Այսօրը

Այսօր | Գաբրիել Սունդուկյան

Նա հեղաշրջեց հայ դրամատուրգիան, ու առաջինն էր, որ պատկերեց քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծեց հասարակության փոխհարաբերությունները, ներկայացրեց տարբեր խավերի՝ առևտրականից մինչև մտավորականի կյանքը։ 

Հունիսի 29-ը գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի նրա ծննդյան օրն է:

Ծնվել է 1825 թվականին Թիֆլիսում, որտեղ լավ կրթություն է ստացել, այնուհետև ընդունվել Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ ժամանակաշրջանում նրա սերն ավելի մեծացավ ռուս գրականության և թատրոնի նկատմամբ: Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար դարձան այն դպրոցը, որտեղ ձևավորվեց նրա թատերական ճաշակը։

Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործությունների մեջ։ Դերենիկ Դեմիրճյանի բնութագրմամբ` Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը։ Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է ռեալիզմի գաղափարը և բացել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։

Սունդուկյանի ստեղծագործական կյանքը սկսում է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությամբ, որը միանգամից հավանության է արժանանում ընթերցողի կողմից, սակայն դրանից հետո 3 տարի գրողը ոչինչ չի գրում, հետո վերադառնում է «Խաթաբալա» պիեսով: Իր կատակերգություններում նա քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։

Ստեղծագործական երկրորդ շրջանում Սունդուկյանը կրկին գրում է կատակերգություններ, որոնց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Դրա լավ օրինակն է  «Էլի մեկ զոհ» պիեսը. ըստ էության, հայ առաջին դրաման, որտեղ ներկայացվում են ընտանիքներում եղած ներքին բախումները:

Սունդուկյանի հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից ստեղծագործությունը «Պեպո»-ն է, որը էկրանավորվեց է 1935 թվականին: Այն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է:

Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Պիեսում Սունդուկյանը սոցիալական հզոր բողոք է արտահայտում տիրողների արատավոր բարոյականության հանդեպ։

Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ էլ 1921 թվականին, Երևանում բացվեց առաջին պետական թատրոնը. Այն այժմ կոչվում է գրողի անվամբ:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button