Երգխոսություն

Երգխոսություն․ Սիրո հասակ

Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։ 

Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։

Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտներից է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ով, ի դեպ, նպաստել է երգի ինքնատիպ հնչողության ձևավորմանը։ Երգը շատ արագ հանրաճանաչություն ձեռք բերեց՝ դառնալով սիրելի մեղեդի շատ ունկնդիրների համար, որոնք տողերի և նոտաների արանքում գտան իրենց սիրային պատմությունների նկարագրությունները: 

Այնուամենայնիվ, եթե երգը մնար բացառապես 80-ականներում, տխուր կլիներ, և կդառնար միայն անցյալի նոստալգիկ մասնիկ: Բարեբախտաբար, սիրո թեման հավերժական է, այն էլ գարնանն արթնացող սիրո։

«Սիրո հասակը» ներկայացվել և վերաիմաստավորվել է տարբեր արտիստների կողմից, յուրաքանչյուրն իր տարբերակով տվել է երգին նոր գույներ։ Արամ MP3-ն թարմ, ժամանակակից շունչ հաղորդեց երգին՝ պահպանելով դրա խորը զգացմունքային և նոստալգիկ տրամադրությունը: 

Fairwind ռոք խումբը նույնպես ներկայացրեց երգը՝ այն մենկաբանելով իրենց բնորոշ ձայնով և էներգիայով: Նրանց տարբերակը կրում էր ավելի դինամիկ, գրեթե ըմբոստ ոգի, որն արտացոլում էր մեր օրերում սիրո արտահայտման մեկ այլ տարբերակ: 

Այժմ, տարիներ անց, երգը շարունակում է իր ճանապարհը՝ կապելով միմյանց սերունդներն ու երաժշտական ​​ոճերը։ Այս Երգխոսությունը Արամ MP3-ի, Fairwind խմբի թմբկահար  Տիգրան Խաչատրյանի և Երվանդ Երզնկյանի հետ է։ Միասին կլսենք և կապրենք սիրո տարբեր հասակները։ 

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button