Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյունավետ տարբերակ։ Արհեստական բանականությամբ աշխատող սարքին ժեստերի լեզուն սովորեցրել է մասնագետը։ Ճիշտ է դեռ նեղ է թարգմանության շրջանակը, բայց մի քանի ամսվա ընթացքում այն կկատարելագործեն։ Սարքը կարժենա 40– 50 դոլար:

Թեև Tiny–ին ձևավորվել է մի քանի ամիս առաջ, բայց առաջին նախագծի գաղափարը դեռ մեկ տարի առաջ ունեին։ Երիտասարդները մեկ այլ նախագիծ էլ են պատրաստվում առաջիկայում ներկայացնել, այն դեռ գաղափարի փուլում է և Արփինեն չի ցանկանում բացել փակագծերը, բայց ասում է ՝ արհեստական բանականությունն օգտագործելով կփորձեն հեշտացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։


