Երիտասարդ համալրում

Պար հրետակոծության տակ

Ամենաանսպասելի վիճակագրությունը փաստում է, որ պատերազմների ժամանակ ամենաարագ զինվորագրվող խումբը պարողներն են: Վերջին պատերազմի ժամանակ պարզվեց, որ պարող տղաների մոտ 80 տոկոսը ռազմաճակատ է մեկնում պատերազմի առաջին օրերին՝ առանց զինկոմիսարիատից ծանուցում ստանալու։

Գեղամ Օհանյանը պարում է: Ապրել է 15 պար և 1 պատերազմ:

Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ զինվորների ու սպաների հոգեբանական պատրաստվածությունն անբավարար էր։ Անհնար է այդքան արկերի տակ առանց որոշակի մշակութային, համախմբող երևույթների առկայության մնալ սթափ վիճակում․ գերբնական հոգևոր ուժեր են անհրաժեշտ, որ պահպանես կայունությունդ։

Գագիկ Գինոսյանը գիտի բոլոր պարերն ու մասնակցել է բոլոր պատերազմներին: Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ է և արիության մեդիալի շքանշանակիր: Նրա հիմնած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը, «Կարին»-ից դուրս եկած խմբերն ու այդ խմբերից դուրս եկած խմբերն այսօր ձևավորում են երկրի պարային դիմագիծը։ Գինոսյանը վստահ է, որ պարը պիտի մտնի նաև բանակ։

Մենք արդեն պատրաստել ենք ռազմապարերի ուսուցման ամբողջական տեսապարուսույցը՝ 15 ռազմապար 5 տեսահոլովակով՝ տեսական մաս, ուսուցողական, գործնական և բեմականացված ցուցադրումներ, ինչպես նաև տեսահալովակներ, որտեղ ռազմապարերից յուրաքանչյուրը կարինցիները պարում են հայկական որևէ խորհրդանշական ամրոցի վրա, որոնցից տասնմեկն Արևմտյան Հայաստանում։

Լուսանկարը ՝ Տիգրան Մադոյանի

«Տիգրան Մեծ» աշխարահազորային կամավորական գունդը Քառասունչորսօրյա պատերազմի թերևս ամենապարող ստորաբաժանումներից էր: Այնպես էր ստացվել, որ պարող տղաներից շատերը հենց այս գնդում էին հայտնվել:

Պատերազմ: Օր՝ չգիտեմ որերորդ: Տղաները ձայնից արդեն տարբերում են՝ մեր հրետանին է թխո՞ւմ, թե՞ թշնամու, բայց թե ինչ տրամաչափ է աշխատում, դեռ չեն կողմնորոշվում: Թվում է՝ թափվող արկերի տակ պարելու մասին միտքն անեհեթեթություն պիտի լիներ, բայց արի ու տես, որ այդ միտքը տղաներին հանգիստ չէր տալիս։

Անչափ կարևոր է բանակում մշակութային միջավայրի առկայությունը և հատկապես կարևոր է ազգային երգի ու պարի և որոշակի ծիսական միջոցառումների արժևորումը նախ հրամկազմի կողմից։

Լուսանկարը՝ Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի համահիմնադիրներից է: Նույնպես պարում է: «Այբ»-ն առաջին դպրոցներից էր, որտեղ ազգային պարը սկսեց դասավանդվել որպես պարտադիր առարկա:

Խմբակային պարն ունի մի շարք ազդեցություններ, որոնց արդյունքում աշակերտները ձեռք են բերում որոշակի հատկանիշներ ու մարդկային որակներ։ Դրանցից են դժվար իրավիճակներում իրար օգնելը, անկաշկանդ ու անմիջական միջավայրում իրարից սովորելը և նաև այն, որ խմբակային պարին մասնակցելու արդյունքում մարդն ազատվում է մենակության ու օտարվածության ճնշող զգացումից։ «Այբ»-ում նաև նկատել ենք, որ աշակերտների միջանձնային հարաբերություններն ավելի առողջ են դառնում, երբ նրանք պարբերաբար ուս ուսի քոչարի ու գյովընդ են պարում։

Լուսանկարը՝ ayb.am կայքից

Պարը դպրոցներ է սկսել մտնել 2014 թվականից: Այժմ այն դասավանդվում է ավելի քան 430 դպրոցում: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները տարեկան առնվազն 8 պար են սովորում, որոնցից 2-ը՝ ռազմապար։ Գագիկ Գինոսյանի կռիվը պարը բանակ հասցնելն է: Բանակի վերջին տասը տարվա բոլոր ղեկավարները գաղափարին հավանություն են տվել, բայց այն դեռ իրականություն չի դարձել։

Քառասունչորսօրյա պատերազմից առաջ Պաշտպանության նախարարը ստորագրեց ազգային պարը բանակում ներդնելու մասին հրամանագիրը, բայց այն դեռ իրականություն չի դարձել՝ համակարգում առկա ներքին խութերի պատճառով։ Ազգային պարերի՝ բանակում ներդրման մեխանիզմն արդեն մշակված է․ մեր ռազմապարերը պիտի սովորեն ռազմական համալսարանի բոլոր կուրսանտները, որոնք հետագայում ուղիղ շփվելով անձնակազմի հետ՝ պիտի լինեն գործընթացի վերահսկող օղակը, իսկ բանակին կից մի կառույցում էլ պիտի պատրաստվեն պար ուսուցանողներ։ Այս մեխանիզմով հնարավոր է 2-3 տարում ծրագիրը ներդնել ՀՀ զինված ուժերում։

Տիգրան Սեդրակյանը Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում սեպտեմբերի քսանիննից կռվել է Մարտունի 2-ի դիրքերում։ Նա վստահ է, որ պարը ավելին է քան շարժումը։

Հայրենիքը պաշտպանելուն մղում է ոչ թե պարը, այլ այն հոգեկերտվածքը, որը ձևավորվում է ազգային պարերը սովորելիս։ Պարող մարդու համար ոչ պատվաբեր է դառնում հայրենիքի համար չծառայելը։

2020թ․, սեպտեմբերի 29, կամավորներն ուս ուսի պարում են կռիվ մեկնելուց առաջ, շարքում 8 հոգի են, ձախից երրորդը՝ կապույտ վերնազգեստով, կարինցի Հարութն է՝ Հարություն Ստեփանյանը՝ լուսանկարիչ, արշավական, Աբովյանի «Ժայռ» պարային խմբի հիմնադիր։ Հարութը պարում է վարակիչ ժպիտը դեմքին։

Լուսանկարը՝ Հարություն Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

2020թ․, հոկտեմբերի 24, վերջին հրաժեշտ ընկերոջը, կամավորները կրկին պարում են, պարում են Հարութի ամենասիրելի պարը՝ յարխուշտան, առաջին անգամ պարում են առանց Հարութի վարակիչ ժպիտի։ Այս պարից հետո նրանց  բոլորի ձեռքերին կապտուկներ մնացին, յարխուշտան խտացած ցավն ուժի էր վերածել։

Տաթև Խաչատրյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button