Հայեցի

Հայեցի․ Հայկական ավանդական հարսանիք

Բարև, ես հայ եմ։ Իսկ դու՞․․․

Մենք հաճախ պնդում ենք, թե գիտենք ով է հայը, մեզ հայ ենք համարում, բայց հայկականը չենք ճանաչում։ Չէ-չէ, չեմ մեղադրում, ժամանակներն են այդպիսին, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է։ Այնպես որ ձեռքս պինդ բռնեք ու միասին գնանք մեր բաժին հայկականության հետևից, իսկ լավագույն ճանապարհը ուրախ-զվարթ տոների միջով է անցնում։ 

Դրա համար կանաչ-կարմիր կապեք, ու ձեզ տանեմ հայկական ավանդական հարսանիք։

Հիմա «կանաչ-կարմիր կապել» արտահայտությունն օգտագործում ենք զուգվել-զարդարվել իմաստով, բայց եթե հայացք նետենք ավանդույթին, ապա այս գույներին կհանդիպենք միայն հարսանեկան միջավայրում։ Կանաչ-կարմիր էին կապում հարսին ու փեսային, հետո այս գույներին ավելացնում էին սպիտակն ու մատանիների փոխարեն ապարանջաններ էին անցկացնում նրանց ձեռքերին։ Դե էլ ինչ տոն առանց պարել-ուրախանալու․․․

Խոշ Բիլազիգ — Ոսկե ապարանջան

Ենթադրենք՝ արդեն պատրաստ ենք, բայց հրավիրատոմս չենք ստացել, չէ՞։ Եթե սպասում եք գեղեցիկ թղթի կտորի, շտապեմ ձեզ հուսահատել․ հայկական ավանդական հարսանիքի նույնիսկ հրավերն է յուրօրինակ, երկու տարբերակ կա՝ կամ խնձոր ենք ստանալու խնամիներից, կամ էլ զուռնայի ձայնն է հուշելու, որ տեղ ունենք գնալու։

Այսօր խնձորներ դեռ շատ ենք համտեսելու, այս միրգը զույգի ծանոթությունից մինչև հարսանեկան արարողության ավարտ հետևում է նրանց։ Այս խորհուրդն ավելի պատկերավոր հասկանալու համար հասել ենք Լ․ Ագուլեցու տուն-թանգարան։

Ավանդական հարսանիքի ճանապարհին շատ խաչմերուկներ կան։ Հայաստանն՝ իր բազմադարյա պատմությունով ու մշակույթով, կարող է շփոթեցնող թվալ։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր առանձնահատուկ տոնածիսական համակարգն ու սովորույթները, սակայն կմախքը գրեթե նույնն է․ բոլորին միավորում է սերը, իսկ պսակադրությունը կյանքն ավելի քաղցր է դարձնում։ Սա միայն իմ կարծիքը չէ, տեր Տաճատ Բարսեղյանի խոսքով՝ նույնիսկ աստվածաշնչյան ճշմարտություն է։

Տեր Տաճատ Բարսեղյան

Ժամանակակից աշխարհի տրամաբանության մեջ հարսանիքի ավանդական տարբերակը հաճախ կարող է ապշեցնող թվալ։ Եզնմորթեք ծեսը սթրեսային կլինի բուսակերների համար, իսկ ալյուրմաղեքը գենդերային անհավասարության խորհուրդ կունենա։ Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր ավանդույթ համահունչ ու ներդաշնակ է իր ժամանակներում, և նախընտրելով հարսանիքի այս ձևը՝ զույգը այն հարմարեցնում է իր ժամանակներին։ Մարդաբան Գայանե Շագոյանը առանձնացնում է հարսանիքի 3 տեսակ․

Գայանե Շագոյան

Այնուամենայնիվ կան զույգեր, որոնք կարևորում են ազգայինի պահպանումն ու իրենց օրն ավելի հայկական են դարձնում։ Այդ երկար ճանապարհին չխճճվելու համար օգնության է հասնում «Թոնիր հարսանեկան գյուղը»։ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյանը կազմակերպում են ամեն ինչ՝ արմատների ուսումնասիրությունից մինչև թագվորածառ զարդարելը։

Հայկական ավանդական հարսանիքի ժամանակ յուրաքանչյուրն ունի հատուկ դեր ու կոչում, սակայն այն պետք է վաստակել։ Ոչ միայն ստուգում են հարսի և փեսայի ունակությունները, այլև մակարապետի, կնքահոր ու էլի շատերի։
Կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն ավելի հայեցի դարձնելը կարող է վարակիչ լինել, ինչպես օրինակ՝ Հասմիկի և Աղասիի դեպքում։ Գրեթե 4 օր տևած հարսանիքը զարմացրել է և հյուրերին, և զույգին, իսկ հիշողությունները նրանց հետ են մնացել նույնիսկ նյութեղեն տեսքով ու դարձել են նրանց առօրյայի մի մասը։

Հայկական ավանդական հարսանիքը սկիզբ է դնում հայկական ավանդական ընտանիքի, որ կհիշի ու կպահպանի իր ազգային ինքնությունը, կավելանան ավելի հայեցի զույգերն, ապա ընտանիքներն ու երեխաները, որ վստահ կասեն․

Մենք ՀԱՅ ենք։

«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային

հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Եվա Մինասյան

Ցուցադրել ավելի

Եվա Մինասյան

Ես Եվան եմ, իսկական Եվա` կյանք տվող, ու կյանք եմ տալիս իմ և ձեր բոլոր գաղափարներին: Արևային մի աղջիկ եմ, ով ճամփորդում է ժամանակների ու քաղաքների միջև` բացահայտելով մարդկանց ու կյանքը բոլորովին այլ տեսանկյունից:
Back to top button