Այս անգամ բացահայտենք հայկականության ամենասիրառատ կողմը․ սուրբ Սարգիսը մեզ ճամփորդության է հրավիրում։ Սա հայկական ավանդական տոներից ամենաերիտասարդականն է, բայց ոչ միայն երիտասարդներինը, այն նվիրված է նաև սիրահարներին, իսկ 2014 թվականից՝ նաև զինվորներին։ Հազար բուք կոտրող, անցնող ձիու հետքերով գնանք ու ծանոթանանք տոնին։

Սուրբ Սարգիսը նաև ընտանիքների հովանավոր էր։ Շատ ավանդազրույցներ կան նրա կատարած հրաշքների մասին, մեծամասնության դեպքում սուրբը միավորում է սիրահար զույգերին, իշխում է հողմերին կամ փրկում է մոլորված ճանապարհորդներին։ Ուսումնասիրելու ընթացքում որոշեցի գտնել ու հանդիպել նրան, առաջինը մտքիս եկավ Սուրբ Սարգիս մայր եկեղեցին։ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանն ինձ դիմավորեց ու տարավ շատ խորհրդանշական մի սրահ։

Թեև ես այնտեղ չգտա սուրբ Սարգսին, միևնույն է, զգացի նրա ուժը։ Դեռ փոքրուց մենք գիտենք այս տոնի հետ կապված ավանդույթներից միայն աղի բլիթի մասին, որ կուտենք ու մեր ապագա կողակիցը կհայտնվի մեր երազում։ Պարզվում է՝ տոնն ավելի բազմաշերտ է, քան մեր մանկական պատկերացումները։

Այս օրը ոչ միայն խոհանոցային սովորույթներ ունի, այլև կենցաղային։ Կանայք չեն կարող լվացք անել, բուրդ գզել և առհասարակ զբաղվել տնային գործերով։ Հատուկ ծեսեր կան հարսների ու փեսաների համար։ Աղջկա տուն պետք է գնան նվերներով ու քաղցրավենիքով, հարսն էլ իր հերթին պետք է համբուրի ամենատարեց կնոջ ձեռքը։ Սուրբ Սարգսի տոնին բոլորը հստակ անելիք ունեն, նույնիսկ տատիկները։
Ո՞վ էր սուրբ Սարգիսը։ 14 հավատարիմ զինվոր ունեցող զորապետը չէր ապրում Հայաստանում, բայց մշտապես օգնում էր կարիքավորներին, կռվում էր արդարության ու քրիստոնեության համար։ Իսկ թե ինչպես դարձավ սուրբ, հարցրել եմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանին։

Սրբացված զորավարներ էլի ունենք, բայց սուրբ Սարգիսն առանձնանում է։ Հայ ժողովրդի ամենասիրելի սուրբը տարբերվում է իր արագությամբ ու պատրաստակամությամբ։ Հաջորդ անգամ երբ օգնության կարիք ունենաք, փորձեք դիմել նաև նրան, ասում են՝ պատասխանը անմիջապես կստանաք։
Ինչպես եկեղեցական այլ տոների դեպքում, այնպես էլ այստեղ կար պահքի շրջան, որը ավարտվում էր ծոմբաց ծեսով։ Կանայք, տարբեր կերակուրներ վերցրած, այցելում էին իրար ու ճաշկերույթներ կազմակերպում։ Այդ օրը պատրաստում էին օձի թթու ապուրը՝ ոսպով, ալյուրով ու մանրաձավարով, եփված թթվի ջրի մեջ։ Տոնը վերարտադրելու համար կարիք չկա լավ խոհարար լինելու, կարելի է պարզապես աղի բլիթ պատրաստել ու սպասել արագահաս Սարգսի բարեխոսությանը։

«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային
հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Եվա Մինասյան



