Իմ օրինակը

Տիրուհի Հարությունյանի օրինակը

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից է «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի ղեկավար Տիրուհի Հարությունյանը։ Երիտասարդներին մոտիվացնող համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում։ «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի թիմում 10 հոգի են։ Տիրուհին ասում է՝ խնդիրներ ու հուսահատության պահեր շատ են եղել կազմակերպչական աշխատանքները համակարգելիս, բայց ամեն ինչ հաղթահարել են։ Կարճաղբյուրի 8–18 տարեկան 80 աշակերտի հետ քննարկել են, թե ինչ սպորտաձևերով են նրանք ցանկականում դասընթացներ ու մարզումներ անցկացնել։ Արդյունքում ընտրել են երեքը՝ վոլեյբոլ, բակային մարզումներ ու յոգա։
Տիրուհին պատմում է, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ սկսեցին համագործակցել․15 երեխայի համար ոչ միայն տեսական այլև դպրոցի բակում գործնական  դասընթաց անցկացրել։ Բակային մարզումների գործում օգնության է հասել «Street Workout Armenia»–ի թիմը։ «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ էլ յոգայի մասնագետներ են եկել Կարճաղբյուր, խոսել դրա պատմության ու նշանակության մասին, հետո հաջորդել է գործնական դասընթացը։

Լուսանկարը՝ Վահե Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Ծրագրի շրջանակում իրականցվել է նաև սպորտային փառատոնը, որին մասնակցել են գյուղի պատանիները։ Անցկացվել է վազքի մրցույթ, սպորտային թեմաներով ինտելեկտուալ խաղ և բակային մարզումներ։ Տիրուհին ասում է, որ փառատոնը ցույց տվեց՝ սպորտով զբաղվել ցանկացող  պատանիները շատ են, իսկ ահա Կարճաղբյուրում չկան նման հրապարակներ, միայն դպրոցի բակն է, որը ոչ բոլորին է հասանելի։ Որոշեցին դիմել «Street Workout Armenia»–ին մարզահրապարակի նախագիծ ստանալու համար, իսկ համայնքի երիատասարդները ձեռնամուխ եղան դրամական աջակցություն գտնելուն։

Տիրուհու ընկերները նպաստել են սպորտային փառատոնի անցկացմանը, անգամ խրախուսական նվերներ ուղարկել։ Շրջապատում իր ակտիվությունն օրինակ է դարձել և շատերն են իրենց համայնքներում տարբեր ծրագրեր իրականացրել։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է ավարտել Տիրուհին, աշխատում է մասնագիտությամբ, պատրաստվում է ուսումը մագիստրատուրայում շարունակել։ Իրավագիտության մասին իր գիտելիքները դասընթացների միջոցով փոխանցնում է համայանքի պատանիներին ու երիտասարդներին։


Կարճաղբյուրում աշխատատեղերի բացակայությունը լուրջ խնդիր է, ինչի հետևանքով երիտասարդները լքում են գյուղը։ Ժամանցի մի քանի վայր կա, բայց ահա ոչ ֆորմալ կրթական հարթակները բացակայում են, իսկ դրանք պետք են երիատասների զարգացման համար։ Տիրուհին իր ապագան Հայաստանում է տեսնում ու ձգտում, որ իր համայնքում լինեն այնպիսի հնարավորություններ, որ Կարճաղբյուրը լքելու ցանկություն ոչ ոք չունենա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button