Այսօրը

Այսօր | Յուրաքանչյուրի իրական մասնագիտությունն ինքն իրեն հասնելն է. Հերման Հեսսե

Հերման Հեսսեի ստեղծագործությունները կապվում են հոգևոր մեծ ներուժի և բարոյական բարձր իդեալներին միտված գրականության հետ։ Այսօր գերմանացի գրողի, հումանիստ-արվեստագետի ծննդյան օրն է։ 

Հերման Հեսսեն ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբ շրջանի Կալվ քաղաքում՝ շվաբական բարեպաշտության, խստակրոնության, քրիստոնեական և բարոյական հստակ պատկերացումների միջավայրում։ 

Ընտանեկան ավանդույթներից էր գալիս Հեսսեի արևելապաշտությունը։ Նա ստեղծում էր կյանքի ամբողջական փիլիսոփայություն, որի իմաստը  «ժամանակավոր Եվրոպային» «հավերժական Արևելքով» փրկելն էր։ 

Ստեղծագործական ողջ կյանքում ապրում է գրեթե արևելյան մենակյացի նման՝ մեծ քաղաքներից և գրական բանավեճերից, բայց ոչ մշակույթից և իրական կյանքից հեռու։ Դա կաֆկայական մեկուսացումը չէր՝ կյանքի բոլոր ձևերի արմատական մերժմամբ, ընդհակառակը, Հեսսեն սիրում էր կյանքը և ապրում էր լիարժեք։ Սակայն նրան  բարդ ժամանակներ բաժին հասան։

Առաջին համաշխարհային  պատերազմն արմատապես փոխեց նրա հայացքը մարդու և իրերի հանդեպ, նրան թելադրեց նոր  մոտեցումներ և սկզբունքներ, որոնք մինչ այդ   անծանոթ էին  իրեն։ Հենց այս շրջանում գրեց ամենանշանակալի՝  «Դեմիան» վեպը։

Ըստ նրա՝ անհատի կայացման գործում մեծ նշանակություն ունի «ճանապարհ դեպի ներս» մեթոդը։

«Յուրաքանչյուրի իրական մասնագիտությունն ինքն իրեն հասնելն է, հասկանալ ու գտնել սեփական և ոչ թե սիրած ճակատագիրը, իսկ մնացածը կիսատ-պռատութուն է, փախուստի փորձ, վերադարձ դեպի զանգվածների իդեալը»։ 

Հեսսեն այս վեպում «ճանապարհ դեպի ներսը» համարում է փրկություն ոչ միայն անհատի, այլև ամբողջ Եվրոպայի համար՝ ճչացող ոգու դատարկությունից ազատվելու և սեփական ինքնությունը գտնելու առումով։ Այն դառնում է ժամանակի երիտասարդական շարժման  ուղեցույց — ձեռնարկ։

Պատերազմի պատճառած հոգևոր ցնցումներին հաջորդում են անձնական կորուստները՝ նախ մահանում է  հայրը, ապա, հոգեկան ծանր հիվանդությունից,  առաջին կինը։ Այս ամենի արդյունքում Հեսսեի հոգեկան վիճակը վատթարանում է։

Հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու հույսերով՝ գրողը ուղևորվում է Լուցերն, որտեղ ծանոթանում է բժիշկ Յոսեֆ Լանգի հետ։ Այնուհետև Գերմանիայի դեսպանատան կողմից գործուղվում է Բեռն՝ որպես զինվորական նախարարության պաշտոնյա։ Այնտեղ կատարում է հումանիտար իր առաքելությունը՝ արդեն սպայի կոչումով։ Այս տարիներին Հեսսեն թաքցնում է իր գրվածքները և հրատարակում երիտասարդ և հիվանդ գրողի անունից։ 

Գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը «Տափաստանի գայլը» վեպն է, որտեղ արտացոլված են 20-րդ դարի առաջին կեսի Եվրոպայի հասարակական, գիտական և գեղարվեստական մտքի գրեթե բոլոր կարևոր դրսևորումները։

Սա ստեղծագործություն է հիվանդ հասարակության և հիվանդ մարդու մասին։ Հեսսեն իր վեպին հաղորդում է ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև քաղաքական բովանդակություն՝ այն դարձնելով դարասկզբի եվրոպական ավերիչ պատերազմների, հեղափոխությունների և անկումների գեղարվեստական անդրադարձ։ 

Մետաֆորներով, խորհրդանիշներով հարուստ այս վեպում առանձին գաղափարական կշիռ է ստանում երաժշտությունը՝ իր սովորական իմաստից աստիճանաբար վերածվելով գերմանական և առհասարակ մարդկային ոգու ճանաչման բանալու։ Գերմանական գրականության մեջ Հոֆմանից հետո Հեսսեն, ապա Թոմաս Մանը, երաժշտությունը դարձնում են միջոց, որով հնարավոր էր խոսել բարդ աշխարհի մասին։

Երաժշտության մասին դատողություններով լեցուն են Հեսսեի գրեթե բոլոր երկերը՝ «Դեմիան», «Հովեկներ», «Հուլունքախաղ» և այլն։

Հեսսեի համար Մոցարտի «Կախարդական սրինգը» կարող է մարդուն վերադարձնել այն, ինչ կորցրել է՝ ոչնչացնելով նրա մեջ բազմաթիվ «ես»-երի հակամարտությունը, մինչդեռ ժամանակակից երաժշտությունը մարդուն մղում է ոչ թե ամբողջականության, այլ բնազդային աղավաղումների, կրքերի և եսամոլության։ Գրողը դեմ էր ջազ երաշտությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիայի և գերմանական գրականության համար ծանրագույն ժամանակներում, նա ստանում է  Նոբելյան մրցանակ։ Դա ոչ միայն մեծ գրողի վաստակի ճանաչման, այլև գերմանական մշակույթի՝ ինքն իր դեմ տարած հաղթանակի վկայությունն էր։

Կյանքի վերջին տարիներին, խոսելով իր հոգեմտավոր զարգացման մասին, Հեսսեն նշում է երեք կարևորագույն գործոն, որոնք հետք են թողել իր  վրա՝ հայրական տան քրիստոնեական, ազգայնականությունից զերծ ոգին, մեծ չինացիների ուսմունքը և մշակույթի պատմաբան Յակով Բուրկհարդտի պատմագրությունը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button