Տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերում է ֆինանսական խարդախությունների թվի աճ։ Հայաստանում արագ տարածվում են ներդրումային հարթակներ ներկայացող «ֆինանսական բուրգերը», որոնք առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ և բարձր տոկոսներ հարթակ հրավիրված անձանց դիմաց:
Վերջին շաբաթներին մեծ աղմուկ հանած HelloBit առցանց հարթակն օրեր առաջ սառեցրեց օգտատերերի հաշիվները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ ֆինանսական կորուստներ, անձնական տվյալների արտահոսք և հոգեբանական ծանր ապրումներ ունեցան։
Մի քանի ամիս Հայաստանում գործած HelloBity–ը մարդկանց առաջարկում էր ներդրումներ կատարել և օրական կուտակել 2-3 տոկոս գումար։ TSQ ներդրումային ընկերության հիմնադիր Հենրի Ջոնս անունով ներկայացող տելեգրամյան բոտն ամենօրյա նամակագրական կապի մեջ էր օգտատերերի հետ, նրանց հորդորում էր նոր մարդականց ներգրավել և բարձր եկամուտ ունենալ։ Սակայն նոյեմբերի 3–ից բազմաթիվ քաղաքացիներ այլևս չկարողացան HelloBity–ի հաշվին ներդարծ կամ կուտակած գումարը կանխիկացման նպատակով փոխանցել այլ հաշվի։ Բայց Հենրի Ջոնսը 19 հազարից ավելի անդամ ունեցող տելեգրամյան հայկական ալիքում շտապեց մարդկանց հանգստացնել գրելով, որ բլոկչեյն ցանցի ալիքներում որոշակի գերբեռնվածություն կա և դա նորմալ է, չի նշանակում, որ հաշվի վրա եղած միջոցները չեն կարող դուրս բերվել։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը դեռ շաբաթներ առաջ էր զգուշացրել ֆինանսական բուգի ռիսկերի մասին, նշում է, որ նման հարթակներում կուտակված եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց հրավիրում են։
Կիբեռոստիկանությունը ևս դեռ սեպտեմբեր ամսին զգուշացրել էր՝ զերծ մնալ Հայաստանում տարածվող ՍիթիԲայք, HelloBity և նմանատիպ այլ անուններով հանդես եկող «ֆինանսական բուրգերից»։ Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է դիմել տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։



