվի։

Չնայած Արմինեի բիզնեսը դեռ փոքր է, բայց հասցրել է մի շարք դժվարությունների բախվել, նա կարողացել է ելքեր փնտրել և գտնել, բայց և այնպես փաստում է, որ փոքր բիզնեսի համար այդքան էլ հեշտ չէ։ Դժվարությունները հաղթահարելի են, ասում է Արմինեն, միայն թե սրտնեղում է, որ հաճախ հայ արտադրողների մեջ մրցակցությունն առողջ չի լինում։ Անկախ հանգամանքներից, Արմինեն կարողանում է առողջ մրցակցության մեջ մտել ու մյուս խաղալիք արտադրողների հետ առաջ գնալ։

Արմինեն իր հոբբին վերածել է բիզնեսի ու երջանիկ է․այսօր նա զբաղվում է սիրած աշխատանքով։ Հաճախ է անձամբ խաղալիքներն առաքում, այդպես լավ է, ասում է, կարողանում եմ տեսնել մարդկանց էմոցիաները, երեխաների դեմքից էլ հասկանում եմ, որ խաղալիքը մի անկյունում չի մնալու, այլ դառնալու է նրանց ընկերը։

Ցուցադրել ավելի
Back to top button