Երգխոսություն

Երգխոսություն․ Կիլիկիա

Խոսք՝ Նահապետ Ռուստինյան, երաժշտություն՝ Գաբրիել Երանյան

Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: 

Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել է մի մոլորված դրախտ, որին ձգտել են հայոց սերունդները, մի տարածություն, որտեղ ձևավորվել է հայկական մշակույթը, պետականությունը, կյանքը: 

Հենց այս երազային, բայց ցավոտ զգացմունքն է, որ դարձնում է «Կիլիկիա»-ն ոչ միայն երգ, այլև հուշարձան՝ հայ երաժշտական մշակույթում: Յուրաքանչյուր կատարող դրան տվել է իր յուրահատուկ շունչը, ձևավորելով նոր դարաշրջան «Կիլիկիա»-ի համար:

90-ականների վերջերին Զարուհի Բաբայանի կատարմամբ երգը ստացավ հոգեպարար, աղոթքի նմանվող նրբություն, մինչդեռ Արա Գևորգյանի մշակմամբ այն վերափոխվեց էպիկական, սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հագեցած նվագախմբային հնչողությամբ: The Beautified Project-ի ռոքային մոտեցումը երգին հաղորդեց նոր ուժ ու ժամանակակից զգացողություն: 

Այս Երգխոսությունը Զարուհի Բաբայանի, Արա Գևորգյանի և The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ է, հասկանալու ենք, թե ինչպես են նրանք յուրովի մեկնաբանել այս ստեղծագործությունն ու ինչու է այն մինչ այսօր պահպանում իր տեղը յուրաքանչյուր հայի հոգում:

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button