ԹատրON

ԹատրON |  «Մետրանպաժ». Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Վամպիլովը, չնայած կարճ կյանք ունեցավ, սակայն հասցրեց դառնալ ռուսական թատրոնի դասականներից  մեկը։ Նրա հերոսները պարզ, հասարակ մարդիկ են, նրանց կյանքը՝ բարոյական երկընտրանքների, ընկերության, արժանապատվության և մարդկային բացասական կողմերի պատկերացմամբ։ Նա կարողացել է խուսափել ուղիղ գաղափարական քարոզից՝ տալով ավելի խոր և հուզիչ մարդկային պատմություններ։  Վամպիլովի ստեղծագործությունների մեծ մասը գրվել է անցյալ դարի 60–70-ականներին։ Նա չհասցրեց վայելել իր գրական փառքը. 1972-ին՝ 34 տարեկանում, խեղդվեց Բայկալ լճում։ Վամպիլովն արժանիորեն չի գնահատվել իր ժամանակակիցների կողմից, միայն մահից հետո, բեմադրիչների վերաբերմունքը նրա ստեղծագործությունների հանդեպ փոխվեց։ Սկսեցին բեմադրել նրա ստեղծագործությունները։ 

Հայ թատրոնում, հեղինակին շատ չեն անդրադարձել,  թերևս, միայն վերջերս է հեղինակի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել։ Օրեր առաջ, Հակոբ Պարոյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է նրա  «Գավառական անեկդոտներ» շարքի պիեսներին, համադրել ու բեմադրել՝ «Մետրանպաժ» կատակերգությունը։ 

«Մետրանպաժ» ներկայացում

«Պատմություն մետրանպաժի հետ»-ը Վամպիլովի ամենավաղ գրած և ամենակարճ մեկ գործողությամբ պիեսներից մեկն է, որը հետագայում ընդգրկվել է «Գավառական անեկդոտներ». «Տրագիկոմիկ ներկայացում երկու մասով» երկմասանի շարքում՝ որպես առաջին մաս։ «Գավառական անեկդոտներ» անվանումով գրողը հեգնորեն մատնանշում է  հասարակ, նույնիսկ զավեշտալի թվացող դրվագները, որոնք իրականում բացահայտում են մարդկային էության խորը շերտեր։ Երկու մասերն էլ գրված են մեկ գործողությամբ, որոնք ծավալվում են խորհրդային գավառական միջավայրում և կառուցված են բյուրոկրատիայի, բարոյականության, անտարբերության ու հույսի թեմաների շուրջ։ 

«Պատմություն մետրանպաժի հետ» պիեսն ավելի հաճախ բեմադրվել է ուսանողական թատրոններում։ Աշոտ Հակոբյանն էլ սովորելու տարիներին է ծանոթացել պիեսին, իսկ այսօր արդեն բեմադրել՝ «Մետրանպաժ» ներկայացումը։ Բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 26-ին և 27-ին։ 

«Մետրանպաժ» ներկայացում

Պիեսի իրադարձությունները տեղի են ունենում գավառական հյուրանոցի սենյակներից մեկում։ Հյուրանոցի սենյակ է ներխուժում անհասկանալի մեկը՝ գրգռված, վրդովված ու հստակ համոզմամբ՝ տեղի է ունեցել անարդարություն։ Նրա հոդվածը չի տպագրվել, և մեղավորը, անկասկած, մետրանպաժն է։  Հնչում է անուն՝ մետրանպաժ։ Անծանոթ, գրեթե ծիծաղելի։ Բայց հենց այդ անունը դառնում է ամբողջ ներկայացման առանցքը։ Ոչ ոք չգիտի իրական պատճառը, ոչ ոք լիարժեք չի հասկանում՝ ո՞վ է մետրանպաժը, ի՞նչ է արել նա կամ ինչ  չի արել։ Գլխավոր կերպարին մարմնավորում է Վարդան Կուղյանոսյանը, որի խաղը երբեմն գրոտսեկային է, երբեմն՝ հանդարտ, վախեցած,  բայց երկու վիճակներն էլ  արդարցված ու հետաքրքիր էին։ 

Սոնա Մուրադյանի և Աշոտ Հակոբյանի համագործակցությունն առաջինը չէ․ այս անգամ դերասանուհին խաղում է իր առաջին կատակերգական դերը։ Սեթևեթող, քմահաճ, ցուցադրաբար արիստոկրատ ու շողոքորթ մի կնոջ մարմնավորելը միևնույն ժամանակ եղել է և հեշտ, և մարտահրավերային։

Ներկայացման դերակատարներն են նաև Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Ոսկանյանը, Գևորգ Դավթյանը, Սամվել Դանիելյանը, Հասմիկ Գևորգյանը։ Վերջինս բեմում է առաջին պահից՝ վարագույրի բացվելուց ի վեր։ Նրա մարմնավորած հերոսուհին անկախ իր կամքից ներքաշվում է խառնաշփոթ և անհասկանալի մի իրավիճակի մեջ․ նրա հյուրանոցային սենյակ են ներխուժում տարբեր մարդիկ, որոնց նա բնավ չի ճանաչում։

Ներկայացման ընթացքում հանդիսատեսին մշտապես ուղեկցում է մի կարևոր հարց՝ ո՞վ է մետրանպաժը։ Բեմադրական լուծումները կառուցված են այնպես, որ հենց այդ պահը մոտենում է՝ երբ կարծես պիտի բացահայտվի հերոսի ինքնությունը, անսպասելի հանգամանք կամ նոր խոչընդոտ է առաջ գալիս, որը հետաձգում է պատասխանն ու խորացնում անորոշությունը։ Սա ռեժիսորական նուրբ հնարք է, որով ստեղծվում է լարվածություն և հետաքրքրության մշտական զգացում՝ հանդիսատեսին պահելով սպասման մեջ գրեթե մինչև վերջ։ Այս խաղը դիտողի հետաքրքրության, միևնույն ժամանակ՝ սյուժեի դինամիկ զարգացման վրա է հիմնված և հանդիսանում է բեմադրության դրամատուրգիական առանցքներից մեկը։

Ներկայացումը թատրոնի խաղացանկում է, հետևեք նրանց էջին, տոմս գնեք ու գնացեք իմանալու՝ ինչ կամ ով է մետրանպաժը, եթե դեռ  չգիտեք։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button