Այսօրը

Այսօր | Արամ Խաչատրյան

20–րդ դարի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը փառաբանությունների կարիք չունի։ Փոքր Հայաստանի մեծագույն կոմպոզիտորն իր ժողովրդին նվիրել է անսպառ հանճարը։ Բայց ամեն ինչ սկսվել է ոչ այդքան միանշանակ և կանխատեսելի։

Ծնվել է 1903թ–ի հունիսի 6–ին աշխարհի ամենաերաժշտական քաղաքներից մեկում` Թիֆլիսում։ Արամ Խաչատրյանը մանկուց շրջապատված է եղել երաժշտությամբ։ Հին քաղաքի փողոցային երգերը թափանցել են նրա հոգու խորքը, ամրացել ենթագիտակցության հիմքում։ Անընդհատ երգում էր, հանրահայտ մեղեդիների իմպրովիզացիաներ անում՝ միշտ զգալով երաժշտական կրթության պակասը: Երբևէ չի խոսվել պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու մասին. նրա հայրն ու մայրը երաժշտությունը մասնագիտություն չեն համարել: Միգուցե՝ հոբբի, բայց ոչ տուն ու ընտանիք պահելու միջոց։ Ըստ նրանց՝  նույնիսկ կինտոն ավելի շատ կարող էր վաստակել, քան երաժիշտը։

Ահա և ստացվել է, որ Արամը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա նոտաները սովորել է միայն 19 տարեկանում, և ասում են՝ այնքան մեծ է եղել իր սերը երաժշտական նոտաների հանդեպ, որ իր շան անունը դրել է Լյա-Դո:

Մինչ այդ տարիքին հասնելը երբեք կենդանի կատարմամբ չի լսել սիմֆոնիկ նվագախմբի երաժշտություն և, բնականաբար, օպերայում չի եղել։ Բայց Մոսկվայում նա արագ ուշքի է եկել. նման մասշտաբի հանճարն անխուսափելիորեն դուրս կհորդեր, և նա ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա։

Երաժշտական ուսումնարանում ուսումն ընթացել է կենսաբանության խորիմաստություններն ուսումնասիրելուն, աշխատելուն զուգահեռ։ Մի անգամ սոլֆեջիոյի դասախոսն այլևս չի կարողացել նայել աշակերտի վնասված ձեռքերին և բառացիորեն ստիպել է սկսել զբաղվել կրկնուսույցի գործով, որը թեև ավելի վատ էր վարձատրվում, քան բեռնակրի աշխատանքը, բայց գոնե մատերը չէին վնասվում, և երաժշտությունը չէր տուժում։

Խաչատրյանը լավ ձայն ուներ. կիրակի օրերին երգում էր հայկական եկեղեցու երգչախմբում` յուրաքանչյուր համերգի համար ստանալով 10 ռուբլի։

Դա էլ դարձավ մեծ կոմպոզիտորի ճանապարհի սկիզբը:

Խաչատրյանը ձգտում էր թավջութակահար դառնալ, մի օր այնքան էր պարապել, որ ձախ ձեռքի մատները բռնվել էին։ Մինչ շարժողական գործառույթները վերականգնվեցին, Միխայիլ Գնեսինը, ով վաղուց էր մտածում նման առաջարկ անել, համոզեց Խաչատրյանին զբաղվել կոմպոզիցիայով։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խաչատրյանը որպես ազգային արժեք, տարհանվել է Պերմ։ Նրան բնակեցրել են հյուրանոցի փոքր համարում: Բայց հասկանալով, որ մաեստրոյին դաշնամուր է անհրաժեշտ, նրան ավելի մեծ սենյակ են տրամադրել։ Բեռնակիրներն ամբողջ օրը չարչարվել են` փորձելով դաշնամուրը խցկել սենյակ, վերջապես մի կերպ կարողացել են, և Խաչատրյանն իսկույն նստել է դաշնամուրի մոտ։ Կես տարի անց գրվել է «Գայանե» բալետը և գործիքավորվել նվագախմբի համար։ Թվում էր, թե բալետի համար հարմար ժամանակ չէ. 1942թ–ի հուսահատ դեկտեմբերն էր։ Բայց Պերմում տեղի ունեցավ պրեմիերան։ Հանդիսատեսին անհրաժեշտ էր շեղել կատարվող իրադարձություններից։

Խաչատրյանը փորձում էր բաց չթողնել իր ստեղծագործությունների փորձերը և ներկայացումները։ Նրա համար շատ կարևոր էր, որպեսզի երաժշտությունն այնպես հնչի, ինչպես ինքը` հեղինակը, զգացել է այն ստեղծելիս։

Երբ նա վերջին անգամ Երևանում դիտել է «Սպարտակը», ոչ մեծ անախորժություն է պատահել։

Արամ Իլյիչը չի նստել մինչև առաջին գործողության վերջ, դուրս է եկել դահլիճից, նրան սկսել են որոնել և գտել են օպերայի հարակից սրճարաններից մեկում՝ խիստ բարկացած։ Պարզվել է, որ նրա ստեղծագործությունը համարձակվել են կրճատել չորս տակտով։ Մաեստրոյի վիրավորանքն անցել է, բայց ոչ շուտ։

Նա սիրել է աշխատել գիշերները: Երբ նա աշխատում էր, Երևանում բոլոր չքնողները հասկանում էին, որ իրենց բախտ է վիճակվել դառնալ հանճարի ստեղծագործելու ընթացքի ականատեսը։

Նման մի ամառային երեկո, երբ նա ավարտել է նվագելը, անսպասելիորեն ներքևից ծափահարություններ է լսել. փողոցում բազմություն էր հավաքվել։

Այդ գիշեր Արամ Իլյիչն ավարտել էր աշխատանքը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգի վրա և կատարելիս է եղել դրա վերջնական տարբերակը։

Առաջին կնոջ հետ Արամ Խաչատրյանը ծանոթացել է 1920-ական թվականների վերջին, ում հետ ամուսնությունից ծնվում է դուստրը՝ Նունեն։ Որոշ ժամանակ անց՝ Մոսկվայում սովորելու տարիներին, Արամ Խաչատրյանը ծանոթանում է կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ, ամուսնալուծվում է կնոջից և ամուսնանում վերջինիս հետ, որից ծնվում է նրանց որդին՝ Կարենը։

Հենց այդ կնոջն էր վիճակված դառնալ հռչակավոր կոմպոզիտորի ամբողջ կյանքի մուսան։ Նինան ինքն էլ հաջողությամբ թե՛ որպես դաշնակահարուհի, թե՛ որպես դիրիժոր հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտերկրում։

Որդու ծննդից հետո թվում էր՝ երիտասարդ ընտանիքին միայն երջանկություն ու բարեկեցություն է սպասվում:

Սակայն Հայրենական մեծ պատերազմը ստիպեց կտրուկ փոխել ամբողջ կենսակերպը։ Նինան և երեխան մյուս կոմպոզիտորների ընտանիքների հետ տարհանվեցին։ Իսկ ամուսինը, Պերմում «Գայանե» բալետի բեմադրության վրա աշխատելիս, 40 աստիճան ցրտին, նվազագույն պայմանների բացակայության պայմաններում գրեց նշանավոր «Սուսերով պարը»։

Կոմպոզիտորը մահացել է 1987 թվականի մայիսի 1-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից։ Համաձայն նրա վերջին ցանկության՝ աճյունը տեղափոխվել է Երևան։

Նա այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի բեմերը գրաված, հայկական ոգու հենքի վրա ստեղծված համամարդկային գոհարների հեղինակը, որոնցով սահմանեց չափանիշ, երաժշտական մեղեդու միջոցով փոխանցեց  հայկական ոգին ու տաղանդի ողջ ուժով հայ երգարվեստը խոյացրեց դեպի վեր՝ հավերժության ևս մեկ դուռ բացելով եկող սերունդների առջև։

Ասպրամ Համբարձումյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button