Ես ընտրել եմ Հայաստանը

Ես ընտրել եմ Հայաստանը․ Գայանե Ղազարյան

Երևանից Կրասնոդար, Կրասնոդարից Երևան․ այս երկու քաղաքներում է ապրում, սովորում և աշխատում 31–ամյա Գայանե Ղազարյանը։ Պատմում է, որ 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, բայց Հայաստանում կրթություն ստանալու նպատակով մի քանի տարի անց վերադարձավ։ Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել Կրասնոդարի մշակույթի պետական ինստիտուտում` ստանալով մշակութաբանի և հագուստի դիզայների մասնագիտությունները։

Ասում է՝ 11 տարի հայրենիք 1–2 շաբաթով որպես զբոսաշրջիկ կամ տարբեր ծրագրերի մասնակից է եկել, բայց վերադառնալու ցանկություն միշտ է ունեցել, հատկապես 44–օրյա պատերազմի և 2022-ի սեպտեմբերյան պատերազմական օրերից հետո, երբ հեռվից հետևում էր լուրերին և ոչնչով չէր կարողանում օգնել։ Տարբեր ծրագրեր ուսումնասիրելուց հետո 2022 թվականի նոյեմբերին «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան և որպես հագուստի դիզայներ սկսեց աշխատել տարբեր նախագծերում։

Լուսանակարը՝ Գայանեի ֆեյսբուքյան էջից

«Դեպի Հայք» ծրագրի հյուրընկալ ընտանիքներից՝ տիկին Սուսաննայի տանն է ապրում, ընտանեկան ջերմության, հոգատարության պակաս չի զգում։ Ասում է՝ իր հավաքածուն ստեղծել է հենց այդ տանը տիկին Սուսաննայի օգնությամբ և կարի մեքենանայով։ Ի դեպ այդ զգեստները ցուցադրվել են վերջերս անցկացված «Երևանի նորաձևության շաբաթի» ժամանակ։

Գայանեն խոսքով՝ Հայաստանում իր կյանքն այնքան բնական ու ներդաշնակ է, որ կարծես ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ։ Մինչև գալը մտքերը շատ էին տանջում, թե որքա՞ն ժամանակ պետք է մնա, որտե՞ղ պետք է ապրի կամ ինչո՞վ պետք է զբաղվի, բայց երբ ցանկությունը մեծ է, բոլոր ճանապարհները բացվում են քո առաջ։ Առայժմ միայնակ է եկել, բայց ընտանիքում հաճախ են խոսում, մտածում առաջիկա տարվա ընթացքում վերջնական տեղափոխվելու մասին։ Քույրն էլ է տարբեր ծրագրերով գալիս Հայաստան, և ծնողները տեսնելով, որ աղջիկներն ապագան հայրենիքի հետ են կապում իրենք էլ են մտածում վերադառնալու մասին։

Նրան դուր է գալիս հայկական ջերմությունը, ուշադրությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը։ Հայրենադարձ ընկերների հետ գրեթե ամեն շաբաթ արշավների է մասնակցում, ամենաշատը տպավորվել է Լոռվա բնությամբ ու հյուրընկալությամբ։

Դրսում ապրող հայ երիտասարդները հետաքրքրված են Հայաստանով, ցանակում են վերադառնալ,–ասում է Գայանեն և խորհուրդ տալիս տարբեր ծրագրերում ներգարվվել, կամավորական աշխատանք կատարել, երկարաժամկետ նախագծեր իրականացնել, թե՛ մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերել, թե՛ փոխանցել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button