Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան

Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչների հետաքրքիր կենսակերպը, կուսական բնությունը, մշակույթն ու հարուստ խոհանոցը գուցե շատերի համար այդպես էլ չբացահայտվեին, եթե Ալեքս Ներսիսյանը հայրենի գյուղի բարիքները զբոսաշրջային ոլորտում այդքան բնական ու գրավիչ չներկայացներ։
Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ալեքսն արտագնա աշխատանքից վերադառնալով որոշեց սոցիալական ցանցերի միջոցով Աղավնավանքում տուրիստական խմբեր հյուրընկալել, ներկայացնել պատմամշակութային վայրերը, արշավներ կազմակերպել Կենու պուրակ արգելավայր և իհարկե ճաշի ընդմիջում գյուղի բնակիչների տներում։ Ալեքսն ասում է՝ Աղավնավանքի գեղատեսիլ բնությունն ու հյուրընկալ բնակիչները զբոսաշրջային ընկերությունների ուշադրությունից չվիրպեցին և ժամանակի ընթացքում գործունեությանը նոր թափ տալու, ընդլայնելու անհրաժեշտություն առաջացավ։

Գինիների համտեսի փոքրիկ սրահից «Աղավնատունը» ընդլայնվեց դառնալով հյուրատուն։ Ալեքսը պատմում է, որ այն կառուցել է էմոցիանալ շրջանում․ 44–օրյա պատերազմից վերադառնալով իր առջև նպատակ էր դրել խթանել գյուղի զարգացմանը։ Ցանկանում էր այնպիսի շինություն կառուցել, որ թռչնի թռիչքի բարձրությունից ներդաշնակ լիներ բնության հետ։ Սկզբում քչերն էին հավատում, որ Աղավնավանքը կարող էր դառնալ զբոսաշրջային վայր, բայց կարճ ժամանակ անց Ալեքսն իր աշխատասիրությամբ բոլորին ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։

Լուսանկարը՝ Ալեքսի ֆեյսբուքյան էջից

«Աղավնատան» տանիքից աղավնիներն անպակաս են։ Պատշգամբներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կենու պուրակ, անտառներ և կոլորիտային գյուղ։ Հյուրատունն ունի 5 սենյակ, որոնց արաստաղներն ապակուց են, պատերը գինով ներկած, ձևավորման մեջ օգտագործել են խաղողի որթեր և կորիզներ։ Այն աշխատավայր է դարձել գյուղի բնակիչների համար, քանի որ  խոհանոցի, սպասարկման, մաքրության և մյուս հարցերով զբաղվում են հենց տեղացիները։  «Աղավնատունը» հայտնի է իր համեղ խոհանոցով, ամենապահնաջվածը խոզի մսով, թթվեցված կաղամբով պատրաստված ուտեստն է։ Ալեքսի խոսքով՝ անտառի բոլոր բարիքներն օգտագործվում են խոհանոցում և գոհացնում թե՛ հայ, թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Հետաքրքիր նիստուկացը, փարթամ բնությունը, համեղ խոհանոցը ներդաշնակ համադրված են փոքրիկ գյուղում։ Ջերմ ու մարդամոտ վերաբերմուքն էլ անտարբեր չի թողնում հյուրերին, քանի որ արագ զարգացող աշխարհում շատերն են կարոտ մարդկային պարզ շփման։

Հյուրատանը կից շարունակում է գործել գինու փոքրիկ արտադրությունը։ Սպիտակ խաղողը՝ համային նուրբ ու յուրահատուկ երանգներով լալվարին, հավաքում են Նոյեմբերյանից, կարմիրը՝ Արմավիրի Բամբակաշատ և Տավուշի Բերդ գյուղերից։

Ալեքսը խորհուրդ տալիս չվախենալ գյուղական միջավայրում նոր գործ սկսելուց․ հեշտ է գնալ լավ վայրում ապրել, բարդ է լավը ստեղծել, եթե ամենքս մեր տեղում աշխատենք կարող ենք հենց մերը շենացնել։

Գործի բերումով հաճախ է Երևանում լինում, բայց քաղաքային եռուզեռը շուտ է հոգնեցնում։ Աղավնավանքի խաղաղությունը մոգական ձգողականություն ունի և չի թողնում հեռու գնալ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button