Ստարտափ Հայաստան

Կավե բաժակների վրա իմ մատնահեթքերն եմ թողնում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Թվում է՝ քչերը «կհամարձակվեն» ԵՊՀ «Հանարային կառավարում» բաժնում սովորել երկու տարի, հետո փոխել հեռակա ու զբաղվել նկարչությամբ։ Այդպես կարող էր անել այն մարդը, ով մոտավորապես մինչև 25 տարեկան է, էմոցիոնալ, պահի տակ որոշումներ կայացնող, և սրտին լսող։

Հարցին՝ ինչ էր մտածում այդ քայլին գնալուց, Անահիտ Նիկողոսյանի պատասխանը մեկն է՝ լսել եմ սրտիս։ Տարիներ առաջ նրա շրջապատում  հայտնվում են նկարիչ երիտասարդներ, արդեն կայացած արվեստագետներ, որոնց հետ շփման ընթացքից էլ պարզ է դառնում՝ որքան էլ ասեն, որ նկարիչները քիչ գումար են աշխատում, մեկ է, պետք է զբաղվել դրանով։

Տարիներ են անցնում ու Անահիտը զգում է, որ նկարելուց բացի ցանկություն ունի նաև կավով աշխատել։ Սա արդեն լուրջ էր։ Բաժակ պատրաստելը հեշտ չէր, ինքը Անահիտն էլ՝ անփորձ։ Երևանյան տաքուկ անկյուններից հետո մտքին այլ գաղափարներ եկան՝ բաժակ, որը լինելու է մարդկանց առօրյայի մի մասը։ Անահիտի ընտրած դիզայնը ռիսկային է։ Բաժակներն անհարթ են, տեղ-տեղ երևում են հեղինակի մատնահեթքերը, թվում է՝ անփույթ աշխատանք է, բայց իրականում, հենց դա է Անահիտի պատրաստած բաժակներին այդքան ճանաչում բերել։ Ձեռագործ իրերի բիզնեսում էլ հաջողելու համար ինչ է պետք։ Առաջարկել մի բան, որը յուրօրինակ է, հեղինակից մասնիկ ունի ու անհատական ստեղծագործություն։

Անահիտի բիզնեսը ստեղծվեց ոչ թե գումար աշխատելու, այլ ավելի կարևոր բանի համար։ Շփվել մարդկանց հետ, հասկանալ՝ ով ինչ նախասիրություն ունի, հետևել նրանց էմոցիաներին, հեղինակ դառնալ նրանց զգացումների, որոնք առաջանում են իրենց համար հատուկ պատրաստված իրը ձեռք բերելիս։ Նրա ստեղծած բաժակները միայնակ են գալիս այս աշխարհ։ Նրանց հետ չկա ոչ ափսե, ոչ գդալ, ոչ էլ պատառաքաղ։

Մեկ բաժակը մոտավորապես երկու շաբաթում է պատրաստվում։ Սա իսկական մարտահրավեր է։ Փոխանակ գնալ և խանութից սրտիդ ուզած ձևի, չափի ու գույնի բաժակ գնել, սպասում ես․․սպասում ես հենց քո բաժակին, որից ամբողջ աշխարհում միայն դու կունենաս։

Ահա, թե ինչպես է սպառվում ձեռագործ արտադրանքը Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button