Մինչև Արցախից բռնի տեղահանումը Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում էր գործում «Մունք» տեխնոդպրոցը։ Այնտեղ մասնագիտական կրթություն էին ստանում 250-ից ավելի ուսանող։ Տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանին հանդիպել եմ «Դիջեթեք 2023» ցուցահանդեսին և «Մունք»–ի տաղավարում զրուցել տեխնոդպրոցի ստեղծման, կրթական ծրագրերի և արդեն Հայաստանում վերսկսվող աշխատանքների մասին։

«Մունք» տեխնոդպրոցը, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, գործունեությունը կշարունակի երեք ուղղությամբ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն․ ընդհանուր 11 մասնագիտացում։ Լոռու մարզում արդեն ունեն հարմար տարածք, որտեղ կարող են վերսկսել աշխատանքները: Աշոտ Ավանեսյանի խոսքով՝ տեղահանման ժամանակ կարողացել են տեխնոդպրոցի գույքի մեծ մասը դուրս հանել։

Արցախից բռնի տեղանահվելուց հետո «Մունք» տեխնոդպրոցի առաջին փուլի դասընթացավար Սվետլաննա Մանասյանն ապրում է Լոռու մարզի Մեծավան համայնքում։ Ասում է՝ իր ապագան միշտ կապել է «Մունք»–ի հետ, քանի որ երեխաներին կրթելով, ամենապահանջված մասնագիտությունները սովորեցնելով՝ հիմք ես դնում հայրենիքի հզորացմանը։

Առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է վերսկսել տեխնոդպրոցի գործունեությունը Տաշիր քաղաքում և մոտակա 6 գյուղերում։ Մինչև տարվա վերջ էլ «Մունք»–ը կհասնի Վանաձոր՝ ներգրավելով 80 ուսանող։



