Ստարտափ Հայաստան

«ՆախշՏուն»-ի գաթաների մեջ Հայաստանի մարզերում անցկացրած մանկության համն է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի Մարգարիտ Թաթոսյանն ու գրաֆիկ դիզայնով զբաղվող Գևորգ Զաքարյանն ամուսիններ են, ովքեր համավարակի օրերին աշխատանքի լուրջ խնդիր ունեցան։ Երկուսն էլ որոշեցին, որ բիզնեսի համար վտանգավոր շրջանում էլ հենց պետք է նոր բիզնես ստեղծել։ Մինչ գաթայի բիզնեսով զբաղվելը բազմաթիվ այլ մտքեր են ունեցել, հետո հարց ու փորձ անելով հասկացել են, որ հենց դա կհաջողվի Հայաստանում։

Մարգարիտ Թաթոսյան

Բիզնեսի համար դժվար փուլում մեծ ներդրումների մասին խոսելն անիմաստ էր, ուստի ամուսինները որոշեցին նվազագույն ծախսերով սկսել գործը։ Մարգարիտն ասում է, որ տարբեր զգացողություններ էր ունենում, երբ գաթան վաճառում էր ընկերներին։ Նրա խոսքով, հենց ընկերներն ու բարեկամները կարողացան այդ դժվար պահին բիզնեսը ոտքի հանել և օգնել այդ անհարմար պահը շրջանցել ու գիտակցել, որ ընկերությունը ընկերություն է, բիզնեսն էլ՝ բիզնես։

Ինչ-որ շրջանում Մարգարիտը զբոսավարի դասերի է մասնակցում ու ծանոթանում մեր պատմությանը։ Գևորգն էլ կողքից հետևելով հասկանում է, որ կարելի է այդ ինֆորմացիան օգտագործել գաթաներին գեղեցիկ տեսք տալու համար։ Այդպես որոշում է օգնել կնոջն ու բիզնեսն ավելի մրցունակ դարձնել՝ հետաքրքիր լուծումներով։

Մարգարիտն էլ Գևորգն էլ յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց ստեղծածի հանդեպ, հավատում են, որ հաջողում են հենց այդ սիրո ու ջերմության շնորհիվ։ Մարգարիտին առաջ գնալու համար ուժ է տալիս նաև այն, որ հաճախ տարեց մարդիկ ուտում են գաթան և հուզմունքով ասում, որ զգում են իրենց մանկության համը։ Նշանակում է` իզուր չէ, որ ամբողջ Հայաստանի բաղադրատոմսերով պետք է պատրաստվեն գաթաներն ու փոխանցեն սիրտ ջերմացնող և լավ հիշողություններ պարգևող պահեր։

Ցուցադրել ավելի
Back to top button