Այսօրը

Այսօր | Թուփակի ծննդյան օրն է

Հունիսի 16-ը նշանակալից օր է ռեփի բոլոր սիրահարների համար։ Այսօր ծնվել է  համաշխարհային հիփ-հոփ մշակույթի լեգենդը, հիփ-հոփ ինդուստրիայի ամենաազդեցիկ արտիստը ՝ Թուփակ Շաքուրը։

2Pac հնդկացիների լեզվով նշանակում է «փայլող օձ», Shakur արաբերեն՝ «շնորհակալ»։ Այսպես  նրան անվանեցին աֆրոամերիկացի հեղափոխական Թուփակ Ամարուի պատվին։

Բողոքի և համատարած անկարգությունների ներկա ժամականաշրջանում աշխարհը հիշում է Թուփակին, ով ստեղծում էր քաղաքական և սոցիալական խնդիրները բարձրաձայնող երգեր:

Մայրը՝  Աֆենի Շաքուրը, Նյու Յորքի «Սև Պանտերա» կուսակցության ակտիվ անդամ էր 60-70ական թվականներին: Հղիության մեծ մասն անցկացրել է անազատության մեջ։ Բանտարկվել է սևամորթների իրավունքների պաշտպանության համար, սակայն արդարացվել է Թուփակի ծնունդից մեկ ամիս առաջ։

Մայրիկս սովորաբար ինձ ասում էր, որ եթե չես գտնում՝ ինչի համար արժե ապրել, ավելի լավ է գտնել այն, ինչի համար արժե մահանալ

Ընտանեկան կյանքի սպիեր թողնող հիասթափությունները չկարողացան ոչնչացնել Թուփաքին որպես անհատի, որպես առաջնորդի, որպես ապագա աստղի:

Թուփաքին դեպի ռեպը տարավ իր ընկերոջ մահը, ով զոհվել էր զենքով խաղալու հետևանքով։

1995թվականին նա ազատազրկվեց 4,5 տարով, իսկ մարտին թողարկվեց նրա մենասկավառակներից մեկը՝ «Me Against the World» ։ Այսպիսով, երգիչը դարձավ աշխարհում առաջին երաժիշտը, ով թողարկեց իր սկավառակը կալանքի տակ գտնվելու ժամանակ։

Ալբոմը գլխավորեց հիթ-շքերթներ, ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահում։ Թուփակն առաջին ռեփերն է, ում պատվին հուշարձան է կառուցվել:

8 ամիս ճաղերի հետևում գտնվելուց հետո Շաքուրին վաղաժամկետ ազատ արձակեցին մոտ մեկուկես միլիոն դոլար գրավի շնորհիվ, որը վճարեց Death Row ձայնագրման լեյբլի ղեկավար Սուջ Նայթը: Միաժամանակ ռեփերը ստիպված է եղավ նրա հետ պայմանագիր կնքել երեք ալբոմ թողարկելու համար։

Թուփաքի վաճառված ալբոմների շահույթը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն դոլար, որի շնորհիվ նա ճանաչվել է աշխարհի ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ «Ռոլինգ սթոուն» ամսագրի կողմից որակվել է բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը։

Չնայած իր դժվարություններով անցած ճանապարհին, նա չէր չարացել կյանքի ու մարդկանց հանդեպ։ Մի անգամ House Of Blues այցելելիս տեսավ, որ ոչ ոք չի պարում հաշմանդամ կնոջ հետ, ով անվասայլակով էր, և ինքը սկսեց նրա հետ պարել… 4 ժամ շարունակ:

Ես գիտեմ, որ երբեմն թվում է, որ ապրելը դժվար է, սակայն մի բան հիշիր. նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո վրա է հասնում առավոտը: Ուրեմն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան դժվար է հասնել նրան, ինչ ուզում ես, հավաքվի՛ր, բարձրացրու գլուխդ… Եվ այդպես մնա

Իր սրտի անկյունում ուներ մի երազանք։ Նա ցանկանում էր իր երեխայի անունը դնել Star (Աստղ), եթե աղջիկ ունենար, իսկ եթե տղա՝ Միքելանջելո:

Մահվան մասին Թուփակը հաճախ էր խոսում։

1996թ-ի սեպտեմբերի 7-ին նա ներկա է գտնվել Մայք Թասյոնի և Բրյուս Սելդոնի մենամարտին։ Մենամարտից հետո նա տարաձայնություններ է ունեցել Օռլանդո Անդերսոնի հետ, որից հետո նրանք մեկնել են Death Row ակումբ։ Ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկաններ՝ բարձր երաժշտության համար, հետո առանց տուգանելու բաց թողել։

Ժամը 23:15-ի սահմաններում, սպիտակ Cadillac-ի ամենավերջին մոդելներից մեկը՝ անհայտ թվով ուղևորներով,  կանգ է առել Թուփակի մեքենայի աջ կողմում՝ խաչմերուկներից մեկի մոտ և լսվել են կրակոցի ձայներ։ Փամփուշտները դիպել են Թուփակի կրծքին, կոնքին և ազդրին։

Սեպտեմբերի 13-ին ռեփերը վերջնական կորցրել է գիտակցությունը։

Չնայած նրա մահից անցել է 26 տարի՝ Թուփակը շարունակում է իր երգերով մնալ շատերիս փլեյլիստերում:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button