Հայեցի

Հայեցի. Զատիկ | #2

Գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին  նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  Զատիկը։ Սա Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը համարում է, որ Քրիստոսի հրաշափառ Հարությունը քրիստոնեության առանցքն է, որի շուրջ կառուցված է ամբողջ գաղափարախոսությունը։ Սա նշանակում է, որ տոնի գաղափարական հենքն իմանալն ու դրանով առաջնորդվելն անչափ կարևոր է։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի համար, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության տոներին: Պատարագի վերջում մարդիկ խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում տուն՝ լուսավորելու համար աշխարհը Քրիստոսի լույսով: Պատարագի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Անչափ գրավիչ է նաև տոնի ժողովրդական ընկալումը։ Թեպետ Զատիկը մեծ ժողովրդականություն է վայելում՝ ազգագրագետ Վահե Քոթանյանը կարծում է, որ մենք ժամանակի հետ կորցրել ենք տոնին հատուկ ծիսաբանական, խորհդրապատկերային բովանդակությունը։ Հետաքրքրական է տոնի ու զատիկ բառի կապը, որը ներկայացնում է ազգագրագետը՝ վկայակոչելով ավանդազրույցներն ու Հին Կտակարանը:

Զատիկ անվան ծագումը

Ավանդույթները փոխանցելու ամենալավ տարբերակը դրանք երեխաներին սովորեցնելն է։ Տոնի ծիսակարգում կարևոր դեր ունեն զատկական երգերը, խաղերն ու ասիկները։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երաժշտության դասավանդող, մշակութաբան Սեդա Թևանյանը վստահ է, որ իր սաները դրանք սիրով ու ոգևորությամբ են սովորում ու կատարում։

Զատկական երգեր

Տոնի ծիսական հիմքում կա հավկիթի գաղափարը: Գրիգոր Տաթևացին, բացատրելով ձվի սիմվոլիկան, ասում է, որ այն աշխարհի մանրակերտն է: Զատկին ձուն ներկում ենք կարմիր ի նշան Քրիստոսի արյան, որ հեղվեց և փրկեց աշխարհը մեղքից:

«Վարը վարենկ» նախաձեռնության երիտասարդների հետ գնացինք Մեղրաձոր գյուղ՝ ավանդական եղանակով ձու ներկելու։

Ավանդական եղանակով ձու ենք ներկում

Վերցրեցինք տատի ներկած ձվերն ու գնացինք Մեղրաձորի դպրոց՝ զատկական խաղեր խաղալու:

Զատկական խաղեր

Այսպիսով՝ Մեծ Պահքի վերջին շաբաթ օրը երեկոյան հավատացյալները գնում են եկեղեցի՝ մասնակցելու Ճրագալույցի պատարագին: Կիրակի առավոտյան կրկին պատարագ է մատուցվում: Հնում այս օրն ընդունված էր մատաղ անել՝ ունեցածը կիսելու, կարիքավորներին օգնելու գաղափարը կարևորելով: Մատաղի արարողության միջոցով, ասում են, որ կատարվել է նաև յուրատեսակ մարդահամար. մատաղի քանի կտոր միս վերցնում էր ընտանիքը, այդքան էլ մարդ բնակվում էր այդ տանը:

Մատաղի արարողություն

Հնում մարդիկ հավատում էին, որ Զատկի օրը ծնված երեխաները հատուկ շնորհով են օժտված. նրանք կարողանում էին գուշակություններ անել:

Օժտված երեխաներ

Մեծ Պահքի 7 շաբաթներով անցնելով՝ սուրբ Հարության տոնին հասնում ենք մեղքերից զատված ու նորացված: Տեր Կարապետ քահանա Կարապետյանի մի միտքն ինձ համար դարձավ առանցքային՝ մարդը ծնվում է անմահության համար: Դրան, իհարկե, պետք է արժանանալ՝ բարին արարելով ու տարածելով:

Հայեցին փոդքաստ է հայկականության մասին

«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ: Հատուկ շնորհակալություն վարվորներ Քրիստինեին, Արամեին և Տիգրանին:

Անահիտ Բեկյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button