ԹատրON

ԹատրON | «Սէր վանդակում». Էութեան թատրոն 

ԹատրON փոդքասթում հարյուրից ավելի բեմադրությունների մասին եմ պատմել՝ ուշադրության կենտրոնում պահելով անհատ ստեղծագործողներին, անկախ թատերախմբերին, նորաստեղծ թատրոններին։ Հատկապես նրանց, որովհետև նրանք առաջին քայլերն են անում և աջակցության կարիք ունեն՝ աշխատանքը շարունակելու, հղկվելու և որակյալ բեմադրություններ անելու համար։ 

Ելնելով սրանից՝ այս անգամ պատմելու եմ «Էութեան» թատրոնի մասին։ Դժվար է ամեն ինչ զրոյից սկսել, բայց, երբ ստեղծագործելու ցանկությունը մեծ է պատճառաբանությունները մի կողմ են դրվում. խոսքը դառնում է գործ։ Մի քանի ստեղծագործողներ չորս տարի առաջ հավաքվեցին, քննարկեցին ու սկսեցին աշխատել։ Նրանց թվում էր Արմինե Փամբուխչյանը։

«Սէր վանդակում» ներկայացում

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում եմ։ Վերաբացվելուց հետո այն կարծես հարթակ է դարձել տարբեր թատերախմբերի համար։ Սա կարևոր է, որովհետև շատ ներկայացումներ երկար կյանք չեն ունենում՝ խաղալու տարածք չունենալու պատճառով։  

Այս անգամ եկել եմ դիտելու «ՍԷր վանդակում» բեմադրությունը։ «Էութեան» թատրոնի երրորդ աշխատանքն է։ Ներկայացման հիմքում գրող Գևորգ Շահինյանի «Թութակները վանդակում» ստեղծագործությունն է։ Պիեսն արու և էգ թութակների մասին է։ Արուն ուզում է սիրել, բայց վախենում է պատասխանատվությունից, Էգ թութակը սիրում է և ուզում է ձագուկներ ունենալ։ Այդ ցանկությունը միակողմանի է, ի վերջո՝ նա որոշում է կայացնում։ 

«Թութակները վանդակում» պիեսին անդրադարձել է Հովհաննես Շանթէն, փոխելով՝ «Սէր վանդակում»։ Նրա մտահղացումը հետաքրքիր է՝ կենդանական բնազդի միջոցով բացել մարդկային զգացմունքները։ Արդյո՞ք մարդիկ էլ բնազդներով են շարժվում, ուշադրություն դարձնու՞մ ենք դրանց, կարևորում են ու ինչպե՞ս են հաղթում իրենց բնազդներին։

«Սէր վանդակում» ներկայացում


Դահլիճի լույսերն աջատվեցին։ Վարագույրը փակ է, կիսով չափ բացվում է ու տեսնում ենք Սուսաննա Բաբայանին։ Մի քանի վայրկյան պարում է։  Սկսվում է ներկայացումը։ Բեմում դերասան Ավագ Վարդանյանն է, գոռում է՝ Էգ եմ ուզում։ Այս նույն նախադասությամբ է սկսվում և ավարտվում բեմադրությունը

Դերասանները թութակ չեն խաղում՝ գրեթե ոչինչ չի հիշեցնում այդ թռչուններին։ Եթե հաշվի չառնենք մի քանի արտահայտություն՝ «տերը կեր է տալիս», «կատուն փետրահան կանի», «ձագ եմ ուզում ունենալ» և այլն։ Բեմում Ավագ Վարդանյանն  ու Հասմիկ Վերդյանն են։ Վերջինս աշխատում է նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 

Սեթևեթանքով Հասմիկ-դերասանուհին մտնում է բեմ՝ պատրաստ գրավելու արուին ու իրագործելու իր վաղեմի ցանկությունը՝ սիրել, սիրվել ու կարևորը՝ մայրանալ։ Կինը պետք է կյանք պարգևի, անպայման։ Սա ներկայացման գլխավոր ասելիքն էր, ըստ իս։  Այս մոտեցումը վիճելի է, հատկապես մեր օրերում։ Սա իմ կարծիքն է, բայց յուրաքանչյուրդ պետք է դիտեք ներկայացումն ու եզրահանգում անեք։

«Սէր վանդակում» ներկայացում

«ՍԷր վանդակում» ներկայացման  գործողությունները տեղի են ունենում վանդակում։ Բեմի ձախ կողմում փայտյա, ճաղերով դուռ է։ Մեջտեղում սեղան է՝ վրան ծաղիկներ, կողքին՝ ճոճաթոռ։ Երկու կողմերում սպիտակ կտոր է, որոնցից մեկի հետևում տեղի է ունենում սիրային տեսարանը։ Հետաքրքիր էր ռեժիսորի միտքը՝ պարի միջոցով ցույց տալ սերը, կիրքը, ցանկությունը։  Վերևից երկու օղակ էր կախված, այդպիսիք լինում են թութակների վանդակներում։ Էլի մի քանի դեկորներ, ռեկվիզիտներ կային բեմում։ Գուցե՝ միայն փայտյա դուռը, ճոճաթոռը, երկու օղակն ու սպիտակ սավանը բավական էին։ Թատրոնը պայմանականություն է։ Այնտեղ իրերն այլ ձև ու բովանդակություն են ստանում, իսկ հանդիստեսն ընդունում է այդ իրականությունն ու հավատում։ 

Էութեան թատրոնն իր ներկայացումները տարբեր թատրոններում է խաղում։ Խաղացանկին ծանոթանալու և տոմս գնելու համար հետևեք նրանց սոցիալական էջերում։ Այդպես նրանք հնարավորություն կունենան նաև հետագայում շարունակելու աշխատել ու նոր առաջնախաղեր ունենալ։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button