Ստարտափ Հայաստան

Բժշկական համազգեստների արտադրությունը սկսեցի, որ շնորհակալություն հայտնեմ կյանքս փրկած բժիշկներին․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիանա Միլիտոնյանը երազանքներ կարծես թե չունի, համենայնդեպս մեզ այդպես ասաց։ Ավելի շուտ դրանք նպատակներ են. ինքը ռեալիստ է։

29- ամյա Լիանայի կյանքը ծնված օրից է դժվարություններով անցել։ Փոքրիկը պարզապես շտապել էր, մեկ երկու շաբաթ շուտ էր որոշել հանդիպել ծնողներին, բայց չգիտեր, որ հանդիպումը փոքր ինչ դժվարություններով կստացվի։

Լիանա Միլիտոնյանը

Լիանան դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է քոլեջ, այնտեղ ուսումնասիրում հաշվապահություն, դառնում մասնագետ, բայց աշխատանք գտնելու դժվարությունները Լիանային նոր հոբբի են «առաջարկում», որ կյանքն ավելի գունեղ դառնա, նաև աշխատանք ունենալու հարցը լուծվի։ Լիանայի մայրը դերձակ է, սերը կար ու ձևի հանդեպ մայրիկի միջոցով է առաջացել։ Լիանան այսօր բժշկական համազգեստներ է կարում և վաճառում, այդպես նաև իր սիրելի բժշիկներին շնորհակալություն է հայտնում իր առողջական վիճակի համար։

Լիանան բժշկական համազգեստները ստանդարտ չի կարում։ Ստեղծում է այնպիսիք, որոնք խանութներում չկան, և հետո իր աչքին էլ են հաճելի նոր դիզայնով, նոր մոտեցումներով համազգեստով բժիշկները։ Ասում է, որ վեց ամսվա մեջ ամենաշատը կանայք են հագուստ պատվիրել, մեծամասնություն են կազմում ատամնաբույժները, իհարկե, տղամարդիկ էլ հետ չեն մնում գեղեցիկ հագուստ հագնելու ցանկությամբ, Լիանան ուրախ է, որ այսօր կարողանում է սիրելի բժիշկների համար ստեղծել իրենց սրտի համազգեստը։

Եթե անկեղծ լինենք, Լիանան գուցե այս բիզնեսը չսկսեր, եթե չլինեին աշխատանք գտնելու դժվարությունները։ Հոգեհուզական լարված ապրումների գերին չդառնալն ու չկոտրվելու մեծ ցանկությունը Լիանայի համար կյանքի նոր ուղի գծեցին։

Լիանայի բիզնեսում ներդրում կատարած մայրիկը միշտ է ոգևորել և թիկունքի անտեսանելի թևերն ավելի ամրացրել։ Լիանան իր փորձով հասկացել է, որ հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ, ծնողները պետք է հասկանան, որ իրենց երեխային ամբողջ կյանքում չեն կարող խնամել, ուստի պետք է ինքնուրույն թողնեն, ասում է Լիանան։

Ցուցադրել ավելի
Back to top button