Հայեցի

Հայեցի. Ծաղկազարդ | # 1

Պատկերացրեք` ապրում եք մի քանի դար առաջվա Հայաստանում․ տները գետնափոր են, չկա հեռուստացույց, համացանց, բազմամարդ ընտանիքն ապրում է  մի հարկի տակ` ամբողջ գերդաստանով։ Ձմռան ցուրտ երեկոներին բոլորով հավաքվում եք օդայում, օջախի շուրջ ու պատմություններ պատմում՝ երազելով գարնան ու ծաղկունքի մասին։ 

Որպեսզի լավ պատկերացնենք, թե որքան երանելի էին գարունն ու աշխարհի ջերմությունը, պետք է հասկանալ, որ ձմեռը մեկուսացման շրջանն էր, տներից դուրս գալ գրեթե չէր լինում, այսօրվա նման ամեն մեկն իր աշխատանքին չէր գնում, մարդիկ պարզապես սպասում էին, որ եղանակը տաքանար ու սկսվեր երկրագործության շրջանը. կյանքը նորից սկսվեր։

Այս տարիների մասին պատմությունները, սովորույթներն ու ավանդույթները դարեր շարունակ հավաքվել ու պահպանվել են, որ մի օր հասնեն մեզ։

Ժամանակակից աշխարհն, իհարկե, գրավիչ է, լի հնարավորություններով ու ամեն օր ստեղծվող նոր ավանդույթներով, բայց դարերով պահված ու մեզ շատ բնորոշ ավանդույթներին չսիրահարվելն անհնար է, պարզապես պետք է դրանք ճանաչել։ Գուցե կմտածեք՝ դրանք ժամանակավրեպ են ու չեն կարող կիրառվել այսօրվա կյանքում, իհարկե, որոշ դեպքերում ճիշտ կլինեք։ Բայց մասնագետները փաստում են՝ ժամանակակից կյանքում մեր ավանդույթները կարող են կիրառվել: Ի վերջո, հայեցի ապրելու համար պետք է մոտ լինել արմատներին:

Արմատներին վերադառնալն ու դրանք ճանաչելը պարտադիր է

21-րդ դարի երիտասարդներն ապրում են աշխարհի ավանդույթներով: Երբեմն տպավորություն է, որ բոլոր երկրների մարդիկ նույնն են՝ իրենց կենցաղով ու ապրելակերպով։ Մենք, օրինակ, հաճախ փոխառում ենք այլ ազգերի տոները՝ չիմանալով, որ հայկական տոնացույցում կա դրանց համարժեքը։

Տարիներ առաջ ես պատահաբար բացահայտեցի հայկական հրաշալի տոնածիսական մշակույթը՝ իրեն հատուկ երաժշտությամբ, խաղերով, սովորույթներով, և անվերադարձ սիրահարվեցի։ Ես Անահիտն եմ․ Հայեցի փոդքաստում քեզ պատմելու եմ հայկականության, մեր տոների ու ծեսերի մասին, փորձելու եմ ցույց տալ ավանդական կենցաղի գրավչությունն ու վստահ եմ, դու էլ ինձ պես սիրահարվելու ես։

Սուսաննա Կյուրեղյան

Ծաղկազարդը գարնան ավետումն է, որին հաջորդում է Ավագ շաբաթը՝ Մեծ պահքի վերջին շաբաթը։ Դարեր առաջ Ծաղկազարդի տոնախմբությունը մարդկանց հանում էր տներից, կյանքի նոր շրջանի սկիզբ դնում, ու թեպետ տոնը պահքի շրջանում էր՝ ցնծություն էր բերում այս զսպվածության օրերում։ Ծաղկազարդի խորհուրդն ավելի լավ պատկերցանելու համար մի քանի շաբաթ հետ գնանք՝ մեծ պահքի սկիզբ հասնենք, որը սկսվում էր Բուն Բարեկենդանիտոնով։

Պահքը սկսելուն պես՝ ամեն ընտանիք պատրաստում էր ակլատիզը՝ Պաս պապը․ սա օրացույց տիկնիկ է, պատրաստվում էր՝ սոխի, կարտոֆիլի կամ խմորի գնդիկի վրա 7 փետուրներ ամրացնելով, որոնք պահքի ամեն անցնող շաբաթվա հետ հերթով հանվում էին։

Պաս պապի ու Ուտիս տատի կռիվը

Ազգագրագետի հետ հանդիպեցինք դպրոցականների, որոնց Վանուհին ներկայացնելու էր Բարեկենդանից Ծաղկազարդ ընկած ժամանակահատվածը։

Բարեկենդանից Ծաղկազարդ ճանապարհը

Ծաղկազարդի գլխավոր արարողությունը տեղի էր ունենում շաբաթ երեկոյան․ամբողջ գյուղը դուրս էր գալիս տներից՝ երեկոյան ժամերգության մասնակցելու համար. սա սովորական ժամերգությունից տարբերվող արարողություն էր՝ բավական աղմկոտ ու ճոխ։ Արարողության ժամանակ օրհնվում էին ուռենու ճյուղերը, որոնք ունեին չարխափան նշանակություն։ Մարդիկ ճյուղերը տանում էին տուն, կախում շեմին, իջեցնում խնոցու մեջ, դնում էին ամբարներում, որ առատություն լինի։

Նախաքրիստոնեական շրջանում Ծաղկազարդին մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ անձրև էին խնդրում։ Անձրևաբեր ծեսն ունի հատուկ տիկինիկ, որն ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն։ Երեխաները Ծաղկազարդի կիրակի օրը խաղում են Նուրի–նուրի ու անձրև խնդրում։

Նուրի նուրի

Ծաղկազարդը նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին, ծաղկունքին, բնությանը։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Ծաղկազարդին անպայման պետք է ծառ զարդարել:

Հայեցին փոդքաստ է հայկականության մասին

«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Անահիտ Բեկյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button