Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան

Երբևէ փորձե՞լ եք վազելու ընթացքում փողոցից աղբ հավաքել, եթե դեռ ոչ, ապա կարող եք միանալ PLOGGING Armenia–ին։ Հավանաբար, քչերն են լսել այս նախաձեռնության մասին, բայց այն սկիզբ է առել 2016 թվականին Շվեդիայում՝ մարդկանց ուշադրությունն աղոտվածության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրների վրա սևեռելու համար։ Հայաստանում PLOGGING նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին․ առաջին վազքը տեղի է ունեցել Գյումրիում, որին միացել է 500 մասնակից։

Դավիթ Մուրադյանը PLOGGING Armenia–ի հիմնադիրն է․ պատմում է, որ առաջին միջոցառումը հաջողությամբ է անցել, և դրական արձագանքներից ոգեշնչվելով՝ որոշել են այն պարբերական դարձնել։

Առաջին մասնագիտությամբ Դավիթը քաղաքագետ է․ մի տարի կամավորությամբ է զբաղվել Եվրոպայում, վերջին տարիներին էլ IT ոլորտում է աշխատում։ Ասում է ՝ PLOGGING Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, թիմի 5 անդամների համար էլ PLOGGING-ը հոբբիի է դարձել։ Դավիթ չի հաշվել, թե ընհանուր քանի պարկ աղբ է հավաքել, բայց դանդաղ վազքի ընթացքում հասցնում են նաև տեսակավորել թափոնները։ Համագործակցում են Երևանի և մարզերի համայնքապետարանների հետ, գունավոր տոպրակներով տեսակավորված թուղթը, ապակին, պլաստիկը հանձննում վերամշակման։

Հայաստանում բնապահպանական խնդիրները շատ են, բայց օդի ու աղբի աղտոտվածությունը ամենահրատապն է։ Դավիթը ցավով նկատում է՝ Երևանում աղտոտվածությունն ամենաշատն է, ու գերակշռողը պլաստիկե տարաններն են, պոլիէթիլենային տոպրակները։ Հրազդանի կիրճում հաճախ են աղբ հավաքում, բայց մեկ ամիս անց նույն տարածքը կրկին աղբանոցի է վերածվում։ Ոչ միայն աղբ են հավաքում, այլև ամսվա ընթացքում իրազեկման սեմինարներ, դասընթացներ անցկացնում՝ առողջ ու մարքուր ապրելակերպի մշակույթը տարածելու և ապագայում կայուն միջավայր ունենալու նպատակով։

Դավիթը ցանկանում է նման նախաձեռնություններով փոխել մարդկանց անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ և ցույց տալ, որ ոչ թե աղբ հավաքելն է ամոթ, այլ ՝ թափելը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button