ԹատրON

ԹատրON | «Միայն սիրո լարը մնաց». Թատերայնացված ընթերցում

«Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչն է ստիպում ինձ գրել. սիրել — ես քեզ չեմ սիրում, ատել — ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն… »։     

Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի սիրո պատմությունը սովորական չէր։ Այն սկիզբ դարձավ այնպիսի ստեղծագործությունների, որոնք ստիպում են յուրաքանչյուր ընթերցողին հուզվել ու ապրել այն նույն ապրումները, ինչ Իսահակյանն ու Շուշանը։ Իսկապես, աշխարհը սիրո վրա է կառուցված։ Եվ այն, նույնիսկ ամենափոքր տարիքից, ցավ է պատճառում, երբ մնում է անհաս։ 17 տարեկանում Իսահակյանը սիրահարվեց Շուշանիկին ու մերժում ստացավ նրանից։ Սակայն այդ մերժումը դարձավ նրա կյանքի ամենացավալի, բայց միևնույն ժամանակ՝ ամենաբեղուն շրջանի մեկնարկը։

«Միայն սիրո լարը մնաց»

Շուշանիկ Մատակյանը և Ավետիք Իսահակյանը որոշ ժամանակ նամակագրական կապ են պահել։ Նամակների հաճախականությունից և բովանդակությունից կարելի է ենթադրել, որ Շուշանիկի սրտում նույնպես զգացմունքներ էին ծնվել Իսահակյանի հանդեպ։ Սակայն նրանց կապին խիստ ընդդիմանում էր Շուշանիկի ընտանիքը, ասելով՝  տրեխավոր Ավոյին աղջիկ չենք տա։ 

Շուշանիկը միայն պատասխան նամակներ չի գրել Իսահակյանին, նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը պահպանվել է։ Գրողի տուն-թանգարանում թեման ուսումնասիրվել է, և «Միայն սիրո լարը մնաց» խորագրով կազմակերպվել թատերականացված ընթերցումներ։ Թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով՝ թանգարան-թատրոն ձևաչափը նոր հնարավորություն է՝ բացահայտելու գրողին, նրա ապրումները և ներաշխարհը ժամանակակից, ընկալելի լեզվով։

«Միայն սիրո լարը մնաց»

«Եթե ամենակատաղի թշնամուս սիրեի, իմ, դեպի քեզ մրրկող սիրուս մի չնչին մասով, թշնամիս ինձ կգրկեր, կգուրգուրեր և կմխիթարեր… Իսկ դու — դու գիտեիր իմ դժոխային տանջանքներս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր… Ես քեզնից է՛լ սեր չէի ուզում, քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ մարդ տեսնեիր…»,- գրում է Իսահակյանը։ 

Այս նամակների հիման վրա է գրվել բեմականացման սցենարը, որի հեղինակներն են թանգարանի աշխատակիցներ Ռուզաննա Մեսրոպյանը և Աննա Սարոյանը: Իսահակյանի տան բակն է՝ կանաչապատ ու խաղաղ։ Երեկոյան զով քամին մեղմորեն հպվում է ծառերին, իսկ վերևում թռչունները հանգիստ ճախրում են։ Սեղանին` կարմիր և սպիտակ գինի։ Բակի աջ կողմում, աթոռներ են դրված՝ հանդիսատեսի համար։ Թատերական գործողության ճշգրիտ վայրն անորոշ է մնում, սակայն դա կարծես ոչ մեկին չի անհանգստացնում։ Մարդիկ չեն շտապում։ Նրանք լուսանկարվում են, զրուցում, ծանոթանում միմյանց հետ։ Մինչ բեմականացման սկիզբը հանդիսատեսը շրջում է թանգարանի ներսում՝ բացահայտելով Իսահակյանի կյանքի որոշ դրվագներ։ 

«Միայն սիրո լարը մնաց»

Թատերականացված ընթերցումը խաղի լիարժեք ընթացք չի ենթադրում․ դերասաններից խորը էմոցիաներ պահանջելը միշտ չէ, որ տեղին է։ Նրանք հիմնականում ընթերցում են տեքստը և փոխացում իրենց կերպարի մտքերը, հույզերը, ապրումները։ «Միայն սիրո լարը մնաց» ներկայացման մեջ դերակատարները՝ Սիփան Զադոյանը և Արև Հակոբյանը, կարծես կոտրում են այդ սահմանը։  Նրանց ձեռքում տեքստը դառնում է ներսից եկող ապրում, ոչ թե միայն ընթերցվող տեքստ։ Նրանք երկուսն էլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններն են։
Ներկայացման ամբողջ հուզականությունը լրացվում էր կենդանի երաժշտությամբ, որով էլ սկսվեց և ավարտվեց ընթերցումը։ Երգերը կատարում էր Աննա Մովսեսյանը՝ նուրբ, զգացմունքային ձայնով։ 

«Միայն սիրո լարը մնաց»

Վարպետի տուն-թանգարանի այգում ներկա գտնվելով այս ընթերցումներին՝ կբացահայտեք երկու սիրող սրտերի՝ Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի հանդիպումների, նամակագրության, բաժանման պատմությանը։ Սա նաև ջերմ ու արվեստով լի երեկո անցկացնելու լավագույն տարբերակներից մեկն է։



Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button