ԹատրON

ԹատրON | «42-24». Աշտարակի դրամատիկական թատրոն

Տարիներ առաջ ռեժիսոր Գոռ Մարգարյանն իր ուսանողների հետ բեմադրեց «Բովանդակություն» ներկայացումը՝ փոխելով ուսանողական ներկայացման մասին ընկալումը։ Այն մինչև այսօր խաղում են՝ Աշտարակի թատրոնում, ստացել է մի քանի «Արտավազդ» մրցանակ՝ տարբեր անվանակարգերում։ Այդ բեմադրությունից հետո, նորի ակնկալիքն ավելի մեծ էր։  Այս տարի՝ մայիսի 8-ին և 9-ին, Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ  «42-24» ներկայացման առաջնախաղը։ Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանինն է՝ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա։ Բեմում էին նրա ավարտական կուրսի ուսանողները և ոչ միայն։

«42-24»

Միլլերի այս պիեսն այսօր, հատկապես, արդիական է՝ ճնշման, անտարբերության ու մարդասիրական փլուզման ժամանակակից դրսևորումների ֆոնին։ Գործողությունը տեղի է ունենում 1942 թվականին Վիշիում՝ նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում, որտեղ մի խումբ տղամարդիկ պահվում են փաստաթղթերի ստուգման պատրվակով։ Դեպքերը զարգանում են ու  պարզ է դառնում՝ նրանք իրականում հրեաների են բացահայտում։ 

Ներկայացման սկզբում ստեղծվում է լարված սպասողական մթնոլորտ։ Դահլիճի լույսերն անջատվում են, ոչինչ չի սկսվում։ Սրահում լռություն է։ Ոչ ոք չի մտնում բեմ կամ դուրս գալիս, սպասումը երկար էր, մի քանի րոպե անց՝ ներկայացումը սկսվում է։

Գոռ Մարգարյանի թատերական ձեռագիրը վաղուց արդեն բնորոշվում է խորքային գաղափարական մոտեցմամբ, դերասանների հետ մանրակրկիտ աշխատանքով և բեմադրական խիստ մտածված լուծումներով։ Պիեսի վերնագրի փոփոխությունը, «Պատահար Վիշիում»–ից՝ «42-24», բովանդակային հստակ ուղերձ ունի․ 1942-ի ողբերգությունը կրկնվում է՝ արդեն նոր տարեթվերով։ 

«42-24»

Ներկայացման ընթացքում հնչում է Նարեկ Կոսմոսի երաժշտությունը, որն ամբողջացնում է դրամատիկ տեսարանների լարումը։ Բեմում Գոռ Մարգարյանի ավարտական կուրսի ուսանողներն են, նրանց կողքին նախկին ուսանողները, ովքեր արդեն աշխատում են Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Միշա Հակոբյանը նրանցից մեկն է։ Նա արդեն փորձ ուներ դրամատիկ կերպարներ մարմնավորելու։ 
Ներկայացման մեջ ընդգրկված է տասներեք գլխավոր դերակատար, որոնք առանձնանում են մանրակրկիտ կերպով մշակված դերային վարքով։ Հատկապես շեշտադրելի են մարմնավորման մանրամասները՝ դողացող ոտքեր, լարված մատներ, անթարթ հայացքներ, հանկարծակի շնչահեղձություն և այլն։ Արթուր Վարդանյանի համար դերասանի կերպարը, որին մարմնավորում է, առաջին ու մեծ դերն է։

«42-24»

Ի սկզբանե պատի մեխերը գուցե անիմաստ թվան, սակայն առաջին գլխարկի կախելուց հետո նրանք սկսում են կարծես «խոսել»։ Յուրաքանչյուր մեխ վերածվում է հիշողության նշանի, անհայտ ճակատագրի կետի։ Երբ ներկայացման վերջում բեմ են մտնում կանայք, երեխաներ ու ծերեր՝ ևս մեկ անգամ ցուցադրելով ցեղասպանվողների զանգվածը, պատը գլխարկներով ստանում է խորհրդանշական ուժ։ Այս տեսարանը բեմադրության հզոր կուլմինացիան է, որը փոխում է թե՛ ժամանակը, թե՛ թեմատիկ ֆոկուսը՝ պատերազմի անձնական ողբերգություններից դեպի համամարդկային ողբերգություն։

«42-24»

Ամփոփելով՝ «42-24»-ը բարոյապես լուրջ ու գաղափարապես խիտ բեմադրություն է, որն առաջարկում եմ դիտել։ Հաջորդ ներկայացումը խաղալու են սեպտեմբերի 14-ին։

«42-24»







Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button