Ստարտափ Հայաստան

Հայկական արտադրության «Գունավորիկ»-ի բիզնեսն ստեղծվել է 13,000 դրամով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պարզվում է՝ կավիճ պատրաստելը բարդ գործ չէ և բոլորն էլ կարող են, ասենք, խոհանուցում մի փոքրիկ տեղ առանձնացնել և սկսել պատրաստել դրանք, բայց բոլորը չեն կարողացել այդ գործողությունը դուրս բերել խոհանոցից, տեղափոխել արտադրամաս, հոբբին, հաճելի ու հետաքրքիր զբաղմունքը դարձնել բիզնեսի հիմք և հաջողության հասնել Հայաստանի փոքրիկ շուկայում։

Այդ մեկը մարդը մասնագիտությամբ ֆինանսիստ Ալլա Սարգսյանն է։

Բիզնեսում առաջին ֆինանսական ներդրումը 13,000 դրամ էր։ Այդ գումարով մի քանի բան գնեց Ալլան, եկավ տուն ու մեծ ոգևորվածությամբ սկսեց պատրաստել կերպարային կավիճներ։ Կավիճները երեք տեսակի են, բայց ամենասիրելին կերպարայիններն են։ Դրանք նորություն են շուկայում, երեխաները սիրում են իրենց մուլտհերոսների կերպարային գունավորիկներով նկարազարդել բակը։

Շուկայի ծավալները բավարարելու համար օրական երեք ժամը բավական է, որ կարողանան հասցնել բոլորի պատվերները։ Աշխատում են շաբաթական երեք օր։ Այս բիզնեսն ընտանեկան է։ Օգնում են նաև Ալլայի երկու դուստրերը։

Ալլան արդեն հստակ գիտի, թե ինչ ապագա է ունենալու «Գունավորիկը», իհարկե, Հայաստանի շուկան փոքր է, բայց այս բիզնեսն իրեն արդարացնում է։ Հետագայում հայկական արտադրության կավիճները կարտահանվեն, այդ ժամանակ բիզնեսն ավելի կամրացնի իր դիրքերը, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։

Ցուցադրել ավելի
Back to top button