IT շաբաթ

IT շաբաթ․ «MetaGait» քայլքի իմիտացիա ստեղծող սարք

«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է դահուկ քշել, վազել, զբոսնել։ Այս ակտիվությունը նպաստում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը։ Ընկերության հիմնադիր, սարքի հեղինակ Դավիթ Արսենյանը նշեց, որ սա ընկերության նախորդ արտադրանքի՝ «Քայլաբեր»–ի կատարելագործված տեսակն է։

Լուսանկարը՝ «Քայլտեք»–ի ֆեյսբուքյան էջից

MetaGait-ը նախատեսված է ուղղահայաց դիրքում վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է օգտագործել տանը  և խուսափել անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդությունից։
Ծրագիրն իրականացնելու համար ReArmenia-ի հարթակում դրամահավաք է կազմակերպվել։

ReArmenia հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ սարքը մեծ փոփոխությունների սկիզբն է։

Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը: Դավիթ Արսենյանը հույս հայտնեց,որ պետության աջակցությունը ևս չի ուշանա։ 

Զինհաշմանդամություն ունեցող Դավիթ Օսիպյանը

Ի դեպ «MetaGait» շնորհանդեսին ներկա զինհաշմանդամություն ունեցող երիտասարդին Դավիթ Արսենյանը նվիրեց շարժունակությունը վերականգնող՝ նորարարական սարքի ցուցանմուշը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button