Այսօրը

Այսօր | Պոետիկ մարտիկը. Պաբլո Ներուդա

Եթե նրա հերուսուհու վարսերը սանրում է քամին, նրա մտքերը սավառնում են հեռու, իսկ հիշողությունների անձավը պարզ ու համեստ է և նա ընկած է ճանապարհի մեջտեղում, որն անշարժ կամուրջ է սրտի և հավերժության միջև, ապա ձեզ ուղղորդում է Պաբլո Ներուդան՝ պոետիկ մարտիկը, որի շնորհիվ նվիրական պոեզիան դառնում է անծայրածիր՝ հիմքում կերտելով քաղաքակրթական տարբեր հերոսների, որտեղ մերթ ողբում  է Ֆ.Գարսիա Լորկայի մահը, մերթ հիանում Մաչու Պիկչուի ավերակներով, մերթ հերոսածին հիմներ է երկնում, մերթ մի էլեգիա է ձոնում Ստալինին և Ստալինյան մրցանակի արժանանում:

Ներուդայի ոճն անսխալական էր. Նա գրում էր՝ կենտրոնանալով բոլոր զգայարանների վրա՝ լսողություն, տեսողություն, հոտառություն և այլն։ Դրանով նա փնտրում էր տեսարանի նկարագրությունը կամ հնարավորինս բնական զգացողություն ստեղծում՝ ընթերցողին փոխանցելու այս ճշմարտությունը և ստիպելու նրան մտնել իր տեսարանի մեջ։  Բանաստեղծություններում Ներուդան ճշգրիտ էր և սիրում էր  փնտրել  ճիշտ բառեր, որոնք կհետաքրքրեին ընթերցողին , հատկապես անշունչ առարկաների մեջ, որոնք ամենադժվարն է նկարագրելը:

Ներուդան սիրում էր վառ սիմվոլներ՝ բազմաթիվ փոխաբերություններ և համեմատություններ՝ մարդկանց, իրերի, բնության և զգացմունքների մանրամասն և զգացմունքային նկարագրություններ ստեղծելու համար: Այդտեղ զգալի  է սյուրռեալիստական ​​ազդեցությունը , քանզի կիրառում էր ավելի բարդ արտահայտություններ՝ նկարագրելու իսկապես պարզ բաներ, ինչպիսիք են կորցրած սերը, գիշերվա մոգությունը և այլն: Դուք կարող եք նկատել նաև  անշունչ իրերի անձնավորումը  բանաստեղծություններում, ահա ինչպես Բոլիվարը «Երգեր Բոլիվարի համար» ստեղծագործությունում, մահը «Ալթուրաս դե  մա Մաչու Պիկչուում» կամ ծովը «Օդա ալ Մարում»։ Այս անձնավորումներն ուժեղացնում են պոեզիայի ազդեցությունն ու բազմակողմանիությունը, քանի որ Ներուդան կյանք, հույզեր և շունչ է տվել աշխարհում ամեն ինչին:

Դանդաղ մահանում  է նա, ով չի ճամփորդում, չի կարդում, երաժշտություն չի լսում,
Ով չի կարողանում իր մեջ ներդաշնակություն գտնել:

Նա, ով կործանում է իր հավատն իր հանդեպ,
Ով իրեն թույլ չի տալիս օգնել , դանդաղ մահանում է :
Կամացկամաց մեռնում է նա, ով կործանում է սերն ինքնին,
Եվ ապրում է իր օրերը անդադար բողոքներով,
Չար բախտի կամ անդադար անձրևի մասին:

Դանդաղ  մահանում է նա, ով հրաժարվում է իր ծրագրերից, դետ չսկսած,
Ով հարցեր չի տալիս իրեն անհայտ փաստարկների մասին,
Եվ ով չի պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ գիտի:
Նա, ով դառնում է սովորության ստրուկը, դանդաղ է մահանում…

AA384736 cucina 417 420 300 4929 4961 RGB

Չիլիացի գրող,  քաղաքական գործիչ և դիվանագետ Պաբլո Ներուդան համառ ու վճռական մի կերպար էր, որը հաստատակամորեն պաշտպանում էր այն ամենը, ինչին հավատում էր և այն, ինչ իրեն արդար էր թվում, նրա մասին գրում էին ընկերները և իր այրին՝ Մաթիլդա Ուրուտիան: Նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան և կիսում նրա հետ տառապանքների ու ճնշումների ժամանակները, Պաբլո Ներուդան համարվում  էր օրինակելի և խարիզմատիկ ընտրյալ և առաջնորդ, իսկ իրականում Ներուդան բոլորովին այլ էակ էր՝ ամաչկոտ ու անտեսանելի, համեստ ու ինքնամփոփ։

Գրողն իր  առաջին հրապարակված ստեղծագործությունից հետո հանդիպեց մեծանուն Գաբրիելա Միստրալին , հայտնի բանաստեղծուհու, ով նրան նվիրեց Տոլստոյի, Դոստոևսկու և Չեխովի մի քանի գրքեր. դրանք շատ կարևոր էին նրա վաղ գրական կրթության և զարգացման համար: Ու թեև հայրը կտրականապես դեմ էր, որ Ներուդան հետևեր այս գրական կոչմանը՝ որդու հետ հավերժական վեճերը նրան ոչ մի օգուտ չբերեցին և Նեֆտալի Ռեյես Բասոալտոն այսպես սկսեց իր ուղին՝ Պաբլո Ներուդա կեղծանմամբ՝  հորը մոլորեցնելու միակ և հաստատակամ մտադրությամբ, նա պետք է չհասկանար, որ որդին դեռ գրում է։

«Ներուդա» ազգանունը նա պատահաբար գտել էր գրական մի ամսագրում, և հետաքրքիր է, որ  Յան Ներուդան չեխական ծագումով մեկ այլ գրող է, ով, ի թիվս այլ ստեղծագործությունների, գրել է գեղեցիկ բալլադներ:

Երիտասարդ գրողը գրում էր օրական մինչև 5 բանաստեղծություն, որոնցից շատերը հայտնվում էին իր ինքնահրատարակված «Մթնշաղ » գրքում : Դրա համար անհրաժեշտ գումարը վաստակեց՝ վաճառելով կահույք, գրավ դնելով հոր կողմից իրեն նվիրած ժամացույցը և վերջին րոպեին մի փոքր օգնություն ստանալով առատաձեռն քննադատից։ Հետագայում կյանքի արահետներում և գրական բացատներում անցկացրած այս ինքնամոռաց օրերի մասին Ներուդան պատմում է.

Այս գիշեր ես կարող եմ գրել ամենատխուր բանաստեղծությունները:
Գրեք, օրինակ. «Գիշերը աստղային է,
և կապույտ աստղերը դողում են հեռվում»:
Գիշերային քամին պտտվում է երկնքում և երգում…

Արդեն երկրորդ գրքի լույսընծայման պահին նրա գրականությունը գնալով ավելի էր քաղաքականացվում։ Բացի այդ, նրա կյանքը որոշակիորեն բարդացել էր ֆինանսական հանգամանքների պատճառով, քանի որ հայրը հրաժարվել էր նյութական օգնություն տալ, իսկ Ներուդան որոշել էր թողնել ուսումը և սկսել էր ֆրանսերեն դասավանդել Մանկավարժական ինստիտուտում։

1923 թվականին Ներուդան իր միջոցներով հրատարակեց բանաստեղծությունների առաջին ՝ «Մայրամուտների ժողովածուն», որը մեծ հաջողություն  ունեցավ։ Սա օգնեց ձգտող բանաստեղծին հրատարակիչ գտնել «Քսան սիրո բանաստեղծություն և հուսահատության մեկ երգ»  ժողովածուի  համար, որը նրան մեծ հռչակ բերեց Լատինական Ամերիկայում:

Բայց առջևում քաղաքական և դիվանագիտական գործունեության շրջաններ էին սպասվում։

1927 թվականին Ներուդան Չիլիի կառավարության կողմից նշանակվում է Բիրմայում հյուպատոս, այնուհետև դիվանագիտական աշխատանք է կատարում Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում՝ Ցեյլոն, Սինգապուր, Ինդոնեզիա, որտեղ գրել է բանաստեղծություններ, որոնք հետագայում ներառվել են «Բնակավայր-Երկիր» գրքում։ Ինքը՝ Ներուդան, հետագայում իր գոյությունն այս ժամանակահատվածն անվանեց «շողշողացող մենություն», որից հետո վերադարձավ Չիլի և հրատարակեց «Խանդավառ պարսատիկը» գիրքը։

30 ականներին Բուենոս Այրեսում հյուպատոս նշանակվելու տարիները մեծ հետք են թողնում Ներուդայի և՛ գրական հայացքների, և՛ գրական կապերի վրա։ Քանզի նա հանդիպեց Ֆեդերիկո Գարսիա Լորկային, ով եկել էր այստեղ՝ բեմադրելու իր «Արյունոտ հարսանիքը» ողբերգությունը։ Դրան հաջորդեց նաև Բարսելոնում հյուպատոս նշանակվելը: Ւսպանիայում գրողն արդեն տպագրվում էր երիտասարդ  գրողների ամսագրերում։ Սակայն քաղաքական հուզումներն ու կրքերը գրական աշխարհից հեռու չգնացին։ 1936 թվականի հուլիսի 18-ին, երբ սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, Ներուդան, ինչպես և մշակութային այլ գործիչներ, աջակցեցին հանրապետականներին: Պատերազմի սարսափներից և Ֆեդերիկո Գարսիա Լորկայի սպանությունից ցնցված Ներուդան գրեց բանաստեղծությունների գիրք՝ «Իսպանիան սրտում», այն տպագրվեց  պաշարված Մադրիդում։ Սակայն երբ 1937թ.-ին նա առանց պաշտոնական լիազորությունների հայտարարեց, որ Չիլին աջակցում է հանրապետականներին, հետ կանչվեց Չիլի: Մեկ տարի անց նրան կարճ առաքելությամբ ուղարկեցին Փարիզ, որտեղ սկսեց օգնել հանրապետական ​​փախստականներին գաղթել Չիլի: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ներուդան աշխատում էր «Համընդհանուր երգ» պոեմի վրա, գովերգում Ստալինգրադի պաշտպանների սխրանքը և Կարմիր բանակի քաջությունը։ Իսկ  1945 թվականից գրողն արդեն կոմունիստսկան կուսակցության առաջամարտիկ անդամներից էր և անգամ  ընտրվեց Չիլիի Հանրապետության Սենատի անդամ։ Այդ տարիները  բուռն հաջողությունների փուլ դարձան, Ներուդան ստացավ գրականության ազգային մրցանակ, իսկ դրան հաջորդեց ընդհատակյա շրջանը: Բանը նրանում է, որ Ներուդան Սենատի իր ելույթում հրապարակայնորեն Չիլիի նախագահ Գաբրիել Գոնսալես Վիդելային անվանեց ԱՄՆ-ի խամաճիկ, որից հետո նրան մեղադրեցին դավաճանության մեջ և զրկեցին պատգամավորական մանդատից,  նա էլ  ստիպված եղավ անցնել ընդհատակ։ Ինչպես միշտ, այս անգամ ևս ոչինչ չէր կարող  կանգնեցնել Ներուդայի մտքի թռիչքը, բազմիցս մասնակցելով Խաղաղության համաշխարհային կոնգրեսներին,  Ներուդան եղել է նաև Ստալինյան միջազգային մրցանակի հանձնման հանձնաժողովի անդամ: Գրական կյանքում ջանքերն ի դերև չանցան,  1950 թվականին Ներուդան ստացավ Խաղաղության միջազգային մրցանակ, միաժամանակ   ավարտեց «Համընդհանուր երգ» պոեմը, որը մոնումենտալ մի ստեղծագործություն է,  բաղկացած 231 բանաստեղծությունից՝ ավելի քան 15 հազար տող ընդհանուր ծավալով: Այդտեղ կարմիր թելի նման ձգվում է Լատինական Ամերիկայի պատմությունն ու արդիականությունը, նրա ժողովուրդն ու բնությունը:  Հետաքրքիր է, որ ի սկզբանե Չիլիում գիրքն արգելվել է, սակայն այն անօրինական կերպով տարածվել է չիլիացի կոմունիստների կողմից։

Փախուստի տարիներին նա նաև հրատարակեց իր հանճարեղ մեկ այլ ստեղծագործությունը՝ «Ընդհանուր երգը»: Գիրք, որը լույս է տեսել Մեքսիկայում և ապա նոր տարածվել Չիլիում: Վտարանդիության այս տարիներն  անցնում էին շատ  տխուր և բարեբախտաբար, չնայած այդ  տխրությանը, նա ուներ Մաթիլդա Ուրրուտիայի ամուր և հարմարավետ ընկերակցությունը,  մի կնոջ, ով նրա ուղեկիցը կլիներ մինչև մահը:

Չիլի վերադառնալուց հետո բանաստեղծը հրատարակեց «Խաղողի այգիները և քամին» բանաստեղծությունների գիրքը, որում  ներառված էր  Ստալինին նվիրված մի էլեգիա, որի համար Ստալինյան մրցանակի արժանացավ, համենայնդեպս ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական հայացքները վերարժևորելու շրջանը դեռ կգար, երբ Ստալինի անձի պաշտամունքի բացահայտումից հետո Ներուդան հրաժարվեց ստալինիզմից։ 

1958 թվականին Ներուդան դառնում է Չիլիի Կոմկուսի Կենտկոմի անդամ։ Բազմերանգ կյանքը կարծես չէր էլ թողնում մի պահ կանգ առնել, և հաջորդիվ Ներուդան 1969թ.- ին պետք է պայքարեր Չիլիի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, բայց բանաստեղծը հրաժարվեց՝ հօգուտ սոցիալիստ Սալվադոր Ալենդեի և նշանակվեց Ֆրանսիայում դեսպան:  Իսկ երբ Ներուդան ստացավ  գրականության Նոբելյան մրցանակ, արդեն վատառողջ էր և որոշեց վերադառնալ հայրենիք, որտեղ նորից քաղաքական անկայունություն էր տիրում: Ինչպես գիտենք՝  1973 թվականի սեպտեմբերի 11-ին երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում և իշխանության եկավ ռազմական խունտան՝ գեներալ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ։  Ներուդայի տունը Սանտյագոյում թալանվեց,  իսկ ինքը  մահացավ Սանտյագոյի Սանտա Մարիա կլինիկայում 1973 թվականի սեպտեմբերի 23-ին։ Վարկածներից մեկի համաձայն Ներուդան սպանվել է քաղաքական դիրքորոշման համար։ Նրա հուղարկավորությունն էլ դարձավ  Պինոչետի ռեժիմի դեմ բողոքի առաջին ակցիան:

Ալմաստ Մուրադյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button