Մանկության ամենաթաց ուրախությանը այս անգամ նայելու ենք այլ տեսանկյունից։ Յուրաքանչյուր սովորություն ունի իր արմատները, որոնք կարող են կապվել հոգևոր կամ ժողովրդական գաղափարների հետ ու նշանակել շատ ավելին, քան պատկերացնում ենք։
Վարդավառը, բնավ, կապ չունի վարդերի հետ, կամ գուցե միայն վարդաջրի դեպքում։ Բառն առաջացել է ՈՒԱՐԴ՝ ջուր, և ՎԱՌ՝ լվանալ, գրաբարյան արմատներից, նշանակում է ջրցանություն։
Տոնը միայն զովանալու ու թարմանալու համար չէ։ Առհասարակ տոնածիսական համակարգը կառուցված է այնպես, որ կենսակերպի մի մասը դառնա ու իրագործի իր հիմնական գործառույթը՝ լիցքաթափել և լիցքավորել։ Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Կարինե Բազեյանը ավելի լավ կասի՝ ինչ է տոնը։
Ջրցանության խորհուրդը սկզբում կապվում է ջրի պաշտամունքի հետ, ապա, եթե նայենք հոգևոր տեսանկյունից, Նոյի հետ։ Ջրհեղեղից ազատվելու հիշատակը վառ պահելու համարն Նոյն առաջարկեց իր զավակներին ջուր լցնել իրար վրա:
Կենաց ծառին ծանոթ եք, չէ՞։ Վարդավառն էլ իր ծառն ունի, անունը՝ Խնդում։ Այն զարդարված էր վարունգներով, խնձորներով ու վարդերով, որոնք խորհրդանշում էին կանանց ու տղամարդկանց։

Եթե Խնդումի բարիքներից ձեզ էլ բաժին հասնի, ուրեմն հաստատ բախտավոր եք լինելու։ Տոնն ենթադրում էր ծանոթություններ՝ ամենաանկեղծ ու ազատ ձևով։ Չխոսկանության ու սահմանափակ իրավունքների շրջանում սա լավագույն միջոցն էր քո սրտով կողակից գտնելու համար։ Հիմա էլ, կարծես, շատ բան չի փոխվել, մարդիկ ծանոթանում և սիրահարվում են առցանց՝ առանց իրար տեսնելու ու ճանաչելու։ Ավանդական տոների այդ հատվածն էլ վերափոխվել է երգերի, խաղերի ու կատակների։

Վարդավառի հոգևոր խորհուրդը միայն Նոյի պատմությունը չէ։ Զատկին
հաջորդող 14-րդ կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Պայծառակերպության կամ
Այլակերպության տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անվամբ: Հայկականությունը բազմաշերտ է, հետաքրքիր ու անվերջ բացահայտվող։ Շատ կարևոր է այդ ճանապարհին չմերժել մասնիկներից որևէ մեկը, այլ ուսումնասիրել ու սիրել ազգայինը ամբողջության մեջ։ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշում է այս շերտերից մի քանիսը․
Վարդավառը ուրախության, կերուխումի, երգ ու պարի տոն է՝ լի վարդերով, ծաղիկներով, ջրով ու սիրով։ Յուրաքանչյուր տոն հնարավորություն է ինքդ քեզ, հայրենիքիդ ու բնությանը ավելի մոտ լինելու։ Սակայն տոնն ինքնուրույն չի հասնելու մեզ, մենք նույնպես պետք է քայլեր կատարենք, թեկուզ փոքր, բայց համարձակ, որպեսզի հետո ավելի վստահ ասենք, որ մենք ՀԱՅ ենք։
«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային
հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Եվա Մինասյան



