Իմ օրինակը

Դավիթ Գաբրիելյանի օրինակը

23–ամյա Դավիթ Գաբրիելյանն իր փորձով գիտի՝ կրթություն ստանալու, նոր գործ սկսելու ու այն հաջողելու համար հեռու պետք չէ գնալ։ Արցախի պետական համալսարանում ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա է ուսումնասիրում, ինքն էլ Ասկերանի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկա է դասավանդում։

Լուսանկարը՝ Դավիթ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Ուսմանը զուգընթաց խորացել է նաև թվային մարքեթինգում, եղբոր հետ հիմնադրել BiB մարքեթինգայն ընկերությունը, որն առաջինն ու միակն է Արցախում։ Ընկերության հիմնական աշխատուժը դպորցականներն են,– ասում է Դավիթն ու հավելում, որ ցանկանում է աշակերտական սեղանից կրթել պատանիներին ու ապահովել աշխատանքով։ Այս պահին համագործակցում են 80 ավելի ընկերությունների հետ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ոլորտում։

Մարքեթինգային ընկերությունը միակ գործը չէ, որ հիմնել է Դավիթը։ Համավարակի օրերին, երբ հիմնական ժամանակը տանն էր անցկացնում, ընտանիքի հետ որոշում է ստեղծել «Նախշուն թեյեր» արցախյան բրենդը։ Պատմում է, որ հայրիկի Սաթենիկ տատիկը հայտնի էր իր պատրաստած  թեյերով, պրպտելով  նրա պատմությունը, որոշեց շարունակել տատիկի գործը։ Սկզբում ուսումնասիրեց ոլորտը, հասկացավ, որ  խոտաբույսերի շուկայում պահանջարկ կա և ստեղծեց «Նախշուն թեյերը», որի փաթեթավորումը տարբերվող է։

«Նախշուն թեյեր» արցախյան բրենդը

Տուփի վրա գրված է՝ արտադրված է Արցախում, այսինքն բոլոր խոտաբույսերը հավաքվել են Արցախի տարածքից, բայց ցավոք բույսերի մի մասն աճում էին այն վայրերում, որոնք այժմ Արցախի հսկողության տակ չեն։ Դրանք փոխարինվում են Գորիսի տարածքից քաղված խոտաբույսերով։
Արցախցի երիտասարդն այժմ աշխատում է «Նախշուն չրերի» պատարստման ուղղությամբ, որը տասը նոր աշխատատեղ կստեղծի։

Դավիթը նաև Արցախի Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոնի մարքեթինգի բաժնի պետն է։ SMM հմտություններ է սովորեցնում 100 ուսանողի, ներգարվված է մի քանի մեծ նախագծերում։ Ասում է՝ քնելու ժամանակն է կրճատվել, բայց, եթե գործ է սկսում, արդյունքը շատ լավը պետք է լինի, այլ տարբերակ չկա։  Դավիթի կարծիքով, եթե ունես համակարգիչ և ինտերնետ, նշանակում է ունես կրթության հնարավորություն։  Պետք է միայն հավատալ ուժերիդ և փոխել աշխարհը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button