Ստարտափ Հայաստան

Ծրագրավորումից նկարչություն մեկ քայլ է, իսկ նկարչությունից բիզնես՝ մի քանի համարձակ քայլ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիլիթ Հակոբյանը մասնագիտությամբ ծրագրավորող է։ Արվեստի բնագավառից հեռու մասնագիտությունը, սակայն, Լիլիթը շատ է սիրում։ Արվեստի հետ սկսել է ծանոթանալ դեռ վաղ ժամանակներից, նկարում էր և վաճառում նկարները։ Լիլիթի հետաքրքրություններին գումարվել է նաև սպորտը, այդպես կարողանում է փախչել իրականությունից, հանգստանալ ու թեթևանալ, բայց ամենալավ ու արդյունավետ միջոցը շարֆերի վրա ստեղծագործելն է։ Տարիների ընթացքում Լիլիթը մասնագիտանում է ծրագրավորման ոլորտում, ամբողջ ժամանակն ու էներգիան տալիս այդ աշխատանքին։ Արդեն քիչ ժամանակ էր ունենում նկարելու համար, և վաճառելու փոխարեն պարզապես նկարում էր։ Դա առաջին հղիության ժամանակ։ Երկրորդ հղիությունը Լիլիթի համար ստեղծագործական շատ դռներ բացեց։ Մուսայի պակաս չկար, մարդիկ էլ «պահանջում» էին նրա ձեռքով պատրաստված շարֆերը։

Սզբից Լիլիթը միայն նկարում էր մետաքսե կտորների վրա, հետո հասկացավ, որ բարձր գնի պատճառով դրանք քիչ են վաճառվում, սկսեց նաև իր նկարածները տպագրել։ Երկու երեխաների մայրիկը համոզված է, որ եթե ցանկություն ունես, հաստատ հասցնելու ես ամեն ինչ, դա գերբնական ուժ է, որը հատուկ է միայն մայրիկներին։ Աշխատում է հիմնականում գիշերները, բայց սիրով ու սրտանց է պատրաստում յուրաքանչյուր պատվեր։ Բիզնեսում ունեցած ձախողումների մասին Լիլիթը չի խոսում, նախընտրում է լուռ շտկել դրանք։ 

Լիլիթի ապագայի ծրագրերը կապված են արտահանման հետ։ Ճիշտ է, այդ ուղղությամբ քայլերից միայն մեկն է արել՝ սոցցանցերի էջերում նաև անգլիատառ գրելը, բայց վստահ է, որ հաջողելու է։

Ցուցադրել ավելի
Back to top button